«Արցախի հարցի հիմնալուծման պատասխանատվությունն առավելապես ընկնում է ԱԺ-ի վրա». Վարդան Այվազյան
Սահմանադրագետ Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ խորհրդարանական ձևին անցնելուց հետո դոմինանտ մարմինը Հայաստանում դառնում է ԱԺ-ն, և այս ձևի ժամանակ, նրա խոսքով՝ գործում է կոլեկտիվ պատասխանատվություն։
«Շատերը համեմատության համար նշում են, որ կառավարման խորհրդարանական ձևի պայմաններում ՀՀ նախագահը դառնում է Ճապոնիայի կայսր, Իսպանիայի թագավոր կամ Անգլիայի թագուհի: Իհարկե, կարելի է նման համեմատություն անել, բայց այդ երկրներում նրանք համարվում են պետության գլուխ, և այդ պատկերացումը մեր միջից հանելու համար ասեմ, որ, օրինակ՝ Անգլիայի թագուհին ոչ միայն՝ Անգլիայում, այլև՝ ամբողջ աշխարհում ամենաազդեցիկ դեմքերից մեկն է։ Պետության ղեկավարումն այս դեպքում առավելապես հենվում է մեկ անձի վրա: Պաշտոնի հեղինակությունը մեծամասամբ պայմանավորվում է այդ անձով, ընդ որում՝ շատ կարևոր է, թե որքանով է տվյալ մեկ անձն ընդունված և հարգված հասարակության կողմից»,- պարզաբանեց նա։
168.am-ը հետաքրքրվեց՝ ի վերջո, ո՞վ է լինելու երկրի առաջին դեմքը, և Արցախի հարցի բանակցություններում վերջնական որոշումն ո՞ւմ է պատկանելու։
«Նոր կառավարման ձևի տեսակետից՝ երկրի առաջին, երկրորդ դեմք հասկացություններ գոյություն չունեն։ Կա մի պետական համակարգ, որտեղ յուրաքանչյուր օղակ ունի իր բացառիկ դերակատարությունը։ Առանց կարևորելու գլխավորն ու երկրորդականը, եթե անգամ ոչ առաջին էշելոններում գտնվող պետական կառույցներն իրենց գործառույթները չկատարեն, մենք դրական արդյունք չենք ունենա։
Այս տեսակետից՝ եթե նախորդ կառավարման ձևի ժամանակ գոյություն ուներ անհատական պատասխանատվության ինստիտուտը, այսինքն՝ Արցախի հիմնախնդրի և ազգային անվտանգության պատասխանատուն համարվում էր երկրի նախագահը, ապա նոր կառավարման ձևի պարագայում անվտանգության պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա, իսկ Արցախի հարցի հիմնալուծման պատասխանատվությունն առավելապես ընկնում է կոլեգիալ մարմնի՝ ԱԺ-ի վրա»,- ի պատասխան՝ ասաց սահմանադրագետը։