
Հակառակորդը հրետակոծել է Կոթիում արտհունձ անող մարդկանց և տեխնիկայի ուղղությամբ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 9-ին՝ ժամը 13-ի սահմաններում, հակառակորդը հրետակոծության է ենթարկել Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի արտերը՝ թիրախավորելով այնտեղ աշխատող տեխնիկան:
«Դաշտում արտհունձ կատարելու ժամանակ ադրբեջանական դիրքերից կրակահերթ է եղել տեխնիկայի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չունենք: Որոշ ժամանակ դադարից հետո արտհունձը շարունակվել է»,- մեզ հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը:
Կրակահերթը եղել է խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից: «Ինչ վերաբերում է հաճախականությանը, բնականաբար, հենց դաշտերում աշխատանքները ակտիվանում են, միշտ էլ այդ տենդենցը լինում է. այս կամ այն ժամանակահատվածում փորձում են խանգարել, խոչընդոտել»,- ասաց գյուղապետը:
Նա ենթադրեց, որ տվյալ դեպքում հակառակորդի կարճաժամկետ նպատակն է փորձել գյուղացուն հնարավորինս զրկել ապրուստի միջոցից, իսկ երկարաժամկետ նպատակն, իհարկե, հայ ազգը, որպես էթնիկ միավորի, աշխարհի երեսից վերացնելն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։