
«Քանի դեռ այդ խնդիրը չի առաջացել՝ հետ կանգնեք այս «փառահեղ» գաղափարից». Նաիրա Զոհրաբյանը՝ քաղաքապետարանին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, քաղաքացիների խնդրանքով՝ իրենք զբաղվելու են «Փարկինգ Սիթի» ծառայության վերջին նորությամբ, այն է՝ կարմիր գծերի մասով SMS հաղորդագրությունների վճարը բարձրացնելու հարցը: Դա, ըստ Զոհրաբյանի՝ անթույլատրելի է: Դիմելով Երևանի քաղաքպետարանին՝ նա հետևյալն ասաց.
«Դուք շատ լավ գիտեք, որ ոչ բոլոր կարմիր գծերի մոտ են տեղադրված տերմինալներ, և հիմնականում մարդիկ վճարումները կատարում են SMS-ով: Մենք ասում ենք՝ հանե՛ք այդ կարմիր գծերը, իսկ դուք ասում եք՝ օգոստոսի 1-ից պետք է կայանման վճարի գինն ավելացնել: Սա լրջագույն խնդիր է առաջացնելու, և քանի դեռ այդ խնդիրը չի առաջացել, հորդորում եմ պատկան կառույցին՝ հետ կանգնել այս «փառահեղ» գաղափարից»: