«Պատրաստվեք պատերազմի, որպեսզի պատերազմ չլինի». Վարդան Խաչատրյան

Հասարակական-քաղաքական գործիչ, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ՝ Ադբեջանի կատարած վերափոխումները, տնտեսության նոր հատվածների ձևավորումը՝ ռազմական արդյունաբերության առումով, երկիրը ռազմական ռացիայի տեղափոխելը, ինչպես նաև բանակի հոգեբանական պատրաստությունը տանում են նրան, որ իրենք պատերազմական գործողությունների ունակ լինեն: Եվ մտածելը, թե այդ զանգվածային գործընթացներն արվում են հենց այնպես՝ ձևի համար, ամենամեծ սխալը կլինի:

«Ամեն անգամ, երբ խոսում ենք նրա մասին, թե պատերազմ կլինի՞, թե՞ չէ, պետք է հիշենք Չեխովի այս խոսքը. եթե թատերական ներկայացման ժամանակ պատից կախած է հրացանը, ապա մինչև ներկայացման ավարտն այդ հրացանը պետք է կրակի: Հիմա Ադրբեջանը զինվում է ու զինվում է բացառիկ տեմպերով, խոսքը վերաբերում է բոլոր տեսակի զինատեսակներին՝ հրթիռներին, արկերին, որոնք արձակելու է պատերազմի ժամանակ: Նա իրականացնում է ֆունդամենտալ անցում, սա հենց այնպես չի արվում, այդ գործընթացը կավարտվի եկող տարի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց բանախոսը:

Վարդան Խաչատրյանի խոսքով՝ սա տվյալ երկրի համար բավականին ծանրակշիռ ու ծախսատար ծրագիր է: Այս ամենը չի արվում նրա համար, որ ինչ-որ մեկը խոսի կամ գրի դրա մասին:

Բանախոսը նշեց, որ Ադրբեջանն արդեն ունի դրական ինչ-որ փորձ, ինչը մինչ այդ չկար: Նրա կարծիքով՝ որքան էլ մեզ հույս էինք տալիս, որ չի լինելու պատերազմ, բայց, այնուամենայնիվ, այն եղավ.

«Պատերազմից հետո զարգացումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը պատերազմը սկսել է ոչ թե կանաչ լույս ստանալով աշխարհի ուժային կենտրոնում, այլ ստանալով ընդամենը դեղին լույս, որից հետո թեև պարզ չէր՝ կարմի՞րը կվառվի, թե՞ կանաչը, բայց, այնուամենայնիվ, նա գնաց այդ ռիսկին»:

Վարդան Խաչատրյանն այս իրավիճակից դուրս գալու համար առաջարկում է «համայն հայոց հնարավորությունները և պոտենցիալը մաքսիմալ արագ մեկտեղել»: Նրա կարծիքով՝ պետք է կազմել մի ծրագիր, որն իր մեջ կներառի, թե օր առ օր ինչ է լինելու և ինչ պետք է անել: Եթե նկատելի է, որ չենք պատրաստվում պատերազմի, ուրեմն կարող ենք ասել, որ պատերազմը լինելու է անխուսափելիորեն: «Պատրաստվեք պատերազմի, որպեսզի պատերազմ չլինի»,- շեշտեց Վարդան Խաչատրյանը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս