«ՆԱՏՕ-ն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ». Եժի Նովակովսկի

Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին այսօր կազմակերպված «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ հիշեցրեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի՝ նախորդ տարվա հունիս ամսին արված այն հայտարարությունը, թե ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում անակնկալներ չկան։

«Հայաստանը վստահելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար։ Ձեր խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։ Մենք գնահատում ենք դա, մենք հասկանում ենք, որ փոքր երկրի համար դա հեշտ չէ»,- ասաց նա՝ ընդգծելով՝ Հայաստանը եզակի երկիր է, որը ՀԱՊԿ անդամ է, բայց համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ։

Քննարկմանը ներկա ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին էլ ընդգծեց, որ անվտանգությունը կարևորագույն խնդիր է. «ՆԱՏՕ-ն այն կառույցն է, որն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆիզիկապես պաշտպանել իր անդամ յուրաքանչյուր երկրի: Այս կառույցն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ: Մեր նպատակն է կայունության ապահովումը: Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությանը, մենք պատրաստ ենք համագործակցել ընդհանուր արժեքների համար»:

Դեսպանն ընդգծեց, որ կարևոր է ՆԱՏՕ-ի սահմանների շուրջ անվտանգության ապահովումը. «Հարավային Կովկասը շատ մոտ է ՆԱՏՕ-ի սահմաններին: Սա մնում է ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից: Այս իմաստով՝ համագործակցությունը Հայաստանի և մեր գործընկերների հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները, շատ կարևոր է»։

Տեսանյութեր

Լրահոս