«ՆԱՏՕ-ն կարող է կարևոր դեր խաղալ հայկական զինուժի արդիականացման հարցում». Մաթիաս Քիսլեր

Այսօր կազմակերպված «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն ասաց, որ իր տպավորությամբ՝ հայաստանյան հանրությունը լավ տեղեկացված չէ ՆԱՏՕ-ի հետ գործակցությունից։

Նախ՝ հիշեցնելով Գերմանիայի պատմությունն ու խոսելով այդ երկրի ներկայիս խնդիրների մասին՝ նա նշեց, որ ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներն այլ են. «Ես համոզված եմ, որ ՆԱՏՕ-ն կարող է կարևոր դեր խաղալ հայկական զինուժի արդիականացման հարցում: Սա հուսալի գործընկեր է, որն իր գործընկերներին ոչինչ չի պարտադրում: ՆԱՏՕ-ն միայն համագործակցություն է առաջարկում»:

Դեսպանը կարևորեց նախորդ տարի Վարշավայում կայացած գագաթաժողովը՝ ընդգծելով, որ այդ ժամանակ հստակեցվեցին իրենց դիրքորոշումներն ու մոտեցումները, մասնավորաբար, ՌԴ-ի նկատմամբ.

«Մենք ցանկանում ենք համագործակցել Ռուսաստանի հետ։ Գնահատելի կլիներ, եթե այս քննարկմանը մասնակցեր նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, որպեսզի հնարավոր լիներ հասկանալ ՌԴ-ի վերաբերմունքը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը»։

Եզրափակելով խոսքը՝ դեսպանը հավելեց. «Հայաստանի դեպքում չկա հակասություն ՀԱՊԿ-ին անդամակցության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջև»:

Տեսանյութեր

Լրահոս