Ո՞րն է ամուսնության բուն էությունը
– Ո՞րն է ամուսնության բուն էությունը:
– Ամուսնության էությունը ոչ թե մարմինների խառնակությունն է, այլ հոգիների միավորումը, որը մշտնջենավոր կապակցություն է՝ տղամարդու և կնոջ միջև ծագած փոխադարձ համաձայնությունից: Ամուսնության իսկությունը չի կապվում մարմինների զուգավորության հետ: Այսպես ուսուցանում են աստվածաբանները: Եթե կամենում ես՝ ընդարձակ մեկնեմ ամուսնության էությունը և բանական կամ քաղաքական դաշնակցություն լինելով՝ բացատրեմ, թե ինչի վրա է հիմնվում:
Ամուսնությունը երկու կերպ է լինում. մեկը կոչվում է Լինելիք (Յեղանիլն), իսկ մյուսը՝ Եղող (Յեղեալ գոլ): Լինելիք կոչվածն ամուսնությունը սկսելն է, Եղողը՝ կատարելը: Ամուսնության էությունը, ըստ որում՝ «Յեղանելը», կայանում է երկու ամուսնացողների, այսինքն՝ տղամարդու և կնոջ օրինավոր և բացահայտ համաձայնությամբ՝ միմյանց հետ փոխանակած խոստումներով: Բայց ամուսնության էությունը, ըստ որում՝ «Յեղեալ գոլ»-ը կապված չէ ամուսնության նպատակը գործադրելով, մարմինները խառնակելու ցանկության հետ, այլ այն կատարվում է փոխադարձ սուրբ սիրով՝ հոգիների միավորմամբ՝ որպես մի մշտնջենավոր կապակցություն, որ ծնվում է տղամարդու և կնոջ փոխհամաձայնությամբ:
Ահա անհերքելի և ճշմարտագույն վկայություն՝ կանոն և օրինակ քեզ ամենաօրհնյալ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը, որ համարվում է Սուրբ Հովսեփ Աստվածահոր կինը, բայց, ինչպես վկայում են Սուրբ Եկեղեցին և ուղղափառ քրիստոնյա բոլոր ազգերը, միշտ կույս ու անարատ մնաց: Եվ որ համարվում է Սուրբ Հովսեփի կինը, ասում է հրեշտակը. «Հովսե՛փ, Դավթի որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին՝ քո կնոջը» (Մատթ. 1:20):
Այս առիթով Օգոստինոսն այսպես է ասում. «Ո՛չ կորած էր և ո՛չ էլ սուտ էր ամուսին անվանելը. այնտեղ չկար և չէր լինելու մարմինների խառնակություն (մերձեցում)»: Երբ որևէ հարցի շուրջ դաշինք է կնքվում, նրա գործածությունը դաշնության էությունից կախում չունի, այլ երկրորդական և հետևողական երևույթ է կիրառումը: Ինչպես, օրինակ, Պետրոսը Պողոսից մի արտ գնեց: Պետրոսի՝ այն արտի տերը լինելը կախում չուներ նրա՝ արտը վարել-ցանելու հետ, այլ օրենքով գնելով՝ եղել էր արտի իսկական տերը և իշխանություն ունի այն արտն օգտագործելու՝ առանց անիրավության:
Այդպես և ամուսնության դաշինքը կատարվում է տղամարդու և կնոջ՝ փոխադարձաբար մեկմեկու իրենց մարմինների վրա իշխանություն տալով: Թեև ամուսնական պարտականություններն այնուհետև նույնիսկ չգործածեն, դարձյալ մնում են որպես օրինական ամուսին ու կին:
surbzoravor.am