«Ո՞րն է այս ծրագրի իրականացման քաղաքական երաշխիքը». ԱԺ փոխնախագահը՝ վարչապետին
«Ուզում եմ ուղիղ հարց տալ քաղաքական մեծամասնությանը՝ ի՞նչ եք կարծում, նախորդ կառավարությունները, որոնք եղել են էլի նույն խորհրդարանական մեծամասնությունը, չէի՞ն կարող ակտիվ աշխատել, ջանքեր գործադրել»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց խորհրդարանի փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա նկատեց, որ կա մենեջմենտի որակի փոփոխություն, ակնհայտ է, բայց Մելքումյանի խորին համոզմամբ՝ դա ունենալու է շատ կարճաժամկետ և փոքր արդյունավետություն, որովհետև ըստ նրա՝ լուծված չէ հիմնական քաղաքական խնդիրը՝ քաղաքական որոշումների կայացման մեխանիզմը. «Միգուցե դա լուծվի 2018թ. ապրիլից հետո»։
Մելքումյանին մի հարց էր հետաքրքրում, և նա խնդրեց վարչապետին՝ իր եզրափակիչ ելույթում ասել՝ ո՞րն է այս ծրագրի իրականացման քաղաքական երաշխիքը. «Ես հիմք եմ ընդունում նաև նախորդ ծրագրերի ձախողված լինելը։ Մեր կառավարություններն իրենց գործունեությամբ մեզ համոզել են, որ ընդդիմության հետ չեն կարողանում աշխատել, որ մի օրենսդրական նախաձեռնություն անցկացնելը բավականին լուրջ ջանքեր է պահանջում»։
Պատգամավորն ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը խիստ հավատարիմ է իր նախընտրական ծրագրի 15 կետի տրամաբանությանը, որոնք, ըստ նրա՝ 1 տարվա իրականացվելիք ծրագրեր են։ «Մենք համոզված ենք, որ, եթե դուք դա չանեք, մենք հաջողություն չենք ունենալու։ Երբ որ հիմա գրել եք՝ 5% տնտեսական աճ, այն ժամանակ էլ գրել էիք՝ 5-7%, 1% տնտեսական աճը մինիմում 18 մլրդ է, չէ՞։ Այսինքն՝ ես կսպասեմ՝ տեսնեմ 2018թ. բյուջեի մեջ 90-100 մլրդ դրամ ավելի մուտքերը գրելո՞ւ եք դուք։ Գործունեության ծրագրի մեջ ես չեմ տեսնում տնտեսության կառուցվածքային տեղաշարժերի արձանագրումը՝ ի՞նչ տնտեսություն ենք մենք, և ի՞նչ տնտեսություն ենք դառնում մենք։ Սա կլիներ մասնագիտական բարձր մակարդակի գրագետ աշխատանք»,- նկատեց նա։
Ըստ խորհրդարանի փոխնախագահի՝ վատ չէ, որ կառավարության ծրագրում գրել են առանձին միջոցառումների մասին, բայց ոլորտների միջև դրանց կապը նա չի տեսնում. «Որպեսզի ես տեսնեմ՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտում ներդրումներն ի՞նչ շղթայական ռեակցիա են առաջացնում։ Թե՞ ամեն մեկն ավտոնոմ՝ իր համար գործելու է, և այդպես էլ ծրագիրը կազմված է։ Գրված է՝ ըստ նախարարությունների։ Ես այդպես չէի կազմի, պարոն վարչապետ, ես կկազմեի ընդհանուր սխեման, որ կապերը տեսնենք»։