«Մինչև բացատրում են հիվանդի ծանոթներին բուժման կարգը, ծախսերը, արդեն ուշ է լինում»
«Նյարդային հիվանդություններից այսօրվա դրությամբ ամենատարածվածը և ամենաակտուալը կաթվածն է: Նյարդաբանական բաժանմունքի 80 %-ը կաթվածներով հիվանդներ են: Սա այն հիվանդությունն է, որի բուժումը հնարավոր չէ դրսում ստանալ, նույնիսկ, եթե ֆինանսական միջոցներ ունես, չես կարող, քանի որ ժամանակը հենց անցավ, ոչինչ հնարավոր չի լինի անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության բաժնի վարիչ Նունե Եղիազարյանը:
Նյարդային հիվանդություններից առանձնացնելով կաթվածը՝ բանախոսը նշեց, որ Հայաստանում այս հիվանդությունը մտահոգության առիթ է տալիս:
Նունե Եղիազարյանի խոսքով՝ սա այն նյարդաբանական հիվանդություններից է, որի դեպքում հարկավոր է միջամտել և գործել հնարավորինս շուտ, այսինքն՝ մարդուն կարելի է օգնել հիվանդության սկզբի առաջին 3-6 ժամվա ընթացքում: Ավելին՝ արագ գործելու դեպքում հիվանդին կարելի է փրկել հաշմանդամությունից՝ ապահովելով նորմալ, լիարժեք կյանքի որակ:
Նրա խոսքով՝ արտասահմանում հիվանդները տեղեկացված են, որ կաթվածի առաջին նշանների դեպքում հիվանդին տեղափոխում են հիվանդանոց: Կաթվածի ժամանակ արյունատար անոթը, որը սնուցում է ուղեղի մի հատված, խցանվում է տրոմբով, և բացի այդ մի անոթից՝ հարակից մի քանի անոթները ևս մասնակցում են ուղեղի այդ հատվածի սնուցմանը:
«Եթե 3 ժամվա ընթացքում հասցնենք քայքայել այդ տրոմբը, ուղեղի նկատելի հատված հնարավոր կլինի փրկել մեռուկացումից: Ներկայումս տրոմբը քայքայող դեղ կա, որը Հայաստանում արժե հազարավոր դոլարներ, և ոչ բոլոր հիվանդներն են կարողանում կարճ ժամանակում ձեռք բերել: Այս դեղի միջոցով եթե ոչ՝ 100 %-ով, ապա՝ գոնե 25 %-ով կարողանում են մարդկային կյանքեր փրկել: Մեզ մոտ մինչև բացատրում են հիվանդի ծանոթներին բուժման կարգը, ծախսերը, արդեն ուշ է լինում, իսկ արտասահմանում առանց հարցնելու միանգամից սկսում են բուժումը»:
Իսկ ինչ վերաբերում է նյարդային համակարգի վրա բջջային հեռախոսների թողած ազդեցությանը, ապա բանախոսն ասաց, որ ապացույցների հիման վրա արված տվյալներ չունի.
«Որևէ հիվանդություն չգիտեմ, որը բջջային հեռախոսներից առաջացած լինի: Կան ինչ-որ հիվանդություններ, օրինակ՝ էպիլեպսիայի տեսակ, որը թարթող լույսից զգայուն է, ու թարթող լույսը կարող է առաջացնել նոպաներ: Բայց ընդհանուր առմամբ գիտականորեն ապացուցված հիվանդությունների մասին չգիտեմ»:
Անի Թորոսյան