Սերժ Սարգսյանի սխալը՝ նոր ԱԺ-ի վերաբերյալ հաշվարկում
Նորընտիր Ազգային ժողովում ունեցած ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս խորհրդարանի կարևոր առաքելությունների, խոսեց նաև արտաքին քաղաքականության ոլորտում Ազգային ժողովին վերապահված դերակատարության, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման մասին։
Այն, ինչ արտաքին քաղաքականության բնագավառում Սերժ Սարգսյանը վերապահում է Ազգային ժողովին, տեսականորեն ճիշտ է, ավելի ճիշտ՝ ճիշտ է միայն տեսականորեն։ Որովհետև նորընտիր Ազգային ժողովը, լինելով նախորդի օրգանական շարունակությունը, ունի արտաքին քաղաքական այնպիսի կողմնորոշում, որը ոչ միայն նույնական է գործադիր իշխանության կողմնորոշմանը, այլ ըստ էության բացառում է արտաքին քաղաքական մանևրի որևէ հնարավորություն։
Նորընտիր Ազգային ժողովը, բացառությամբ առավելագույն մեկ տասնյակ պատգամավորների, գրեթե նույնությամբ կրկնում է նախորդ խորհրդարանը, որն իր գործունեության հինգ տարիների ընթացքում գրեթե անշրջելիորեն խորացրել է Հայաստանի ռուսականացումը։
Գյումրիում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգում՝ 49 տարով, առանց ՀԱՊԿ երկրների համաձայնության՝ Հայաստանում երրորդ երկրի որևէ ռազմական օբյեկտի տեղակայման հնարավորության բացառում, անդամակցություն ԵԱՏՄ-ին։
Սա այն օրենքների ու պայմանագրերի ոչ ամբողջական ցանկն է, որը ներկայիս խորհրդարանի իրավանախորդը հանդիսացող Ազգային ժողովն ընդունել է գրեթե միաձայն քվեարկություններով։ Նույն՝ համատարած ռուսականության սինդրոմն է գործել նաև խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում. Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողողովում և խորհրդարանական դիվանագիտության իրացման այլ հարթակներում Հայաստանի պատվիրակությունները գործել են բացառապես ռուսական շահի դոմինանտության սկզբունքով, ինչն արտահայտվել է քվեարկություններով, ելույթներով, նախաձեռնություններով կամ դրանց բացակայությամբ։
Այլ կերպ ասած, այն, ինչը Սերժ Սարգսյանը վերապահում կամ պատվիրակում է նորընտիր Ազգային ժողովին, գործնականում անիրագործելի է, եթե չփոխվի Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունն ու բովանդակությունը, ինչի նախանշաններ, մեղմ ասած, չեն նշմարվում։ Իսկ գործող կառավարության ծագումնաբանությունն ու գործող վարչապետի նկրտումները 2018 թվականից հետո պաշտոնավարումը շարունակելու առումով՝ Հայաստանի ռուսիֆիկացիան էլ ավելի խորացնելու ուղիղ երաշխիքներ են։
Այնպես որ, Սերժ Սարգսյանի պատգամը կամ հորդորը կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե նա խորհրդարանական դիվանագիտության ակտիվացում ասելով՝ նկատի ուներ Հայաստանի ռուսականացման շարունակություն ու խորացում։ Դա առանց Սերժ Սարգսյանի հորդորի էլ գործող Ազգային ժողովը կանի ըստ ամենայնի ու ըստ պահանջի։
Այն, ինչը դրված էր Սերժ Սարգսյանի այդ թեզի հիմքում, այսինքն՝ ակտիվ խորհրդարանական դիվանագիտության իրագործումն այնպես, որ այն փոխլրացնի և հավասարակշռի արտաքին քաղաքականության վարվող կուրսը, հնարավոր կլիներ միայն խորհրդարանում ոչ ռուսական, արևմտյան քաղաքականության կողմնակից ուժերի ներկայացվածության դեպքում։
Այդպիսիք նոր խորհրդարանում, ըստ էության, չկան, քանի որ որպես այդպիսին ներկայացող ԵԼՔ-ն անգամ իրականում՝ պակաս ռուսական, սակայն՝ ոչ արևմտյան միավոր է, որը, հայտնի չէ՝ ինչ դիրքորոշում կունենա արտաքին քաղաքական սկզբունքային հարցերում։