ՌԴ ԱԳՆ-ն ԻՊ առաջնորդի մահվան մասին հավելյալ տեղեկություններ չունի
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չունի: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, այս լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դենադի Գատիլովը:
«Հավելյալ տվյալներ չունենք: Սակայն Ալ Բաղդադիի ոչնչացմամբ ահաբեկչության դեմ պայքարը կանգ չի առնում՝ չնայած դա ևս կարևոր ասպեկտ է: Անկախ նրանից՝ ոչնչացված է այդ առաջնորդը, թե ոչ, առաջադրանքը նույնն է մնում՝ արմատախիլ անել Սիրիայից սկիզբ առնող ահաբեկչական սպառնալիքները»,- ասել է Գատիլովը:
Նա շեշտել է, որ Ռուսաստանը ցանկանում է ավելի ամրապնդել միջազգային համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում ու այդ ուղղությամբ ջանքերի կոնսոլիդացման հասնել:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման մասին՝ Ռաքքայում ռուսական ավիացիայի հասցրած ավիահարվածների հետևանքով: Ավիահարվածները ԻՊ-ի հրամանատարական կետին, որտեղ անցել է խմբավորման առաջնորդների խորհրդակցությունը, հասցվել են մայիսի 28-ին: