Բաժիններ՝

Պահպանվող լանդշաֆտի թնջուկը

Մի քանի շաբաթ առաջ Վայոց Ձորում ձկնագողության կասկածանքով ձերբակալվեց «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի մի անտառապահ, որի գործը որսագողերին որսալն է: Տեղեկացանք, որ նրան տուգանել-բաց էին թողել: Հետո ինչ-որ կերպ պարզվել էր, որ նա աշխատում է նաև որսորդական տուրեր կազմակերպող «Սաֆարի ինտերնացիոնալ» ընկերությունում: Ճակատագրի հեգնանքով, որոշ մարդիկ նրա մեջ ճանաչել էին նաև էքսկուրսավարի, որ էկոտուրեր է կազմակերպում զբոսաշրջիկների համար ու, թերևս, պատմում նաև հայերի սիրո մասին առ բնություն: Այս զավեշտալի՝ անտառապահ-որսորդ-որսագող-բնապահպան համադրությունը հասցրեց որոշակի աղմուկ ստեղծել սոցիալական ցանցերում:

Համատեղության կարգով մի քանի աշխատանք ունենալը նորմալ երևույթ է: Բայց, երբ փորձում էինք պարզել, թե իրար փաստացի հակառակ գործունեությամբ գործատուներն ինչո՞ւ էին նույն մարդուն այդքան իրարամերժ գործեր հանձնարարել, հետաքրքիր բան պարզվեց: Պարզվեց՝ գործատուն նույն մարդն է: Բնապահպանությամբ զբաղվող «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ» հիմնադրամը (այսուհետև՝ ԳՊԼ) և որսորդությամբ զբաղվող «Սաֆարի ինտերնացիոնալ» ՍՊԸ-ն (այսուհետև՝ «Սաֆարի») միմյանց հետ կապված են  Վայոց Ձորի նախկին մարզպետ Վարդգես Մաթևոսյանի որդու՝ Արսեն Մաթևոսյանի միջոցով: «Սաֆարին» նա ժառանգել է, իսկ ԳՊԼ-ի հիմնադիրն է:

Բնապահպանը նաև որսո՞րդ է

«Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկությունը ժամանակին հիմնադրել է Վայոց Ձորի այն ժամանակվա մարզպետ Վարդգես Մաթևոսյանը: Նրան ճանաչող ու հետը զրուցած մարդիկ վկայում են, որ նա բացառիկ սեր ու կապվածություն ուներ բնության հանդեպ, ու որսորդական  ընկերության ստեղծումը նրա երկարատև ծրագրի մի մասն էր միայն: Պատմում են, որ Վարդգես Մաթևոսյանը նախատեսել էր կառավարությունից հողհատկացում ստանալուց հետո ցանկապատել այն ու զբաղվել ոչնչացող տեսակների պահպանմամբ, իսկ այդ նպատակով անհրաժեշտ միջոցները հայթայթել՝ միայն ծեր առանձնյակների որս կազմակերպելով:

Նրա մահից հետո իրավիճակը «Սաֆարիին» հատկացված տարածքում աստիճանաբար սկսվում է փոխվել վատթար ուղղությամբ: Տեղաբնակները վստահ չեն` ինչ պատճառով: Գուցե հոր ամրությունը չունեցող որդին տեղի է տվել ազդեցիկ «որսորդների» ճնշումներին, գուցե որսաբիզնեսի եկամուտներն են խիստ գայթակղիչ եղել:

Անկախ իր գործունեության ոլորտից, սակայն, դրանից որոշ ժամանակ անց Արսեն Մաթևոսյանը դառնում է նաև խոշոր դրամաշնորհային դրամագլխով ստեղծված (UNDP/GEEF, CEPF, CNF, WWF`մոտավորապես 500 հազար ԱՄՆ դոլար) և բնապահպանական նպատակներ հետապնդող «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտ հիմնադրամի տնօրեն: Այս փաստը խիստ զարմանալի կլիներ, եթե սրանում մեծ չլիներ WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի դերը, որը բազմիցս բաց հայտարարել է, որ Արսեն Մաթևոսյանն իր մտերիմ ընկերն է:

Այստեղ ակնհայտորեն առկա է շահերի բախում որսի բիզնեսի և դրամաշնորհով իրականացվող բնապահպանության միջև: Սա ակնհայտորեն ոչ ոքի չի հուզել, քանի որ ԳՊԼ-ի կանոնադրության մեջ նույնիսկ կա կետ, որով նշվում է հիմնադրամի նպատակներից մեկը. «Ստեղծել և զարգացնել որսորդական տնտեսությունների ինստիտուտը տարածաշրջանում, խթանել դրանց կայացման գործընթացին»:

«Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի կառավարման 110 էջանոց պլանում՝ բեռնված Բնապահպանության նախարարության կայքից, անհնար է գտնել որևէ տող, որն ուղղակիորեն կխրախուսի որսորդությունը պահպանվող լանդշաֆտում, ինչպես դա արված է ԳՊԼ կանոնադրությունում: Այն ընդամենը մեկ անգամ թռուցիկ հիշատակված է՝ որպես մեկը՝ լանդշաֆտի երկարաժամկետ կայունության ապահովման հնարավոր մեխանիզմներից: Փոխարենը՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց թույլատրելի համարժեք գործողություններից հիշատակվում է միայն օրենսդրությամբ սահմանված կարգով սիրողական ձկնորսությունը:

Այն, որ այս անհամատեղելի երևույթների համատեղումն անհետևանք չէր կարող մնալ, ի սկզբանե տրամաբանական է: Econews.am-ին տված հարցազրույցում բնապահպան Գոռ Հովհաննիսյանն ուղիղ տեքստով ասում է. «Գնիշիկ» պահպանվող տարածքում որոշ պաշտոնյաներ որս են անում: Դա ես լսել եմ բազմաթիվ անգամներ տեղացիներից: Այսինքն՝ սովորական անձանց հասանելի չի, թույլատրելի չի այնտեղ որսը, բայց գալիս են պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ ու որս են անում ու, բնականաբար, այդ որսին ներկա են լինում ու կազմակերպիչ են հանդիսանում այնտեղի աշխատակիցները: Այդքանից  հետո ի՞նչ եք ուզում այդ մարդկանցից պահանջել»:

Գնիշիկ՝ տանջահար լանդշաֆտ

ԳՊԼ-ն ստեղծվել է Արենի, Խաչիկ և Գնիշիկ համայնքների վարչական տարածքներում: CNF-ը` Կովկասի բնության հիմնադրամը, WWF-Հայաստանի միջոցով սկսել է այդ նախագծի ֆինանսավորումն այն ժամանակ, երբ չեն եղել հողային պատկանելության հիմքեր, համապատասխան պայմանագրեր, կադաստրային գրանցումներ: Ավելին, ԳՊԼ-ի ինֆորմացիոն կենտրոնը ստեղծվել է հենց նույն «Սաֆարիի» տարածքի վրա, հետո նոր միայն առանձնացել կադաստրով: Իրականացվող օժանդակ՝ համայնքային զարգացման ծրագրերը նույնպես իրագործվել են թերի փաստաթղթային հիմքերով:

Գնիշիկ համայնքի նոր ղեկավար Արա Լևոնյանը պնդում է՝ Գնիշիկ հիմնադրամի և Գնիշիկ համայնքի միջև ոչ մի պայմանագիր չի եղել, որով կկանոնակարգվեր հիմնադրամի գործունեությունը համայնքի վարչական տարածքներում: Չի եղել նույնիսկ վարձակալության պայմանագիր, ընդամենը եղել է ավագանու որոշում՝ հողերը հիմնադրամին անվարձահատույց հանձնելու մասին: Ըստ այդմ՝ տրամաբանական հարց է առաջացել, իսկ ինչո՞ւ է Գնիշիկ համայնքն իր վարչական տարածքից 3000 հեկտար անվարձահատույց տրամադրում մի կազմակերպության, որն այդտեղ ծրագրեր իրականացնելու համար 100 հազարավոր դոլարների սրսկումներ է ստանում:

Այս ամբողջ թնջուկը հիմք հանդիսացավ, որպեսզի Գնիշիկ համայնքի նոր ղեկավարը ամիսներ առաջ խզի բոլոր կապերը ԳՊԼ-ի (ի դեմս Արսեն Մաթևոսյանի) և այն ուղղակիորեն ու անուղղակի հովանավորող WWF-Հայաստանի (ի դեմս Մաթևոսյանի մտերիմ ընկեր Կարեն Մանվելյանի) հետ:

Վերը շարադրյալից բացի, կոնֆլիկտի պատճառ են հանդիսացել, մասնավորապես, Գնիշիկում թերի կատարված ծրագրերը՝ գարու սերմացուի, խնձորի այգիների, մեղվաբուծական տնտեսությունների, ոռոգման ջրի նոր խողովակաշարի և այլն: Սրանցից մի քանիսի մասին քիչ ներքևում կպատմի անձամբ նախկին գյուղապետը:

Հայտնի բնապահպանական լրագրող Գալուստ Նանյանի «Վաճառվող լանդշաֆտ» ֆիլմում նախկին գյուղապետ Մեսրոպ Մելքոնյանը փորձում է բացատրել, թե ինչու են իրենք տարածքն անվարձահատույց տրամադրել ԳՊԼ-ին՝ զուտ բնապահպանական նպատակներով: Գործող գյուղապետ Արա Լևոնյանը համաձայն չէ՝ այդ գործարքից պետք է օգուտ ունենա նաև համայնքը, կազմակերպությունը պետք է վարձակալի տարածքը և որոշակի ծրագրեր իրականացնի:

Բայց չէ՞ որ ծրագրեր իրականացվել են, պնդում է նախկին գյուղապետը և թվարկում WWF-Հայաստանի մի քանի ծրագրեր, որոնք իրականացվել են Գնիշիկ համայնքում: Դրանցից մեկը, օրինակ, 10 տոննա գարու սերմացուի անվարձահատույց տրամադրումն էր: Այնուհետև Մեսրոպ Մելքոնյանը, նույն «Վաճառվող լանդշաֆտում», շարունակում է.

«Հիմա բերեք մեղավորներ չփնտրենք, թե ինչ արդյունքի հասանք, որովհետև գիտենք, որ գյուղատնտեսությունը, երկրագործությունը բաց երկնքի տակ աշխատանք է, որը կախված է Աստծո ու բնության տվածից: Այդ տարի երաշտը մի քիչ շատ եղավ, էդքան էլ լավ չստացանք: Մեղավոր փնտրելու կարիքը ես չեմ էլ զգում»:

Դրանից հետո համայնքը 70 մեղվաընտանիք է ստացել, Մեսրոպ Մելքոնյանն ասում է՝ 10-12 ընտանիքների են բաժանվել: «Կան ընտանիքներ, որոնք սրտացավ են եղել, զարգացրել-դարձրել են 15-20 մեղվաընտանիք, կան այնպիսիներն էլ, որոնք անպարտաճանաչ են եղել»,- զարմանում է նախկին գյուղապետը, թե ինչու է այս երևույթը մտահոգություն կամ հարցեր առաջացնում: Այնուհետև խորհուրդ է տալիս պտտվել համայնքում ու տեսնել, որ առկա են այդ ծրագրերի «հետքերը»:

Որոշ չափով՝ զարմանալի, իսկ երբեմն էլ՝ անտրամաբանական այս փաստերի համադրումից ի հայտ է գալիս մի հետաքրքիր շղթա՝ CNF – WWF – ԳՊԼ/(Սաֆարի) -Գնիշիկ համայնք: Այս շղթան, փաստորեն, թուլացավ որպես օղակ՝ Գնիշիկ համայնքի կորստից հետո:

Ինչ շահ ունեն դոնորները

Բայց ինչ շահ կարող է հետապնդել այս շղթայում Հայաստանի WWF-ը՝ ի դեմս Կարեն Մանվելյանի, և Հայաստանի CNF-ը՝ ի դեմս Արման Վերմիշյանի: Նրանք շատ մտերիմ գործընկերներ են, ինչը նույնիսկ տրամաբանական է: Չկա նաև ուղիղ փաստ, որ իրագործվող ծրագրերի թերացումներում մեղավոր են հենց դոնոր կազմակերպությունները: Իրավապահների միջամտության արդյունքում գուցեև պարզվեր, որ, օրինակ, 10 տոննա գարու սերմացուն ոչ թե երաշտի զոհ է դարձել, այլ պարզապես կիսվել է դոնորի և նախկին համայնքապետի միջև, բայց դրանք այս պահին միմիայն նենգ ու սին ենթադրություններ են՝ առանց որևէ փաստացի հիմքի:

Չկան նաև փաստեր, որոնք կապացուցեն Վայոց Ձորում տարածվող այն խոսակցությունները, թե դոնորներն աչք են փակում ԳՊԼ տարածքում կատարվող մեծաքանակ որսի վրա՝ որոշակի և կոնկրետ փոխհատուցման դիմաց: Սրանք նույնպես կարելի է դիտարկել՝ որպես ստահոդ տեղեկություններ:

Բայց կան փաստեր, որ WWF-ը դրամաշնորհային միջոցներով իրագործած ծրագրերի տիրույթն օգտագործում է տնտեսվարման նպատակով: Մասնավորապես, այդպիսի օրինակ է «Գնիշիկի» պահպանվող լանդշաֆտի տարածքում վճարովի էկոտուրեր իրականացնող «Էկոտուր» ՍՊԸ-ն:

Ըստ պետռեգիստրի տվալների՝ այս ՍՊԸ-ի տնօրենը և մասնակիցներից մեկը բնապահպան Արսեն Գասպարյանն է, որ նաև WWF-Armenia-ի ծրագրերի համակարգողն է: Ժամանակին ՍՊԸ մասնակից է եղել «Երիտասարդ կենսաբաններ» հ/կ նախագահ Սարգիս Աղայանը, որը հետագայում փոխարինվել է նույն կազմակերպությունը ներկայացնող Ծովինար Ղալթաղչյանով («Երիտասարդ կենսաբանների» հ/կ-ն հայտնի է՝ որպես WWF-Armenia-ի ամենամտերիմ երիտասարդ «ընկերը»):

Փաստաթղթերում ամեն բան ճիշտ է, թույլատրելի, օրինական: Եվ ամեն ինչ իդեալական կլիներ, եթե ՍՊԸ-ի, հիմնադիրը լիներ հենց հիմնադրամը, այլ ոչ թե դրա հետ որոշակի կապ ունեցող անհատներ: Միայն այս դեպքում կարելի կլիներ վստահ պնդել, որ ՍՊԸ շահույթը ծառայում է այդ հիմնադրամի կանոնադրական նպատակներին:

Լուսինե Բարսեղյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս