Հայաստանի հյուրանոցներից պակասել է կիսալյուքս համարների թիվը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու տարվա մեջ Հայաստանում հյուրանոցային տնտեսությունների թիվը ավելացել է 142-ով՝ 409-ից դառնալով 551, որից 302-ը տեղակայված են մայրաքաղաքում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից:

Ընդհանուր առմամբ նշված 551 հյուրանոցային տնտեսություններում 2016 թ. դրությամբ գործում է 8 հազար 523 հյուրանոցային օգտագործման համար, որից 3 հազար 906-ը Երևանում: Հայաստանում հյուրանոցային սենյակների դասակարգման չորս տարբերակ կա՝ շքասենյակ, լյուքս, կիսալյուքս և սովորական: Եվ եթե նայենք վիճակագրությանը, ապա անցած երկու տարիների ընթացքում շքասենյակների թիվն ավելացել է ընդամենը 7-ով: Այս պահին դրանք 208-ն են, որից 89-ը գտնվում են մայրաքաղաքում:

Լյուքս հաքմարների քանակը ավելի քան չորս անգամ գերազանցում է նախորդին, այն կազմում է 842: Ի դեպ, սրանց թիվը դեռեւս 2014 թ. կազմում էր 689: Ավելացվել է նաև սովորական համարների թիվը. երկու տարվա ընթացքում ավելի քան 1600-ով: Բայց միաժամանակ նվազել է կիսալյուքս համարների թիվը: Եթե 2014թ. ունեցել ենք 2 հազար 423 նմանատիպ համար, ապա արդեն 2016թ.՝ 1764: Ընդ որում այս թիվը դեռ կարելի է դրական համարել, քանի որ 2015թ. այն ավելի քիչ էր և կազմում էր 1524:

Սրանից մեկ հետևություն կարելի է անել՝ տնտեսվարողները հասկացել են, որ մեր երկրում մարդիկ կամ ճոխ սենյակ են ուզում կամ էլ գումարի սղության պատճառով՝ նվազագույն հնարավորություններ ունեցող սենյակներից են օգտվում: Ըստ վիճակագրության՝ 2016թ. հյուրանոցային տնտեսությունում աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը կազմել է 3 հազար 365, իսկ սրանից երկու տարի առաջ այն կազմել է 2 հազար 927: Այդ ավելի քան 3 հազար աշխատողների մեծ մասը՝ 2 հազար 592-ը, աշխատում է Երևանում:

Ուսումնասիրությունը թվեր է պարունակում նաեւ հյուրանոցային տնտեսությունների հասույթի վերաբերյալ: Ըստ այդմ 2014թ. հայաստանյան բոլոր հյուրանոցային տնտեսությունները միասին ունեցել են 18 միլիարդ 937 միլիոն դրամի հասույթ: Արդեն մեկ տարի անց՝ 2015թ., 22 միլիարդ 127 հազար դրամ, իսկ նախորդ տարվա տվյալներով այդ թիվը շատ չի փոփոխվել և կազմել է 22 միլիարդ 960 միլիոն դրամ, որից էլ միայն 18 միլիարդ 577 միլիոն դրամը բաժին է հասել Երևանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս