Թրամփը մասնակցել է Բաստիլի օրվան նվիրված զորահանդեսին
Դոնալդ Թրամփն իր կնոջ՝ Մելանիայի հետ ժամանել է Ելիսեյան պալատ՝ մասնակցելու Բաստիլի օրվան նվիրված զորահանդեսին: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:
ԱՄՆ նախագահը տոնակատարությանը մասնակցում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական հրավերով: Նույն օրը նշվում է նաև ԱՄՆ մուտքն Առաջին համաշխարհային պատերազմ:
Տոնակատարությանը մասնակցում են հազարավոր զինվորականներ, և այն անց է կացվում խիստ հսկողության ներքո:
Զորահանդեսից հետո Թրամփը կվերադառնա ԱՄՆ:
Բաստիլը բանտ-ամրոց է եղել Ֆրանսիայում՝ կառուցված դեռևս 14-րդ դարում: Այն նախատեսված է եղել հիմնականում քաղաքական բանտարկյալների համար: Գրեթե չորս դար հանդիսացել է Ֆրանսիայի միապետական իշխանության խորհրդանիշը: Սակայն 1789 թվականին հուլիսի 14-ին ամրոցը գրավել են միապետի իշխանության դեմ ելած ապստամբները՝ սկիզբ դնելով ֆրանսիական հեղափոխությանը: Սկսած 1880 թվականից Բաստիլի գրավման օրը Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն՝ ի նշան բռնապետության դեմ հաղթանակի և երկրում հանրապետական կարգերի հաստատման: