Չկա տերմինալ, մի վճարեք կարմիր գծերի համար. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը պատրաստ է անվճար իրավաբանական աջակցություն տալ այն վարորդներին, որոնք Երևան քաղաքի «կարմիր գծեր» կոչվող ավտոկայանատեղիներում կկայանեն իրենց մեքենաները և վճարահաշվարկային տերմինալներ չհանդիպելու դեպքում չեն վճարի ավտոկայանտեղիի տուրքը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց կազմակերպության հիմնադիր անդամ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը՝ անդրադառնալով «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության այն հայտարարությանը, որի համաձայն՝ օգոստոսի 1-ից թանկանալու է կայանատեղիի գումարը բջջային օպերատորների կողմից պահանջվող միջնորդավճարի հաշվին:
«Եղել են դեպքեր, որ վարորդի բջջային հեռախոսում բավարար միջոցներ չեն եղել, երեկոյան 10-ից 11-ն ընկած միջակայքում նա չի կարողացել վճարում կատարել, քանի որ բացակայել են նաեւ տերմինալները: Հիմնականում մենք հորդորել ենք չվճարել, օգնել ենք և օգնում ենք բողոքարկման գործընթացում: Նախորդ տարի, ընդհանուր առմամբ 5 հազար բողոքարկում է եղել ավտոկայանատեղիների հետ կապված, որից 3800-ը բավարարվել է, մենք դրանից մի քանի հարյուրն ենք ներկայացրել»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանն ու նշեց, որ իրենց հիմնադրած կազմակերպության թե՛ վերադաս կարգով, թե՛ դատական կարգով ներկայացրած բողոքները գրեթե անխտիր բավարարվում են:
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, որ Երևանում վճարովի ավտոկայանատեղիների հարեւանությամբ արդեն իսկ 300 տերմինալ է տեղադրվել: Երևանի ավագանու անդամը չի վիճարկում փոխքաղաքապետի ներկայացրած թիվը, սակայն պնդում է, որ ավտոկայանատեղիների մոտ 50 տոկոսի հարևանությամբ վճարահաշվարկային տերմինալներ տեղակայված չեն»։
Լուսանկարը՝ armtimes.com-ի
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։