Ռուսաստանցիների գրեթե 90 տոկոսը պաշտպանում է Պուտինի արտաքին քաղաքականությունը. Pew Research Center
Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանում է նախագահ Պուտինի կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման՝ հունիսի 20-ին հրապարակված արդյունքները, հարցում, որը Ռուսաստանում անցկացրել է Pew Research Center-ը:
Սոցիոլոգիական այս հետազոտություն տվյալների համաձայն՝ ներկա փուլում ռուսաստանցիների 87 տոկոսը վստահ է, որ իրենց առաջնորդը ճիշտ գործողություններ է ձեռնարկում համաշխարհային ասպարեզում: Նման վստահության բացակայության մասին հայտարարել է քաղաքացիների միայն 12 տոկոսը: Ընդ որում՝ հարցման մասնակիցների 59 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը վերջին տասը տարում սկսել է ավելի կարեւոր դեր խաղալ համաշխարհային գործերում:
Պարզվել է, որ հարցվածների 78 տոկոսը հավանություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների կառուցման՝ Պուտինի մոտեցմանը (16 տոկոսը հավանություն չի տալիս): ԱՄՆ-ի վերաբերմամբ հավանություն տվողները կազմել են հարցման մասնակիցների 73 տոկոսը, հավանություն չտվողները՝ 22 տոկոսը, Եվրամիության վերաբերմամբ՝ 67 տոկոսը եւ 26 տոկոսը՝ համապատասխանաբար, Ուկրաինայի վերաբերմամբ՝ 63 տոկոսը եւ 29 տոկոսը՝ համապատասխանաբար:
Մինչդեռ Պուտինի տնտեսական քաղաքականության աջակցման մասին հայտարարել է ռուսաստանցիների 55 տոկոսը: Նրանց հետ չի համաձայնել հայրենակիցների 40 տոկոսը: Նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին հավանություն է տալիս ռուսաստանցիների 49 տոկոսը, հավանություն չի տալիս 45 տոկոսը: Քաղաքացիական հասարակության նկատմամբ քաղաքականությունը պաշտպանում է հարցման մասնակիցների 57 տոկոսը, չի պաշտպանում 35 տոկոսը, էներգետիկական քաղաքականությունը՝ 60 տոկոսը եւ 28 տոկոսը՝ համապատասխանաբար:
Հարցումը 1002 ռուսաստանցիների շրջանում անցկացվել է փետրվարի 18-ից մինչեւ ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում: Վիճակագրական անճշտությունը կազմում է 4 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: