Բաժիններ՝

Ինչպես է ազդել բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի փոփոխությունը ՀՀ ֆինանսական համակարգի վրա

Ըստ Կենտրոնական բանկի խորհրդի 30.12.2014 թ. որոշմանª 2017 թ. հունվարի 1-ից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը սահմանվել է 30 մլրդ դրամ: Ըստ ԿԲ-ի՝ այս որոշումը նպատակաուղղված էր երկարաժամկետում բանկային համակարգի ֆինանսական միջնորդության խորացմանը և ֆինանսական կայունության ամրապնդմանը և նպատակ ուներ բարձրացնելու տնտեսական տարբեր իրավիճակներում բանկային համակարգի կողմից ցնցումներին դիմակայելու ունակությունն ու ճկունությունը, ինչպես նաև նպաստելու ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ ֆինանսական կայունության 2016թ. տարեկան հաշվետվության մեջ, կապիտալի բարձր մակարդակի դեպքում բանկերը կկարողանան ավելի մեծ ռիսկեր ստանձնել: Կապիտալի մակարդակի ավելացումը ենթադրում է բանկերի կողմից վարկավորման հնարավորությունների ընդլայնում, մասնավորապես` երկարաժամկետ և խոշոր վարկերի ծավալների աճի առումով:

2014 թ. վերջի դրությամբ բանկային համակարգում գործող 21 բանկերից ԿԲ նոր պահանջին արդեն իսկ բավարարում էին 5 բանկ: Չորս բանկերի ընդհանուր նորմատիվային կապիտալը 20-30 մլրդ դրամի սահմաններում էր, վեց բանկերինը` 10-20 մլրդ դրամի սահմաններում, մյուս վեց բանկի նորմատիվային կապիտալը 10 մլրդից պակաս:

2015 – 2016 թթ. որոշ բանկեր համալրել են իրենց նորմատիվային ընդհանուր կապիտալը բաժնետերերի, այդ թվում` նոր բաժնետերերի կատարած ներդրումների և բաժնետոմսերի թողարկման ու տեղաբաշխման միջոցով: 2015 թ. և 2016 թ. ընթացքում առևտրային բանկերի ընդհանուր նորմատիվային կապիտալը ավելացել է 38.6%-ով (175 մլրդ դրամով) և տարեվերջի դրությամբ կազմել է 627.1 մլրդ դրամ:

Միևնույն ժամանակ, հիմնական կապիտալի մասնաբաժինը ընդհանուր կապիտալում կազմել է 82.3%` պահպանելով ընդհանուր նորմատիվային կապիտալի բարձր որակական կառուցվածքը: Կատարվել են նաև բանկերի ձեռքբերումների և միացումների չորս գործարքներ:

Տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում բանկային համակարգում 01.01.2017թ. դրությամբ գործում են 17 առևտրային բանկեր:

Բանկային համակարգի կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների մասնակցության տեսակարար կշիռը 2014թ. նկատմամբ նվազել է 5.8 տոկոսային կետով և կազմել 62.0%:

Բանկերի նորմատիվային կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման որոշումը, այլ հավասար պայմաններում, նպաստել է ֆինանսական կայունության ցուցանիշների բարելավմանը, վարկավորման ծավալների ավելացմանը և վարկերի տոկոսադրույքների որոշակի նվազմանը:

2016 թ. ընթացքում ֆինանսական կայունությունը բնութագրող ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը աճել է 3.8 տոկոսային կետով (տարեվերջին կազմել է 20.0%), բանկերի ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները ավելացել են համապատասխանաբար 4.5 և 28.4 տոկոսային կետերով (տարեվերջին կազմել, համապատասխանաբար, 32.5% և 170.8%):

Վարկավորման ծավալները ավելացել են շուրջ 16%-ով, վարկերի տոկոսադրույքները նվազել են 1-2 տոկոսային կետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս