Ազատ ու ինքնանպատակ տնտեսական գոտիներ

Ազատ տնտեսական գոտու առասպելը պարբերաբար մտահոգում է մեր տնտեսության կառավարիչներին: Մենք նույնիսկ հատուկ օրենք ունենք ՀՀ տնտեսական գոտիների մասին: Որոշակի իմաստով այն եզակի օրենք է, որ ընդունվել է ազատ, կամ հատուկ տնտեսական գոտիների մասին մեր նորօրյա առասպելաշինության արշալույսին: Օրենքը խորհրդարանն ընդունել է 2011թ. մայիսին: Ընդունել ու մոռացել է: Եվ հենց դա է այդ օրենքի առանձնահատկությունը: Անցած տարիների ընթացքում օրենքը ոչ մի անգամ չի լրամշակվել: Մեր երկրում, կարծեմ, քանակով երկու ազատ գոտու ստեղծման մասին է պաշտոնապես հայտարարվել: Եթե մեր երկրում հայտարարված տնտեսական, քանակով, կարծեմ, երկու տնտեսական գոտիներից մեկը գործեր, հարկավ կպարզվեր օրենքի թերությունները, ու այն հաստատ կլրամշակվեր:

Բայց առ այսօր 16 հոդված ունեցող օրենքի որևէ լրացում չի ընդունվել: Ազատ գոտիներից առաջինը ստեղծվեց 2013թ. հուլիսին, երբ հայտարարվեց, որ Երևանի «ՌԱՕ Մարս» ձեռնարկության և Մերգելյանի անվան հանրահայտ ինստիտուտի տարածքներում կհիմնվի ազատ տնտեսական գոտի: Պահի իշխանավորները հանրությանը՝ հայտարարությանը զուգահեռ, տեղեկացրեցին, որ տնտեսական գոտում կատարված ներդրումները կազատեն բոլոր տեսակի հարկ ու տուրքից: Հետո ոչ ոք ոչինչ չլսեց այդ գոտու գործունեության ու ապահոված ներդրումների մասին:

Իսկ տնտեսագիտության ցանկացած դասագիրք բացատրում է, որ տնտեսական ազատ ու հատուկ գոտիները ստեղծվում են առաջին հերթին՝ նպաստավոր պայմանների շնորհիվ ներդրումներ հրապուրելու նպատակով: Անցած հինգ-յոթ տարիներին մեր բոլոր կառավարությունները խոսել են Իրանի հետ տնտեսական հարաբերությունները սերտացնելու անհրաժեշտության մասին: Բայց որքան շատ են խոսել, այնքան ապրանքաշրջանառությունը մեր հարևան երկրի հետ կրճատվել է:

2015թ. ԻԻՀ-ի հետ արտաքին առևտրի ծավալը մոտ 328 մլն դոլար էր, 2015-ին՝ արդեն 276 մլն: Այսինքն՝ տարեկան ապրանքաշրջանառությունը կայուն տեմպով կրճատվում է՝ երեք-չորս տոկոսի չափով: Եվ ահա 2017-ի ապրիլին հայտարարվեց Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի և Կարճևան գյուղի Արաքս գետի ափամերձ հատվածում նոր տնտեսական ու ազատ գոտի ստեղծելու մասին: Խոստումները, ինչպես միշտ, ճոխ էին: 10 մլն դոլարի ներդրում: 2 500 աշխատատեղ: 120 ընկերության ներկայություն: Եվ որպես արդյունք՝ տարեկան 80-100 մլն դոլարի արտահանում:

Տնտեսագիտության դասագրքերի տեսանկյունից խոստումները ճիշտ են կազմված: Նման տնտեսական գոտիները բոլոր երկրների իշխանությունները ստեղծում են առաջին հերթին՝ ներդրում ապահովելու, երկրորդ՝ նոր աշխատատեղեր ստեղծելու, և երրորդ՝ արտահանումը կամ արտասահմանյան ներմուծումները հայրենական արտադրանքով փոխարինելու վսեմագույն նպատակներով:

Այդպես, օրինակ, 1979թ. Չինաստանում փորձնական նպատակով ստեղծվեց չորս տնտեսական ազատ գոտի: Արդյունքը նկարագրել պետք չէ: Երևի Չինաստանի ու մյուս տնտեսական ազատ գոտիներ ունեցող երկրների օրինակն էր ոգևորել մեր իշխանավորներին: Բայց մեր պարագային դրական արդյունքներն ինչ-որ հապաղում են: Դրա բացատրությունը հնարավոր է գտնել տնտեսագիտության դասագրքերում:

Դրանք համարյա միաբերան պնդում են, որ տնտեսական ազատ գոտիները ստեղծելու առաջնահերթ նպատակը պետության տնտեսության զարգացման ստրատեգիական խնդիրներին աջակցելը կամ լուծում տալն է: Ասել է թե, տնտեսական կամ առևտրական ազատ գոտի ստեղծելուց առաջ երկրի տնտեսության զարգացման ծրագիր է պետք ունենալ: Այլապես այդ գոտիներից դրական սպասելիքները պարապ զբաղմունք կդառնան: Իհարկե, հնարավոր է, որ այդ գոտիներն ի սկզբանե մտածված լինեն՝ որպես «անկլավային երևույթ», և սերտ կապ չունենան տվյալ երկրի տնտեսության հետ:

Բայց միևնույն է, նույնիսկ այդ պարագային՝ դրանք դառնում են կոնկրետ տարածաշրջանի զարգացման գործոն, որն ի վերջո տվյալ երկրի տնտեսական զարգացման մաս է դառնում: Փաստորեն, տնտեսագիտության վերոհիշյալ ու չարաբաստիկ դասագրքերն անողոք են իրենց պահանջների մեջ: Ցանկացած երկրում աշխատող տնտեսական գոտի ունենալու համար առաջին հերթին տնտեսության զարգացման պլան-տեսլական է պետք ունենալ:

Եթե նոր-նոր ձևավորվող կառավարության մի քանի օրում գրած ու խորհրդարան ներկայացրած գործունեության ծրագիրը Դուք համարում եք այդպիսի պլան-տեսլական, ուրեմն անուղղելի լավատես եք: Հետևաբար՝ սպասեք դրական լուրերի տնտեսական երկու ազատ գոտիներից: Պարզապես հիշեք՝ սպասում-երազները լավ նախաճաշ են, բայց վատ ընթրիք:

Տեսանյութեր

Լրահոս