Կատարը և հայկական իռացիոնալիզմը
Մինչ Արևելքին և արաբական աշխարհին մասնագիտորեն ծանոթ հայաստանյան փորձագետները պնդում են, որ Պարսից ծոցի արաբական երկրներից մեկի անվանումը հայերենում ճիշտ է փոխանցել հենց Կատար, այլ ոչ թե Քաթար ձևով, մեր որոշ մտավորականներ լծվել են անշնորհակալ մի գործի՝ փորձելով մատից ծծած հիմնավորումներով իբր քննադատության թիրախ դարձնել ոչ ավել, ոչ պակաս, այնպիսի մասնագիտական նուրբ խնդիր, ինչպիսին Հայաստան-Կատար հարաբերություններն են, և, ո՜վ զարմանք, արաբերեն մեկ բառ անգամ չիմանալով՝ նույնիսկ «սխալ» գտնել հայաստանյան պաշտոնական կայքերից մեկում, որն արաբական այդ պետության անվանումն իրավացիորեն տառադարձել է ճիշտ՝ Կատար ձևով:
Ինչևիցե, ամենևին մտադրություն չունենալով մատների վրա ոմանց մանրամասն բացատրել տարրական ճշմարտություններ, կուզենայինք զուտ մի քանի կետով անդրադառնալ այն կարևորությանը, որն ունի Կատարը՝ մեր երկրի աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի տեսանկյունից:
Որևէ մեկը, ըստ էության, չի կարող կասկածի տակ դնել այն հանգամանքը, որ քաղաքագիտական իմաստով միասնական արաբական աշխարհ հասկացությունը, թերևս, արդեն խալիֆայության ժամանակներից ի վեր գոյություն չունի, ուստի, ինչպես ցանկացած այլ երկիր, Հայաստանը ևս իր քաղաքական հարաբերություններն արաբական պետությունների հետ կառուցում է երկկողմ սկզբունքով: Բացի այս, հատկապես՝ Պարսից ծոցի արաբական երկրների միջև միասնական դիրքորոշում պատմական որևէ շրջափուլում չի գրանցվել, իսկ վերջիններիս միջև պարբերաբար ծագող և մարող հակամարտություններն ունեն հիմնականում իրավիճակային բնույթ:
Այսու, չկա որևէ մեկ միասնական մեխանիզմ, որի կիրառմամբ կարելի կլինի սերտ կապեր ունենալ մի կողմից՝ մեր երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող և տարբեր իսլամական կազմակերպությունների շրջանակում ադրբեջանամետ դիրքորոշումներ որդեգրած Սաուդյան Արաբիայի, իսկ մյուս կողմից՝ շատ դեպքերում հավակնոտ այս երկրի հետ խնդիրներ ունեցող այլ արաբական պետությունների հետ:
Այս իմաստով հնարավորինի արվեստ համարվող դիվանագիտությունը նաև մեզանում գործում է հենց նման ռացիոնալ մտայնությամբ՝ մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար, այդ թվում՝ արաբական երկրների հետ գործակցության համատեքստում, օգտվել առկա անխտիր բոլոր հնարավորություններից՝ հաշվի առնելով նախևառաջ այն մարտահրավերները, որոնց դիմակայում է մեր պետությունը:
Չնայած տարածքի սահմանափակ բնույթին՝ Կատարը Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում շոշափելի չափերի հասնող տեսանելի և անտեսանելի ներկայություն ունեցող պետություններից է, որի հետ քաղաքական հարաբերությունները ոչ միայն ոչնչով չեն վնասում մեր երկրի շահերին, այլ նաև տարածաշրջանում դրանք առաջ տանելու առումով չափազանց օգտակար են և կարևոր:
Տնտեսական ասպարեզում դրամական միջոցների զգալի ավելցուկ ունեցող և այդ ավելցուկը ծախսելու կամ ներդնելու ձգտող Կատարը լրջագույն հեռանկարներ կարող է բացել մեր երկրի տնտեսության տարբեր, հատկապես՝ բանկային, տրանսպորտի, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության և այլ ճյուղերի համար այդքան կենսական նշանակություն ունեցող ֆինանսական հոսքեր ապահովելու առումով:
Կատարը Պարսից ծոցի միապետությունների շարքում Իրանի հետ նորմալ հարաբերությունների ջատագով և հակաիրանական գործողություններին չմասնակցող ինչ-որ առումով բացառիկ պետություններից է, ինչը հեռանկարներ է բացում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրի ապահովման գործում կարևոր դերակատարություն ունեցող և մեզ հետ բարեկամական գործակցություն զարգացնող Թեհրանի միջոցով ձևավորելու նաև հնարավոր եռակողմ գործակցության հարթակներ Երևան-Թեհրան-Դոհա ձևաչափով:
Մյուս կողմից էլ՝ ռուս-կատարական հարաբերությունները թեև անցել են վայրիվերումների մի քանի շրջաններով, սակայն այժմ գտնվում են սերտացման փուլում՝ հանգամանք, որը լրացուցիչ հնարավորություններ է բացում մեր երկրի առջև, Կատարի հետ բարձր հարաբերություններ պահպանելու միջոցով մեզ համար ակնհայտորեն շահութաբեր կապող օղակի դերակատարության հավակնություններ ունենալ թե՛ տնտեսական և թե՛ մասնակիորեն քաղաքական հարթություններում:
Եվ, ի վերջո՝ եթե նույնիսկ վերացարկվենք աշխարհաքաղաքական և տնտեսական շահերից, թշնամական շրջափակման մեջ գտնվող մեր պետության համար աններելի շռայլություն կլինի հրաժարվել արաբական այս երկրից մեզ մեկնած բարեկամության ձեռքը սեղմելուց, հատկապես, եթե նույնիսկ Կատարի դեմ վերջերս դիվանագիտական դեմարշներով հանդես եկած որևէ արաբական երկիր Հայաստանի առջև կողմնորոշման խնդիր չի էլ դրել՝ սահմանափակելու մեր դիվանագիտական գործողությունների մանևրի դաշտը:
Այնպես որ, Կատարի հետ հարաբերություններում Հայաստանի գործելաոճում սխալներ փնտրելը և, առավել ևս, «գտնելն» ակնհայտ իռացիոնալ տրամաբանության դրսևորում է, իռացիոնալություն, որը բնորոշ է Արևելքի, շատ դեպքերում, նուրբ իրակույթներին անծանոթ և աշխարհաքաղաքական զարգացումներին զուտ փարիզյան սրճարաններին բնորոշ ռոմանտիզմի, բայց տարօրինակ կերպով միայն սևուսպիտակ ակնոցներով նայելու սովոր մեր մտավորականության որոշ հատվածին: Ի դեպ, դեռևս 19-րդ դարավերջից մեզանում արմատավորված նման իռացիոնալիզմի և ռոմանտիկ հովերի շրջանակում ծրագրավորում իրականացնելու ավանդույթը ժամանակին հանգեցրեց չափազանց տխուր հետևանքների, որոնց կրկնությունը պետք է բացառել՝ պետականությանը բնորոշ ռացիոնալ գործելաոճը պարտադրելով՝ որպես ամենօրյա կենսակերպ:
Վարդան Ոսկանյան