«Պետք է անպայման հակազդել Ադրբեջանի քարոզչությանը». Արա Մարջանյան
«Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանի համոզմամբ ՝ հոգեբանական պատերազմների կապը ժողովրդագրության հետ անմիջական է։
«Բավարար է բացել ադրբեջանական մամուլը, և կտեսնեք հետևյալ բովանդակությամբ հոդվածներ. «Հայաստանը ամայանում է, օրեցօր թուլանում է, իսկ Ադրբեջանը ամրապնդվում ու ուժեղանում է, ևս մեկ տարի, երկու տարի, Հայաստանից բան չի մնա, մենք կհաղթենք, մեր բոլոր նպատակներին կհասնենք…»։ Սա հանդիսանում է ադրբեջանական պաշտոնական քարոզչական դաշտի հիմնասյուներից առաջինը և կարևորագույնը»,- նկատեց բանախոսը։
Ըստ նրա՝ այդ գործելաոճով Ադրբեջանը ցանկանում է կոտրել հայերի դիմադրողականությունն ու կամքը՝ նպատակ ունենալով սեփական ժողովրդին ապակողմնորոշել՝ ասելով, որ իրենք դարձել են արդեն 9 մլն, 10 մլն, կդառնան 20 մլն և դրանով կլուծեն իրենց բոլոր հարցերը։
Արա Մարջանյանը նշեց, որ գրեթե մեկ շաբաթ առաջ հայտարարվել է, որ ՄԱԿ-ի Ժողովրդագրության դեպարտամենտը նորից բացել է իր գրադարանը, որտեղ մոդելավորում է աշխարհի երկրների ժողովրդագրական վարքը մինչև 2100 թվականը, այդ թվում նաև՝ հարավկովկասյան հանրապետություններինը.
«Եվ ահա այս նորաբաց գրադարանից ծաղկաքաղ արվեցին որոշակի տվյալներ։ Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական մամուլը ողողվեց հոդվածների նոր տարափով։ Բայց այս անգամ պիտի ասեմ, որ ՄԱԿ-ի Ժողովրդագրության դեպարտամենտի նոր տվյալները բավական տարբերվում էին նախորդ տվյալներից։ Եթե 2012թ. նրանք կանխատեսում էին, որ 2100թ. Ադրբեջանում կլինի 20 մլն մարդ, ապա այժմ ասում են՝ 15 մլն մարդ՝ առավելագույն աճի պարագայում, իսկ նվազագույն աճի պարագայում՝ 7 մլն մարդ, հիմա ասում են՝ մոտ 5 մլն մարդ։ Այսինքն՝ մոդելավորման գործընթացն առողջացվել է։ Հայաստանի պարագայում ևս առողջացում է նկատվում։ Մասնավորապես՝ բարձր աճի դեպքում Հայաստանում կլինի 3.5 մլն մարդ, վատթարագույն սցենարի պարագայում՝ 1 մլն մարդ»։
Բանախոսի խոսքով՝ 2012 թ. ՄԱԿ ԺԴ-ի գրադարանը Սուդանի, Սիրիայի, Իրաքի համար ժողովրդագրական դինամիկայի դրական աճ էր ցույց տալիս մինչև 2100 թվականը.
«Բայց այժմ Սուդան գոյություն չունի, հարցականի տակ է Իրաքը, իսկ Սիրիան ապրեց ծանրագույն տարիներ, և ապագան մշուշոտ է: Ուզում եմ ասել, որ աշխարհաքաղաքական անկայունությունների շրջանում կանխատեսումներ անել, թե ի՞նչ կլինի երկրիդ ժողովրդագրական վիճակը 2100 թվականին՝ ծայրահեղ բարդ և նուրբ խնդիր է»։
Պարոն Մարջանյանի համոզմամբ՝ պետք է անպայման հակազդել Ադրբեջանի քարոզչությանը՝ բացահայտելով Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենայի և պաշտոնական գերատեսչությունների տոտալ ֆալսիֆիկացիան թե՛ ժողովրդագրական տվյալների, թե՛ ռազմական բյուջեի, թե՛ իրենց տնտեսական վիճակի վերաբերյալ։
«Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունն ուղղակի զավեշտ է, և դրան պետք է անպայման հակազդել, հետևողականորեն և ի լուր աշխարհի ի ցույց դնել»,- հավելեց բանախոսը։
Նա նկատեց, որ վերջին ամսվա ընթացքում ականատես ենք եղել յուրահատուկ մի երևույթի.
«Առաջին անգամ Հայաստանի իշխանությունն ասաց՝ ես մտահոգված եմ տասնամյակների տևողությամբ իրավիճակը մոդելավորելու, կանխատեսելու և որոշակի քայլել ձեռնարկելու մեջ։ Ես նկատի ունեմ, որ նախագահն իր ելույթում ասաց, թե ինչպես է ինքը տեսնում և ինչպիսին մենք պիտի տեսնենք Հայաստանը 2050թ., 2100թ.։ Թերևս, մեր իշխանությունների ամենալուրջ թերությունն այն էր, որ նրանք երբևիցե երկարաժամկետ կանխատեսումների կամ ծրագրերի ձեռնամուխ չեն լինում, իշխանությունների պարագայում օպերատիվ խորությունը հիշողության և պլանավորման՝ մոտ 2, 3, բացառիկ դեպքում՝ 5 տարի էր, ոչ ավելին, իսկ 5 տարվա ծրագրերը սովորաբար խափանվում էին։ Առաջին անգամ Հայաստանն ասում է՝ նպատակ եմ դրել իմ առջև՝ 2050թ. այս ցուցանիշների շուրջ լինել, 2100-ին՝ այս»։
Ամեն դեպքում բանախոսը չի բացառում, որ Ժողովրդագրության դեպարտամենտի կանխատեսումները կարող են իրականանալ։
Ռոզա Հակոբյան