Բաժիններ՝

Ինչպես ճանաչել բժիշկներին

Կիրակի առավոտյան ամենաշուտն արթնանում են փողոցը մաքրողներն ու սրբում Կասկադի շրջակայքում նախորդ գիշերվանից գոյացած աղբը: Սրճարանում ուղղում են աթոռները, մինչ քարե սալահատակի վրա՝ կանաչապատ ճաղերի կողքին մեքենան կայանի առաջին այցելուն՝ համակարգիչը ձեռքին:

– Պոմիդորով ձվածեղ, կխնդրեմ կծու և ձեր հատուկ թավայի մեջ: Եվ սառույցով կոլա:

Հիրավի, կիրակի առավոտյան նախաճաշի հիանալի ընտրություն: Անցորդ բարեկամը կհարցնի՝ բայց չէ՞ որ Դուք բժիշկ եք, սոված փորին արդյոք կարելի՞ է կոլա խմել:

– Իհարկե ոչ, – կպատասխանի նա առանց րոպե իսկ մտածելու, – բայց պոմիդորով ձվածեղի հետ շատ համով է ստացվում:

Նրանք շատ տարբեր են, կարճ կամ բարձրահասակ, սևաչ կամ խարտյաշ, սպիտակած և կամ ճաղատ, օպտիկական կամ արևային ակնոցով, նիհար կամ գեր, հումորով կամ առանց: Հիմնականում նախընտրում են խորոված, սակայն չեն հրաժարվի նաև ցուրտ եղանակին պատրաստված խաշից: Խմիչքների մեջ, որպես կանոն, նախընտրում են օղին՝ համարելով այն պակաս անվտանգ, կամ էլ առավել խորաթափանց:

Նրանցից ոմանք նկարում են, ոմանք գրում, բայց մեծամասամբ, նրանք բոլորն էլ երգում են ու պարում՝ մանավանդ օղու համարժեք չափաբաժնից հետո: Կան նրանց մեջ արվեստի լուրջ սիրահարներ, ովքեր փորձագիտորեն տիրապետում են Ռաֆայելին և Ռեմբրանդտին, Շիլեին և Կոկոշկային, կարող են վերարտադրել Հայդնի և Շոպենի սիմֆոնիաները, կամ էլ ցիտել Եսենինին ամբողջությամբ, սակայն, միևնույն ժամանակ, կան նաև այնպիսիները, ում ընդհանրապես չեն հետաքրքրում նման բարձր «հաճույքները»:

Նրանք ծայրահեղություններ են: Նրանցից շատերը սպիտակ գինու մեջ լցնում են սառույց, չնայած այլոք դա համարում են էթիկետի խախտում: Նրանք գանգատվում են հիվանդների անընդհատ անհանգստացնող զանգերից, սակայն երբ այդ զանգերը պակասում են, նմանապես գանգատվում են այդ պակասից: Նրանք սիրում են մասնակցել կոնֆերանսների, սակայն առավել շատ սիրում են կոնֆերանսների ընդմիջումներն ու նրանց հաջորդող ընթրիքները:

Նրանք բոլորն էլ ունեն առիթների համար նախատեսված հատուկ սպիտակ խալաթ և, նույնիսկ եթե մասնագիտությունը չի էլ պահանջում, նրանք անպայման ունեն ստետոսկոպ: Նրանցից ոմանք սիրում են գեղեցիկ հագնվել և ամեն արտասահմանյան այցի ժամանակ չեն մոռանում շոփինգի մասին, իսկ ոմանք էլ ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում հագուստին՝ չէ որ նրանք միշտ ծայրահեղությունների մեջ են: Սիրում են կատակել, նույնիսկ երբ դա նրանց մոտ ոչ այդքան լավ է ստացվում, սիրում են բարձր ծիծաղել և նկատել այնպիսի մանրուքներ, որոնք այլոց համար տեսանելի չեն: Նրանք բոլորն էլ սիրում են օգտագործել ուրիշներին անհասկանալի բառեր, որոնցից որոշների իմաստն, իրականում, իրենք էլ չգիտեն:

Եթե Դուք գանգատվում եք ճնշման բարձրացումից, իսկ Ձեր զրուցակիցը խորհուրդ է տալիս դիմել սրտաբանին, և ոչ թե նշանակում իր տատիկին օգնած դեղերը, ապա նա հաստատ սրտաբան չէ, բայց մեծ հավանականությամբ բժիշկ է:

Եվ վերջապես, եթե ինքնաթիռում ուղեկցորդուհին հայտնում է, որ ուղևոր է վատացել, և ինքնաթիռում բժիշկ է փնտրում, իսկ այդ պահին Ձեր կողքի ուղևորը դուրս գալու անհանգիստ շարժումներ է անում, տեղ տվեք նրան, ամենայն հավանականությամբ նա բժիշկ է:

Գևորգ Ն. Թամամյան
Բժշկական գիտությունների թեկնածու, գիտությունների մագիստրոս

ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դասախոս

Գերմանիայի Ուլմի համալսարանի մանկական ուռուցքաբանության դասախոս

ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան, արյունաբան
«Արմենպրես»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս