«ՀՀԿ-ն համոզողների և չհամոզողների ցուցակներ չի գրում». Բաղդասարյանը հակադարձում է ընդդիմությանը

«ՀՀԿ-ն համոզողների և չհամոզողների ցուցակներ չի գրում, և խնդրում եմ՝ մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ դուրս գան այդ կոմպլեքսներից։ Հանրությանը հայտարարում եմ՝ մեր ընդդիմադիր բոլոր գործընկերները ռադիկալ ընդդիմադիրներ են, այսուհետ այդ խոսակցությունը փակենք և սկսենք լուրջ գործով զբաղվել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա նշեց, որ բյուջեի կատարողականի վերաբերյալ կային քննադատական ելույթներ, որոնք մոտ էին «տաֆտալոգիային». «Արդյունքների գնահատումներ կային, որոնք բուտաֆորիային էին մոտ։ Մենք պետք է մի քիչ իրատեսական լինենք։ Մեր երկրի ամենամեծ ցավն այն է, որ յուրաքանչյուրս մեր գործով չենք զբաղվում. տնտեսագետներն իրավաբանական վերլուծություններ են անում, իրավաբանները խորանում են տնտեսագիտության մեջ»։

Բաղդասարյանի խոսքով՝ արտաքին պարտքի հետ կապված՝ իրենք համաձայն են ընդդիմադիրների հետ՝ պետք է վերահսկողությունն ուժեղացնել, որպեսզի այդ գումարներն արդյունավետ օգտագործվեն. «Մենք պատրաստ ենք բոլորի հետ հաշվի նստել, բոլորի քննադատությունները լսել»։

Տեսանյութեր

Լրահոս