Բաժիններ՝

ՀՀ բյուջեի դեֆիցիտի 5.5%-ը հակասում է ԵԱՏՄ-ի պայմանագրին, սակայն կա մի նրբություն

2016թ. պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 5.5%-ը, ինչը հակասում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 63-րդ հոդվածին, համաձայն որի` բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 3%-ը: Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի դիտարկմամբ` հակառակ դեպքում ԵԱՏՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի՝ ուղղված Հայաստանի տնտեսության կայունացմանը:

«2016թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ուշադրություն չի դարձվում ամենակարևոր հարցին, և Հայաստանի թիվ 1 միջազգային պայմանագրի խախտման մասին ոչ ոք չի խոսում»,- ասում է Մ.Առաքելյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԵԱՏՄ պայմանագիրն այդ մեկ դրույթից չէ բաղկացած, և մեկ այլ դրույթն ասում է` եթե Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ունեցած ծրագրում այլ բան նախատեսված չէ:

«Սա նրբություն է: Իսկ ԱՄՀ-ի հետ կա ծրագիր, որով 2016թ. արդյունքներով դեֆիցիտը նախատեսված թույլատրելի մակարդակում է մնացել: Այստեղ որևէ լրացուցիչ գործողության անհրաժեշտություն չկա»,- ասաց փոխնախարարը:

Ըստ նրա` ԵԱՏՄ-ի հակաճգնաժամային ֆոնդից Հայաստանին հատկացվելու է 300 մլն դոլարի չափ տարեկան հավասար մասնաբաժիններով բյուջետային աջակցության վարկ, որից 2 տրանշն արդեն ստացել ենք, դեռ շուրջ 150 մլն դոլար ստացվելու է՝ տրանսպորտի, 40 մլն` ոռոգման համար. «Ֆոնդում մեր քվոտան մոտ 1 մլրդ դոլար է»:

Ա.Ջանջուղազյանի խոսքով` դեֆիցիտի վերին շեմ չկա. «ԱՄՀ-ի առանձնահատկությունն այն է, որ մենք անընդհատ աշխատում ենք և այդ ծրագրի շրջանակներում դատողություններ ենք անում առաջիկա ժամանակաշրջանի համար: Դրա շրջանակում է, որ ի սկզբանե ԱՄՀ-ի հետ մենք ունեցել ենք պայմանավորվածություն, որ դեֆիցիտը լինի 3%: Բայց հետո իրար հետ աշխատանքի արդյունքում պարզեցինք, որ այդքանով չի կարող երկիրն առաջ գնալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս