Ի՞նչ էր ակնարկում Սերժ Սարգսյանը

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի համար վերջին շրջանի զարգացումներում ամենակարևորն այն չէր, որ ադրբեջանցիները խոցեցին հայկական տեխնիկա, և ոչ էլ հայկական կողմի պատժիչ գործողություններն էին, որոնք որոշակիորեն հանդարտեցրին իրավիճակը սահմանում, այլ քաղաքական այն գործընթացներն են, որոնց, նրա խոսքով՝ ականատես ենք լինում, և որոնց ընթացքում բավականին հետաքրքիր շեշտադրումներ եղան։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա առանձնացրեց դրանցից մի քանիսը։ «Ազգային ժողովի իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ փոխզիջում ասելով՝ հասկանում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, և ըստ էության՝ փոխզիջում հասկացությանը որոշակի նոր գնահատական է տրվում։

Եթե մինչ ապրիլյան իրադարձությունները, ասելով՝ փոխզիջում, հայկական կողմը ենթադրում էր նաև տարածքների զիջում Ադրբեջանին, ապա հիմա հիմքում միայն տեսնում է Արցախի ինքնորոշման իրավունքը, այլ զիջումների մասին պաշտոնական Երևանը վաղուց արդեն չի խոսում»,- ասաց նա՝ ընդգծելով նաև, որ Սերժ Սարգսյանը «Մադրիդյան սկզբունքները» քննադատեց, ինչը խոսում է այն մասին, որ այդ փաստաթղթի վրա հենվել հետագայում անհնար կլինի:

«Նախագահն ասաց, որ դրանք բավական շատ հարցեր են առաջացնում, և լավ է, որ կյանքի չեն կոչվել։ Նման քննադատություն առաջին անգամ էր հնչում պաշտոնական Երևանի կողմից, ինչը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ, թեև Կազանյան փաստաթուղթն արխիվ չի ուղարկվել, բայց մինչ օրս հրապարակավ որևէ մեկը ճիշտ չի ներկայացրել այն փաստաթուղթը, որը տարիներ շարունակ քննարկվում է, նա ասաց.

«Այսինքն՝ ակնարկ է արվում միանգամայն այլ փաստաթղթի մասին, որը դեռևս հայտնի չէ, որևէ մեկը ոչինչ դրա մասին չի ասել։ Սա նույնպես թույլ է տալիս ենթադրել, որ բանակցային գործընթացում իրավիճակն այն չէ, ինչ հաճախ ներկայացվում է մամուլում. կան այլ փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերի հայանպաստ լինելու մասին էլ ակնարկ կար նախագահի խոսքում, որ՝ Ալիևը դժգում է և խոստովանում, որ ստիպում են իրեն ճանաչել Արցախի անկախությունը»։

Քաղաքագետի խոսքով՝ այս ամենը ոգևորիչ է, և ըստ նրա՝ երկրի նախագահի մակարդակով հստակ ակնարկներ եղան, որ բանակցային գործընթացի տրամաբանությունը փոխվել է։

Տեսանյութեր

Լրահոս