Սոցիալական աջակցությունը՝ կարիքի հիման վրա, այլ ոչ՝ պահանջի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2012 թվականից սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, որն ինտեգրում է սոցիալական աջակցություն մատուցող մարմինները, սպասարկող վարչական շենքերն ու տեղեկատվական շտեմարանները։
Նոր համակարգի միջոցով ամբողջ աշխատանքն իրականացվում է մեկ տանիքի տակ՝ մեկ ընդհանուր ցանցով և ընդամենը քաղաքացու մեկ դիմումի համաձայն:
Ներկայումս երկրի տարածքում գործող 18 համալիր սոցիալական ծառայությունների կենտրոներում համատեղված են 4 ծառայություններ՝ սոցիալական ապահովություն, զբաղվածություն, բժշկասոցիալական փորձաքննություն, սոցիալական աջակցություն:
«Այսօր սոցիալական ծառայությունները մեր երկրում մատուցվում են՝ հաշվի առնելով անձի, շահառուի ներկայացրած պահանջը, մինչդեռ ինտեգրված ծառայությունների համակարգի պարագայում արմատապես փոխվում է այս մոտեցումը:
Ծառայություններն անձին սկսում են մատուցվել՝ հաշվի առնելով նրա` արդեն իսկ գնահատված կարիքը, որովհետև երբեմն քաղաքացին տեղյակ չէ և չի պատկերացնում՝ որոնք են իր կամ ընտանիքի իրական կարիքները, ինչ հնարավորություններ ունի պետությունը կամ ինչ է նախատեսում նման դեպքերում: Եվ այս առումով սոցիալական աշխատանքն է այն նորամուծությունը, որը պետք է բացահայտի անձի իրական կարիքներ և այդ կարիքների հաշվառմամբ անձին մատուցի համապատասխան սոցիալական ծառայություններ»,- նոր ներդրված համակարգն այսպես է բնութագրում Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:
Համալիր սոցիալական ծառայությունների կենտրոններում գործում է մեկ միասնական ընդունարանի սկզբունքը, ինչի արդյունքում քաղաքացին ցանկացած խնդրով հանդիպում է միայն մեկ սոցիալական աշխատողի հետ՝ չշփվելով իր դիմումի հիման վրա որոշում կայացնողի հետ։
Պաշտոնյայի խոսքով՝ նոր շենքերը հարմարեցված են այնպես, որ անարգել մուտք գործի յուրաքանչյուր քաղաքացի, եթե անգամ տեղաշարժվելու խնդիր ունի: Դրանք ամբողջովին կահավորված են, հագեցված բոլոր տեղեկատվական համակարգերով, որոնք հնարավոր են դարձնում նախարարության ծառայությունների մեկ միասնական ցանցով աշխատանքը:
«Այս նոր համակարգը ոչ միայն օպտիմալացնում է գերատեսչության ծախսերը, այլև օգնում է քաղաքացուն, որպեսզի խնայի իր ժամանակը, նյարդերը, ամեն մի փաստաթղթի կամ սոցիալական ծառայությունների սպասարկման համար իր բոլոր խնդիրներով միայն մեկ շենք այցելի և սպասարկվի տասն անգամ ավելի արագ»,- ասում է ՍԱՊԾ պետի առաջին տեղակալը:
Ըստ պաշտոնյայի՝ համակարգի հիմքում դրված է քաղաքացու սոցիալական պաշտպանությունը՝ գնահատված կարիքներին համապատասխան: «Օրինակ, քաղաքացին իր կամ ընտանիքից որևէ մեկի խնդրով դիմել է համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն, և ընթացք տրվող դիմումից համակարգը պարզում է, որ ամիսներ առաջ լրացել է ընտանիքի տատիկի 65-ամյակը, իսկ կենսաթոշակային տարիքը լրացած կինը դեռ չի դիմել սոցիալական ապահովության ծառայությունների կենտրոն, և հնարավոր է՝ սահմանված ժամկետը խախտած քաղաքացին մի քանի ամսվա թոշակը կորցնի։
Կամ, ասենք՝ նույն ընտանիքի երեխան ի ծնե ունեցած արատի պատճառով զրկված է ուսում ստանալու հնարավորությունից, ընտանիքը մեկուսացրել է երեխային կամ չգիտի ներառական կրթական կենտրոնների մասին, հետևողական չի եղել հաշմանդամության կարգ ստանալու հարցում։
Ահա այս դեպքերում է, որ ինտեգրված ծառայությունները մատուցվում են՝ անկախ դիմումատուի պահանջից, գրագետ ուղղորդումներով: Սոցիալական աշխատողը համակողմանի գնահատում է ողջ ընտանիքի կարիքը՝ օգնելով քաղաքացուն իրացնել իր սոցիալական իրավունքը, որպեսզի ընտանիքը դուրս գա կյանքի դժվարին իրավիճակից»,- նշում է Սաիյանը։
ՍԱՊԾ պետի տեղակալի ներկայացմամբ՝ բարեփոխման արդյունքում ներդրվող հնարավորությունները լուրջ աջակցություն են հատկապես այն քաղաքացիներին, ովքեր տեղյակ չեն իրենց իրավունքներին։
Սոցիալական աշխատողը, որն առանցքային դերակատարություն ունի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնում, ներս մտնող քաղաքացու հետ աշխատում է 10-15 րոպե, օգնում է նրան դիմում ձևակերպելիս, բացահայտում է ընտանիքի թույլ և խոցելի կողմերը, հանգամանորեն բացատրում է նրան օրենքով սահմանված կարգն ու արտոնությունները, ուղղորդում է, որպեսզի քաղաքացին ինքնուրույն որոշում կայացնելու հմտություն ձեռք բերի և իրացնի իր իրավունքները։
Նոր համակարգի մեկ այլ առավելությունն էլ այն է, որ քաղաքացու չիմացությունն օրենքի կամ իրեն տրվող արտոնությունների մասին չի կարող երաշխիք տալ պետական ծառայողին՝ «գրպանել քաղաքացուն», կամ մի քանի ամսվա թոշակի ու նպաստի դիմաց վերջինիս սոցիալական կարգավիճակը որոշելու համար սուբյեկտիվ որոշում կայացնել։
Համակարգը բացառում է նաև պաշտոնյայի կողմից անհարկի փաստաթղթեր պահանջելը կամ դրանց կորուստը: Պատճառն այն է, որ տեղեկատվական բազան ընդհանուր է, այն համալրում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծրագրերի տեղեկատվական շտեմարանները:
Սաիյանի խոսքով՝ տեղեկատվական հզոր բազայի շնորհիվ ներկայում հաջողությամբ գործում է 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման առցանց համակարգը։ Այս նորարարությունն օգնում է ծնողներին՝ առանց տնից դուրս գալու, համակարգչի միջոցով գրանցվել հատուկ ստեղծված հարթակում և ինտերնետով լրացված դիմումի միջոցով ստանալ նպաստի գումարը: Առցանց դիմումի միջոցով, ընդամենը 4 ամիսների ընթացքում, համակարգից հասցրել է օգտվել շուրջ 10.000 մայրիկ։
Այսօր հազարավոր մարդիկ բարեփոխված կենտրոններից օգտվում են հանրապետության տարբեր բնակավայրերում, դրանց հիմնական մասը՝ 13-ը, արդեն գործում են տարբեր մարզերում, 5-ը Երևանում են:
Առաջիկայում համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների թիվը կհասնի 56-ի և կընդգրկի հանրապետության ողջ տարածքը։
ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ