Հայաստանը զարգացնում է սպորտային տուրիզմը. պարապլաներային թռիչքով հետաքրքրվողների թիվն ավելանում է
Հայաստանը զարգացնում է սպորտային տուրիզմը: Թեպետ զբոսաշրջության այս ուղղությունը երկրում համեմատաբար նոր է, այդուհանդերձ, արդեն հստակ ծառայություններ են առաջարկվում: ՀՀ պարապլաներային սպորտի ֆեդերացիան հնարավորություններ է ստեղծում պարապլաներային թռիչքով Հայաստանի երկնքից վայելելու երկրի չնաշխարհիկ բնությունը:
ՀՀ պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս սպորտաձևը զարգացնելու կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ տեղանքը լինի լեռնային: Այդ տեսանկյունից Հայաստանը շատ բարենպաստ է: Դրանից բացի, աշխատանք է տարվում միջազգային որակով օդաչուների, մասնագետների հետ: Նրանք հրավիրվում են Հայաստան, որտեղ և աշխատում են, և սովորեցնում տեղական գործընկերներին: Արմեն Սարգսյանը նշեց, որ ձևավորում են տեղական մասնագետների թիմ զբոսաշրջիկներին որակով ծառայություններ մատուցելու համար:
«Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկում, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում դիտարկվի որպես պարապլաներային երկիր: Օդաչուները, այս սպորտով զբաղվողներն այսօր մեծ սիրով գալիս են Հայաստան: Զբոսաշրջային խմբերի պակաս ևս չի զգացվում: Ունենք տուրիստական խմբեր, որ Հայաստանում պարապլաներային թռիչքի մասին լավ տեղեկացված են և գալիս են հենց թռչելու նպատակով: Կան խմբեր, որոնք Հայաստանում են տեղեկանում պարապլաներային թռիչքի մասին և գալիս են մեզ մոտ»,-ասաց նա:
Պարապլաներով թռչելու համար Հայաստան են գալիս տարբեր երկրներից` եվրոպական երկրներ, ԱՄՆ, Ավստրալիա, Նոր Զելանդիա: Արմեն Սարգսյանը նշեց, որ վերջին շրջանում ակտիվ հոսք է նկատվում Դուբայից, գալիս են այնտեղ աշխատող արտասահմանցիները: Մեծ շուկա կա Ռուսաստանում, ներքին անձնագրերով ցանկացած պահի կարող են գալ Հայաստան:
Ծառայությունների գները տարբեր են` կախված, թե թռիչքը որքան կտևի: Կարող է արժենալ մինչև 100 ԱՄՆ դոլար: Թռիչքային տեղերը տարբեր են Եղվարդ, Սևան, Ապարան և այլն:
«Բոլոր տեղերը շատ գեղեցիկ են: Տարվա բոլոր եղանակներին հնարավոր է թռչել: Թռիչքային տեղերում անհրաժեշտ է բարվոք ճանապարհ: Ինչպես նաև տեղադրում ենք մետեոկայաններ, որպեսզի Երևանից դուրս գալուց առաջ տեղյակ լինենք, թե ինչ եղանակ է»,-ասաց Արմեն Սարգսյան` նշելով, որ ակտիվ աշխատում են տեղական մարմինների հետ:
Այս ծառայությունը զբոսաշրջային փաթեթներում ներառելու համար ակտիվ աշխատանք է տարվում նաև զբոսաշրջային ընկերությունների հետ: Ինչպես նաև տաքսու վարորդների հետ, որոնք երբեմն կարողանում են ավելի լավ գովազդել տուրփաթեթներ: Զբոսաշրջիկների հետ աշխատող մասնագետներն ամեն ինչ անում են, որ նրանք տպավորված գնան Հայաստանից:
Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա Արմեն Սարգսյանը նշեց, որ լավ կլիներ, որ արկածային տուրիզմի բնագավառում կարողանան ապահովագրություն տրամադրել:
«Արտասահմանցի զբոսաշրջիկները սովոր են, իրենց համար պարտադիր պայման է ճշտել՝ իրենք ապահովագրված են, թե ոչ: Հայաստանում մի քիչ դա խնդիր է, որովհետև ապահովագրական ընկերությունները դժվար են աշխատում այդ դաշտում: Իրականում բոլոր մնացած հարցերը լուծելի են, միայն ցանկալի կլիներ, որ որոշ չափով պետական հովանավորություն լիներ այս սպորտաձևի զարգացմանն ուղղված միջոցառումերի կազմակերպման գործում: Այն իր տեսակով շահութաբեր ուղղություն է, ներդրված գումարները հետ են գալիս»,-հավելեց Արմեն Սարգսյանը: