«Հանցավոր» խմբի գործով մեղադրվող Ապարի ինքնազգացողությունը դատարանում վատացել է, շտապօգնություն է հրավիրվել

2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալ, ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանի ինքնազգացողությունն այսօր վատացել է, նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան։ Այս մասին հայտնեց նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը։ Էդուարդ Ներսիսյանը, ով հայտնի է Ապար մականվամբ, դեռևս 2016թ. օգոստոս ամսին կաթված է ստացել, ունի առողջական այլ խնդիրներ: Նա առ այսօր գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ բժիշկների հսկողության ներքո։

Նրա պաշտպանը հայտնեց, որ միջնորդություն է ներկայացվել՝ Էդվարդ Ներսիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ. պաշտպանական կողմը միջնորդել է ընտրել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոց, դրա անհնարինության դեպքում՝ գրավ կիրառել։ Ըստ պաշտպանի՝ երկու անգամ նման միջնորդություն է արվել, սակայն դատարանը քննության առարկա չի դարձնում միջնորդությունը՝ ձգձգվող դատական նիստերի պատճառով։ «8 ամիս չենք կարողանում հասնել նրան, որ քննարկվի խափանման միջոցների հարցը»,- ասաց նա։

Նշենք, որ այս գործով դատական նիստի ընթացքում մեղադրող Արամ Արամյանը միջնորդեց դատական սանկցիա կիրառել Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմելով Փաստաբանների պալատ. նա նշեց, որ Հայկ Ալումյանն առանց նախագահողի թույլտվության՝ լքել է դատական նիստերի դահլիճը։

Պաշտպան Արմինե Ֆանյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանը դատական նիստերի դահլիճից հեռացված ամբաստանյալին կարող է մինչ իր կողմից սահմանված ժամկետի լրանալը վերադարձնել դատական նիստերի դահլիճ։ Նա նշեց, որ Հայկ Ալումյանը դատարանի շենքում է, միջնորդեց Վահան Շիրխանյանին վերադարձնել նիստերի դահլիճ՝ մինչ դատարանի կողմից սահմանված ժամկետի լրանալը, նիստը շարունակվի բնականոն կարգով, քանի որ գործով ամբաստանյալների մի մասն էլ անազատության մեջ են։ Պաշտպան Սյուզաննա Խչեյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ Հայկ Ալումյանի բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրա պաշտպանյալի նկատմամբ սանկցիա է կիրառված, և պաշտպանը դատական նիստին մասնակցելու հանձնարարություն չունի։ Դատավորն ասաց, որ, երբ Հայկ Ալումյանը կներկայանա և նման միջնորդություն կներկայացնի, դատարանը կքննարկի այն, Վահան Շիրխանյանը նրա պաշտպանյալը չէ, միջնորդությունը չի կարող քննարկվել. «Առանց իրենց չենք կարող քննարկել ձեր միջնորդությունը»։ Փաստաբաններն էլ նկատեցին, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է քննարկվի մեղադրողի միջնորդությունը։ Այնուամենայնիվ, դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը և որոշում կայացրեց դիմել Փաստաբանների պալատ։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 21-ին։

Տեսանյութեր

Լրահոս