
«Շատ երկրներում գործող դեսպանների պաշտոնավարման կամ դիվանագիտական ծառայության ժամկետն ավարտվում է». Արմեն Աշոտյան

«Կան դեսպաններ, որոնց պաշտոնավարման ժամկետները լրացել են: Դիվանագիտական ծառայության մասին օրենքը բավականին առաձգական է ժամկետների հարցում: Որպես կանոն՝ ժամկետը ֆիքսված է, բայց երկարացման հետ կապված հնարավորություններ կան»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով տարածված տեղեկությունները, որ ՀՀ իշխանությունները դժգոհ են դեսպանների աշխատանքից, և փոփոխություններ են սպասվում:
Նա չբացառեց դեսպանների փոփոխությունը, քանի որ շատ երկրներում գործող դեսպանների պաշտոնավարման կամ դիվանագիտական ծառայության ժամկետն ավարտվում է: Դեսպանների աշխատանքից դժգոհության կապակցությամբ Ա. Աշոտյանը նշեց, որ ընդհանրական գնահատական տալ չի կարելի. «Պետք է նայել երկիր առ երկիր, առկա մարտահրավերները, խնդիրները, հատկացված ռեսուրսները, դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքների ծավալը, որակը, ինչպիսի արդյունքներ են գրանցվել, հատկապես` Հայաստանի համար գերակա անվտանգային, արտաքին քաղաքական, ԼՂ հարցերում, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանության ճանաչում, ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում: Սխալ է ընդհանրական գնահատականներ տալ, նույնն է, ինչ հիվանդանոցում հիվանդների ընդհանրական միջին ջերմաստիճան չափեն»: