«Մենք կարող ենք Իրան արտահանել «հալալ» սննդամթերք»
Իրանագետ Էմմա Բեգիջանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, թերևս, Իրանը միակ երկիրն է, որի հետ ոչ միայն որևէ խնդիր չունենք, այլ նաև Հայաստանի ռազմավարական շահերն էլ են համընկնում. «Սակայն, տնտեսական փոխհարաբերությունների ծավալն առկա ներուժի համեմատ շատ ցածր է. ընդամենը կազմում է 250 մլն դոլար՝ տարվա ընթացքում, որը, կարելի է ասել, ոչինչ է՝ հաշվի առնելով երկու երկրների ներուժն այդ ոլորտում»։
Ըստ նրա՝ դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով. «Օրինակ՝ Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ շատ հարցեր չենք կարողանում առանց Ռուսաստանի լուծել, Իրանի հետ փոխհարաբերություններ ստեղծել, որովհետև Հայաստանը չի տնօրինում գազը։ Հայաստանը չի կարող այդ հարցում անկախ լինել և Իրանի հետ փոխհարաբերություններ հաստատել։ Բացի այդ, Հայաստանում ներդրումներն են շատ քիչ։ Իրանը հարևան երկրներում բավականին խոշոր ներդրումներ է անում։ 2002թ. մինչև 2016թ. Իրանի գործարարները 101 մլրդ դոլարի ներդրում են կատարել Թուրքիայում, և այնտեղ աշխատում է շուրջ 3035 իրանական ընկերություն։ Եթե այդ ընթացքում մեկ միլիարդը Հայաստանում ներդրվեր, կարող էին բավականին աշխատատեղեր ստեղծվել, փոխհարաբերությունների ծավալն ընդլայնվել»։
Իրանագետի կարծիքով՝ իրանցի գործարարներն այդքան շահագրգռված չեն Հայաստանում ներդրումներ անել, որովհետև նույնիսկ հայ գործարարներն են Հայաստանում ներդրումներ անելիս սնանկանում. «Բնականաբար, իրենք իրենց փորձը փոխանցում են իրանցիներին։ Բացի այդ՝ Հայաստանում ամեն տարի նրանք տնտեսական ցուցահանդեսներ են իրականացնում և ուսումնասիրում են մեր ներդրումային դաշտը»։
Ըստ նրա՝ Հայաստանը կարող է «հալալ» սննդամթերք արտահանել Իրան, որը, սակայն, չի արվում. «Իսլամում անգամ փոխհարաբերությունները կարող են լինել «հալալ» և «հարամ»։ «Հալալ»՝ նշանակում է՝ թույլատրելի, իսկ «հարամ»՝ անթույլատրելի։
Մեր դեպքում կարող ենք Իրան արտահանել «հալալ» սննդամթերք, որի հիման վրա Հայաստանում ստեղծել հալալ սննդի օբյեկտներ, ռեստորաններ և այլն։ Մսարտադրության ճյուղը կարող է զարգանալ։ Ղուրանում հարամ է համարվում հիմնականում շան և խոզի միսը, իսկ խմիչքներից՝ ջուրը, գինին։
«Հալալն» աշխարհում շատ տարածված երևույթ է, արտահանողները բոլորն ունեն այդ հալալի բաժինը։ Հիմա եթե այս հալալը մենք լավ օգտագործենք, դա մեզ համար բավականին նպաստավոր պայմաններ կստեղծի, և կարող ենք ոչ միայն Իրան արտահանումներ իրականացնել, այլև ամբողջ իսլամական երկրներ»։
Հարցին՝ վերջին շրջանում Սաուդյան Արաբիան և Ադրբեջանը փորձում են Իրանի շրջափակման գործընթաց իրականացնել, և այդ համատեքստում Հայաստանն Իրանի բոլոր հարևանների մեջ միակն է, որը մշտապես լավ հարաբերությունների մեջ է եղել Իրանի հետ, այսօր ի՞նչ պոտենցիալ կա Իրանի հետ աշխատելու, նա այսպես պատասխանեց.
«Ոչ մետաղաջարդոններից զատ միակ բանը, որ արտահանվել է Իրան, կենդանի ոչխարներն էին։ Հիմա արդեն Հայաստանում կազմակերպվել է ոչխարի մորթ՝ իսլամական ձևով, և կարելի է դա ընդլայնել։ Դա մեր պոտենցիալներից մեկն է։ Կարելի է նաև հավ, տավար, լոր արտահանել։ Եվ, ինչպես նշեցի՝ կարելի է «հալալի» սննդի կետեր բացել։ Մենք կարող ենք բոլոր ոլորտներում էլ իրանցիների հետ համագործակցել։ Օրինակ՝ Հայաստանի հետ Իրանը դեղորայքի արտադրության մասին պայմանագիր ուներ, նույնը կար նաև Ադրբեջանի հետ. այնտեղ արդեն սկսել են, բայց Հայաստանում մնացել է թղթի վրա»։