Հյուրասիրության օր՝ Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում
Կաննի 70-րդ կինոփառատոնի ընթացքում` մայիսի 18-26-ը, կինոշուկայում առաջին անգամ Հայաստանը ներկայացավ Village International/Pantiero հատվածում՝ 226 համարի տակ գործող Հայաստանի Հանրապետության տաղավարով, որտեղ փառատոնի անցկացման ողջ օրերին հաջողելու իրենց շանսերը փորձեցին հայաստանյան կինոարտադրության երեք՝ «Բարս մեդիան» ներկայացնող «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակում» և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» կինոնախագծերը:
Տեղեկացնենք, որ Հայաստանից այստեղ Կաննի կինոշուկայի հայկական տաղավար են հասել ոչ միայն հաղթած երեք նախագծերը, այլև մրցույթից դուրս կինոնախագծեր, որոնք օգտագործելով հայկական տաղավարի հնարավորությունները՝ ներկայացվեցին հայտնի կինոփառատոնի կինոշուկայում:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության գլխավորությամբ հայկական տաղավարի պաշտոնական բացումն արդեն տեղի էր ունեցել օրեր առաջ, որի ընթացքում մեր տաղավար այցելած հյուրերը հանդիպումներ էին ունեցել կինոշուկայում իրենց նախագծերը ներկայացրած մասնակիցների և պատվիրակության մնացյալ անդամների հետ:
Հայկական տաղավարի հաջորդ կարևոր իրադարձությունը հյուրասիրության օրն էր, որը, ի դեպ, այստեղ՝ Կաննի կինոշուկայում, պարտադիր և ընդունված օրակարգ է:
Այս օրը հայկական տաղավարն իր դռներն էր բացել՝ կինոարտադրող ընկերությունների հետ ոչ միայն՝ պաշտոնական, այլ նաև՝ ջերմ, ընկերական շփման շրջանակներում քննարկելու համատեղ կինոարտադրության հնարավորությունները:
Այսպիսով՝ հայկական տաղավարում հայտարարված հյուրասիրության օրը մեր տաղավար այցելեցին տարբեր ազգությունների և երկրների կինոգործիչներ, որոնցից շատերին հետաքրքրել է Հայաստանի կինոյի մասին նոր օրենքով սահմանված դրույթներից մեկը (որ վերջնական տեսքով օրենքի ուժ կընդունի մինչև ընթացիկ տարեվերջ), ըստ որի՝ նախատեսվում է հարկային արտոնություններ սահմանել մեր երկրում նկարահանումներ իրականացնող կինոընկերությունների հետ համագործակցության շրջանակներում: Cash Rebate-ը, որն իրենից ներկայացնում է կինոարտադրության պրոցեսում ծախսված կանխիկ գումարի որոշ հատվածի վերադարձ, բավականին գրավիչ է թվացել մեր տաղավար այցելած կինոարտադրող ընկերությունների ներկայացուցիչներից շատերին:
Այսպիսով՝ հայկական տաղավարում հյուրասիրության օրը կինոարտադրությամբ զբաղվող ֆրանսիական, ռուսական, հնդկական և գերմանական կողմերը հայկական պատվիրակության անդամների և պատվիրակության ղեկավար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ քննարկել են Հայաստանում նկարահանումներ կատարելու հնարավորությունների մանրամասները, ինչպես նաև կինոարտադրությանն առնչվող այլ թեմաներ:
Ի դեմս ֆրանսիական կինոարտադրող ընկերության՝ Finders Keepers Films-ի, նույն օրը քննարկվեցին նաև անկախ պրոդյուսերների՝ համատեղ կինոնախագիծ իրականացնելու հնարավորությունները:
Հայկական տաղավար այցելած ռուսական կողմը ներկայացնող հայազգի ռեժիսոր Գեորգի Դանիելյանցի հետ բանակցությունները նույնպես տեղի ունեցան նույն օրը՝ հայկական տաղավարում կազմակերպված հյուրասիրության ընթացքում:
Կինոռեժիսոր, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի նախագահ Ջիվան Ավետիսյանը նույնպես այս օրերին Կաննում է և մասնակցում է հոբելյանական կինոփառատոնի կինոշուկային: Այստեղ անցկացրած մի քանի օրերի ընթացքում ռեժիսորը հասցրել է հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ արվեստագետների հետ քննարկել համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Կաննի 70-րդ կինոփառատոնին Ջիվան Ավետիսյանը ներկայացել է իր հաջորդ՝ «Դրախտի Դարպասը» ֆիլմի սցենարի համահեղինակի՝ Արտավազդ Եղիազարյանի հետ (սցենարի հեղինակներն են Արտավազդ Եղիազարյանն ու Մկո Մալխասյանը)։ Հանդիպումներ են տեղի ունեցել մի շարք եվրոպական կինոարտադրող, ինչպես նաև տարբեր համաշխարհային դիստրիբյուտորական ընկերությունների հետ։
Թե առավել շոշափելի ի՞նչ արդյունքների կարող ենք սպասել այս հանդիպումների ավարտին, ցույց կտա ժամանակը: Հայկական պատվիրակության ղեկավար Արսեն Բաղդասարյանը լիահույս է՝ հայկական կինոշուկայի փոփոխությունները դրական ընդունելության են արժանացել աշխարհի տարբեր երկրներից մեր տաղավար այցելած հյուրերի կողմից, և հույս կա, որ այս օրերին գրանցված հանդիպումները շատ արդյունավետ են լինելու հայկական կինոարտադրությանը նոր թափ հաղորդելու համար: