ԵՄ-ն ուզո՞ւմ է Արցախին տեսնել իր կազմում
Այսօր Հայաստանի ընդհանուր բարեգործական միության Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանից լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք ԵՄ-ն ուզո՞ւմ է Արցախին տեսնել իր կազմում:
Հիշեցնենք, որ ՀԸԲՄ-ն մեկնարկել է ստորագրահավաք-արշավ՝ կոչ անելով Եվրամիությանը և Եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Արցախի ժողովրդի կյանքում:
«ԵՄ-ն դեռևս Արցախի նկատմամբ քաղաքականություն չունի, ունեն մի ծրագիր, որը տարեկան որոշակի բյուջե ունի, և հիմնականում երկու ժողովուրդների միջև համագործակցություններ ստեղծելու համար է: Այդ ծրագիրը չի փոխարինում որևէ քաղաքականության, ԵՄ-ն պետք է ունենա հստակ քաղաքականություն Արցախի նկատմամբ»,- ի պատասխան՝ ասաց Ն. Դավիթյանը:
Նա նշեց, որ իրենք ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներից հետաքրքրվել են, թե ի՞նչն է պատճառը, որ ԵՄ-ն ծրագրեր չի իրականացնում Արցախում: Ի պատասխան՝ իրենց ասել են, որ ԵՄ-ն կսկսի գործել Ղարաբաղում, երբ լինի խաղաղության համաձայնագիր: Ն. Դավիթյանը դա արդար չի համարում, քանի որ, ըստ նրա՝ կան այլ չճանաչված պետություններ, որտեղ ԵՄ-ն տարբեր ծրագրեր է իրականացնում: