
14,8 մլն եվրո՝ ազատազրկումից խուսափելու համար

Վերջին օրերին պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի անունը բոլոր մարզական պարբերականների առաջին էջերում է: Ֆուտբոլիստը հարկային սկանդալի էպիկենտրոնում է և հիմա ամեն կերպ փորձում է կարգավորել խնդիրը:
Իսպանական պարբերականների վարկածով՝ Ռոնալդուն կվճարի 14,8 մլն եվրո իսպանական հարկային մարմիններին, որպեսզի չկրի դատարանի պատիժը: Դատարանի որոշումից հետո Ռոնալդուն կարող է ստիպված վճարել շատ ավելի մեծ գումար, կամ դատապարտվել մեկ տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Ռոնալդուին մեղադրում են 2011-2014 թվականներին հարկերից խուսափելու մեջ: Ըստ աղբյուրների՝ Ռոնալդուն չի վճարել 14.7 միլիոն եվրո հարկ: Այժմ Ռոնալդուն մեղադրվում է 4 հանցագործություններում: Հուլիսի 31-ի դատավարության ընթացքում ֆուտբոլիստն ունենալու է խոսքի հնարավորություն և պետք է ապացուցի իր անմեղությունը:
Իսպանական լրատվամիջոցները նշում են, որ Ռոնալդուն այդ դատավարությունից հետո կհայտնի մադրիդյան ակումբը լքելու մասին:
Սիրարփի Աղաբաբյան