Ինչու է թուլացել տնտեսական ակտիվության աճի տեմպը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-ապրիլին՝ 2016 թվականի հունվար ապրիլի նկատմամբ, կազմել է 105.7%։ Հիշեցնենք, որ հունվար-մարտ ժամանակահատվածի կտրվածքով տնտեսական ակտիվության աճի տեմպն ավելի բարձր էր՝ 6.6%։

Աճի տեմպի նվազումը պայմանավորված է ապրիլ ամսվա ցուցանիշով։ Այս տարվա ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 3.7%-ով։ Մինչդեռ մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ, ակտիվության աճը 6.8% էր։

Ի դեպ, հիշեցնենք, որ 2016 թվականի հունվար-ապրիլին՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճի տեմպը նույնն էր՝ 5.7%: 2016-ի հունվար-մայիսին ցուցանիշը մնաց նույնը, հետո սկսեց նվազել (տես գծապատկերը)։

Վերադառնանք այս տարվա ցուցանիշներին։ Ինչի՞ հետևանքով է թուլացել տնտեսական ակտիվության աճի տեմպը։

Սկսենք արդյունաբերությունից։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017 թվականի հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա հունվար ապրիլի համեմատ, աճել է 12.9%-ով։ Սակայն հունվար-մարտին աճի տեմպն ավելի բարձր էր՝ 16.1%: Ամսական կտրվածքով պատկերն ավելի պարզ է երևում. 2017-ի մարտին՝ 2016-ի մարտի համեմատ, արդյունաբերությունն աճել էր 17.2%-ով, իսկ ապրիլին այդ ցուցանիշը նվազել է մինչև 4.3%:

Այսինքն՝ արդյունաբերությունում աճ կա, սակայն աճի տեմպն ավելի թույլ է, ինչն ազդել է նաև ընդհանուր տնտեսական ակտիվության աճի վրա։

Գյուղատնտեսության ոլորտում անկումը խորանում է։ 2017 թվականի հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գյուղոլորտի արտադրանքի ծավալը նվազել էր 1.5%-ով, իսկ հունվար-ապրիլի կտրվածքով անկումը խորացել է մինչև 2.9%: Ամսական կտրվածքով նույնպես դինամիկան հուսադրող չէ։ 2017-ի մարտին՝ 2016-ի մարտի համեմատ, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կրճատվել էր 3.7%-ով, իսկ ապրիլը՝ ապրիլի համեմատ` 5%-ով։

Շինարարությունում նույնպես անկումը (երկնիշ անկումը) չի դադարել։ Այս տարվա հունվար-ապրիլին իրականացված շինարարության ծավալը կազմել է 52.9 մլրդ դրամ, ինչը 13.4%-ով ցածր է նախորդ տարվա հունվար-ապրիլի ցուցանիշից։ Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում շինարարության անկումը գրեթե նույնքան էր՝13.7%: Այսինքն, անկումային ցուցանիշը 0.3 տոկոսային կետով թուլացել է, սակայն դա բավարար չէ տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա էական ազդեցություն թողնելու համար։

Դրական դինամիկա ցուցաբերել է միայն ծառայությունների ոլորտը։ Այս տարվա հունվար-ապրիլին ծառայությունների ծավալը կազմել է 409 մլրդ դրամ, ինչը 10.1%-ով գերազանցում է 2016 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշը։ Հունվար-մարտի կտրվածքով ծառայությունների ոլորտի աճը 10% էր։ Այսինքն՝ ծառայությունների ոլորտի աճի տեմպն արագացել է 0.1 տոկոսային կետով։

Ամփոփելով այս ցուցանիշները՝ կարելի է եզրակացնել, որ տնտեսական ակտիվության աճի տեմպի թուլացումը 6.6%-ից մինչև 5.7% պայմանավորված է գյուղատնտեսության անկման խորացմամբ և ավելի շատ՝ արդյունաբերության ոլորտի աճի դանդաղմամբ։ Իսկ թե ինչի հաշվին է նվազել արդյունաբերության աճը, հնարավոր կլինի ասել 1-2 շաբաթից, երբ հրապարակվեն մակրոտնտեսական ցուցանիշների մանրամասն զեկույցները։

Ավելացնենք նաև, որ մանրածախ առևտրաշրջանառության ծավալը 2017 թվականի հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12.1%-ով և կազմել 685.9 մլրդ դրամ (հունվար-մարտին աճի տեմպը 11.3%-էր)։

Ինչ վերաբերում է արտաքին առևտրին, ապա այստեղ ունենք աճի տեմպի դանդաղում։ Այս տարվա հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 15.1%-ով և կազմել 1 մլրդ 689 մլն դոլար (հունվար-մարտին աճի տեմպն ավելի բարձր էր՝ 17.4%):

Ուշագրավն այն է, որ վերականգնվել է արտահանման առաջանցիկ աճը ներմուծման նկատմամբ։ Այսպես, եթե հունվար-մարտի արդյունքներով արտահանումն աճել էր 16.1%-ով, իսկ ներմուծումը՝ 17.9%-ով, ապա հունվար-ապրիլին արտահանման աճը կազմել է 16.1%, ներմուծման աճը՝ 14.6%:

2017 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 608.4 մլն դոլար, Հայաստան է ներմուծվել 1080.6 մլն դոլարի ապրանք։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է 472.2 մլն դոլարով։

Տեսանյութեր

Լրահոս