«Կարո՞ղ է՝ մենք ենք մեղավոր, որ այստեղ ենք». «Սասնա ծռերի» գործով ինքնաբացարկ՝ դատավորին
«Սասնա ծռեր» խմբավորման գործով դատական նիստի ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Փաստաբանը նշեց, որ դատավորը չի ղեկավարվում Քրեական դատավարության օրենսգրքով: Նրա խոսքով՝ դատարանը չքննարկվեց միջնորդությունը, որը վերաբերում էր ամբաստանյալներին դատարանի դահլիճ բերելուն:
«Դուք այն դատավորն եք, որի օրոք և որի նախագահությամբ ընթացող դատական նիստի ընթացքում, արդեն դատարանի դահլիճից դուրս բերելիս՝ խոշտանգում է տեղի ունեցել ամբաստանյաների նկատմամբ, որը շարունակվել է հետագայում արդեն այլ տեղում, բայց դատարանի շենքում, և նրանց ձայները լսելի են եղել, այն աստիճանի լսելի, որ պաշտպանները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից համապատասխան աշխատակիցների են հրավիրել, իսկ Դուք ընդհանրապես չեք ցանկացել ոչ լսել, ոչ տեսնել ու ոչ էլ միջամտել: Այսինքն՝ Դուք այն դատավորն եք, որն ուղղակի չի կարողանում կառավարել այս դատարանը և չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Նա նշեց, որ դատական նիստի ընթացքում ամբաստանյալը չի կարողացել նամակը փոխանցել իր պաշտպանյալին.
«Դա, չգիտես՝ ինչ ուղիներ անցնելուց հետո, հայտնվել է Ձեր ձեռքում: Ավելին՝ հետագայում նաև հրապարակվել է այդ նամակի բովանդակությունը: Սա փաստաբանական գաղտնիք է, և այդ փաստաբանական գաղտնիքը հրապարակելու իրավունք չուներ որևէ մեկը: Որևէ մեկը նույնիսկ իրավունք չուներ ծանոթանալու, թե ինչ է գրված դրա մեջ, որ հետո էլ սկսեին բովանդակություն քննարկել»:
Բացի այդ՝ Լուսինե Սահակյանն ասաց, որ դատավորը պաշտպանական իրավունքի խախտում է թույլ տալիս, քանի որ առանց պաշտպանի դատավարություն է անցկացնում՝ նշելով, թե պաշտպանը դեռ ներգրավված չէ, բայց դրա հետ մեկտեղ՝ սանկցիա է կիրառում պաշտպանի նկատմամբ:
Լուսինե Սահակյանը նշեց, որ քիչ առաջ փաստաբան Երվանդ Վարոսյանը դատարանին դիմում ներկայացրեց՝ նշելով, որ զբաղվածություն ունի, դատարանը ճիշտ որոշում կայացրեց՝ նշելով, որ, քանի որ Սեդրակ Նազարյանն ու Էդուարդ Գրիգորյանն այլ պաշտպան ունեն, նրանց պաշտպանության իրավունքը խախտված չէ, դատական նիստը շարունակվում է:
«Այո´, նրանց պաշտպանության իրավունքը խախտված չէ, և դատարանն այդքանը գիտակցում է, որ ամբաստանյալի կողքին պետք է պաշտպան լինի: Բա Դուք հիմա չե՞ք տեսնում, որ առնվազն մեկ ամբաստանյալի հետ ընդհանրապես պաշտպան չկա. Հայկ Ալումյանը տվյալ ամբաստանյալի միակ պաշտպանն է, բայց Դուք նրա բացակայությամբ շարունակում եք նրա պաշտպանական իրավունքի խախտմամբ դատավարություն վարել, ինչը ևս անթույլատրելի է»,- ասաց Լուսինե Սահակյանը:
«Ես կարող էի հիմա բազմաթիվ խախտումներ նշել, բայց դրանք այնքան շատ են: Իմ կարծիքով՝ առնվազն այսքանը բավարար է, որ Դուք ինքնաբացարկ հայտնեք և գնաք: Խախտումները նշելով՝ կարող ենք երկու եզրահանգման գալ. Կա՛մ դատարանը չի տիրապետում օրենսդրությանը, ուստի այս գործով չի կարող դատավոր հանդիսանալ, կա՛մ տիրապում է օրենսդրությանը, և նկատի ունենալով, որ ինքն այս գործով անկողմնակալ, անկախ չէ, ստիպված խախտում է թույլ տալիս: Ուստի այս դեպքում ևս Դուք ենթակա եք ինքնաբացարկման:
Ես հակված եմ երկրորդ դեպքին, որովհետև գիտեմ Ձեր գիտելիքները, գիտեմ, որ Դուք քրեական դատավարության օրենսդրությանն առնվազն տիրապետում եք, գիտեմ, որ շատ լավ հասկանում եք՝ ինչ բան է պաշտպանական իրավունք, երբ է պաշտպանը ներգրավվում, երբ չի ներգրավվում, և այլն, բայց Դուք այս խախտումները թույլ եք տալիս: Ուստի ես Ձեզ խնդրում եմ հարգել մեր ինքնաբացարկի միջնորդությունը, թույլ տաք, որպեսզի այլ դատավոր գա, վարի այս գործը: Անկեղծ ասեմ՝ չեմ հավատում, որ ՀՀ-ում կգտնվի մի դատավոր, ով այս գործն անկախ ու անկողմնակալ կքննի, բայց եթե Դուք արդեն իսկ հիմնավորել եք Ձեր նախագահությամբ, որ հաստատ այն դատավորը չեք, ով կարող է անկախ և անկողմնակալ լինել այս գործով, ուստի Ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ենք հայտնում»,- հավելեց պաշտպանը: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը՝ ավելացնելով նաև այլ հիմքեր:
Երբ կրկին անդրադարձ եղավ հեռացված ամբաստանյալներին դահլիճ բերելուն, Պավել Մանուկյանն ասաց. «Կարո՞ղ է՝ մենք ենք մեղավոր, որ այստեղ ենք: Ամեն ինչ գալիս է նրանից, որ չենք վստահում: Եթե դուք իրոք արդարադատության ջատագով եք, հենց միանգամից ձեռքդ կխփեիր սեղանին ու այս գործը կկարճեիր»:
Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: