«Ադրբեջանական կոռուպցիոն մեքենան Ստրասբուրգից տեղափոխվում է Բրյուսել». Արմեն Աշոտյան
«Կոռուպցիոն վերջին սկանդալը, որ ծագեց և զարգանում է ԵԽ ԽՎ-ում, Ստրասբուրգում, որտեղ լումա ունի նաև Ադրբեջանը, բերում է նրան, որ գալիք 2-3 տարիների ընթացքում ԵԽ ԽՎ-ում, որտեղ այս հանցավոր մեխանիզմը բացահայտվեց և պատժման ընթացքում է, այլևս ադրբեջանական մեծ ագրեսիվ գործողությունների հնարավորությունները սահմանափակ են լինելու, և ադրբեջանական դիվանագիտության հիմնական հարվածն արդեն տեղափոխվում է Ստրասբուրգից դեպի Բրյուսել:
Եվ հիմնական թիրախը, խորհրդարանական դիվանագիտության պաշտպանական գիծն այսօր մեզ համար դառնում է Եվրոպական խորհրդարանը և այդ խորհրդարանից բխող ձևաչափերը` Եվրոնեսթը, այլ միջազգային կառույցները, որտեղ Բրյուսելը` որպես ԵՄ, ներկայացված է: Այսինքն` ակնկալեք ադրբեջանական լոբբինգի սրացումներ Բրյուսելում, Եվրախորհրդարանում, որովհետև մեր ստույգ տեղեկություններով` կոռուպցիոն մեքենան, որ աշխատում էր Ադրբեջանի մասին դրական կարծիք և որոշումներ կայացնելու ուղղությամբ, այսօր Ստրասբուրգից տեղափոխվում է Բրյուսել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` Բրյուսելում ակտիվացել են ադրբեջանական լոբբիստները, ադրբեջանական պատվիրակություններն այցելում են Բրյուսել, և մեր ճակատը մոտակա ամիսներին հենց Եվրախորհրդարանն է, ոչ թե՝ ԵԽ ԽՎ-ն:
Անդրադառնալով ռուսական զենքի հերթական խմբաքանակի մատակարարմանն Ադրբեջանին` Ա.Աշոտյանը հայտարարեց, որ ՀՀ-ի համար զենքի մատակարարման ցանկացած դեպք մտահոգիչ է, հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու և ռազմատենչ հայտարարությունները, քաղաքականությունը.
«Զինադադարի խախտման դեպքերն արդեն տարերային բնույթ չեն կրում: Փառք հայոց բանակին, որ պատասխան գործողություններով կարողանում է սահմանափակել, սանձել ադրբեջանական լոկալ ագրեսիան, բայց մի կարևոր հանգամանք հաշվի առնենք` Հայաստանի համար ամեն մարդ արժեք է, ամեն զինվոր, որ մահանում է այդ գործողությունների ժամանակ, արժեք է, որովհետև և՛ մենք ենք քիչ, և՛ մարդկային կյանքի գինը Հայաստանում շատ ավելի բարձր է:
Ադրբեջանում, որտեղ չկան ժողովրդավարական ինստիտուտներ, որտեղ մամուլը փակ է, որտեղ մարդկանց շատ հաճախ վերաբերվում են ոչ թե՝ որպես անհատականությունների, այլ՝ հոտի, այդ կորուստների գինն իրենց համար ազդեցություն չունի: Հետևաբար` մենք համակարգչային խաղ չենք խաղում, որ ասենք` մեր կողմից մահացել է X թվով զինվոր, բայց իրենց կողմից մահացել է 10 X: Բնական է, որ հակահարձակ լինելով, սանձելով ադրբեջանական ագրեսիան, պատճառելով նաև անդարձելի կորուստներ՝ մենք նաև վերականգնում ենք մեր հպարտությունն ու մեր ամրությունն ենք ուժեղացնում, բայց մարդկային կյանքերի տեսանկյունից դա բացարձակ սփոփում չէ»: