Ընտանեկան հոգեբանը՝ ժամանակակից ընտանիքի պահպանման օղակ
Իմաստունին հարցնում են` ի՞նչն է կյանքում ամենադժվար երևույթը: Պատասխանում է՝ ինքնաճանաչումը:
– Իսկ ամենադյուրի՞նը,- հնչում է հաջորդ հարցը։
– Դիմացինին խորհուրդ տալը:
Մեր հասարակությունը, անձնային զարգացածության բազմաթիվ ուղղություններով պայմանավորված՝ այլևս չի կարողանում կայուն փոխհարաբերություններ պահպանել միայն մեկ օղակում: Այս հոդվածի շրջանակներում կփորձենք քննարկել այդ օղակներից ամենակարևորի՝ ընտանիքի պահպանման և դրանում կատարվող փոխհարաբերություններում ծագող խոչընդոտների հաղթահարման գործընթացը:
Լինելով սոցիալական էակներ, մենք անընդհատ ձգտում ենք ինքնակատարելագործվել, և շատ դեպքերում անձնային շահն ընտանիքի անդամների շահերից, ենթագիտակցաբար թե գիտակցաբար, առաջ է անցնում: Նման դեպքերում տեղի են ունենում բախումներ, որոնք հիմնականում արտահայտում են ներքին անհարմարվողականություն իրականության հետ: Սակայն, քանի որ ընտանիքը բաղկացած է մեզ համար հարազատ և սիրված անհատներից, ապա վրդովմունք հարուցող գանգատներն առերես չեն հնչեցվում, և, կուտակվելով՝ մի օր դուրս են ժայթքում՝ անդառնալի կամ կործանիչ վնաս հասցնելով ընտանեկան կառույցին: Նման հուզական ֆոնն անձի մոտ կարող է առաջանալ հետևյալ պատճառներից ելնելով.
- Անձնային աճի պահանջ
- Անձնական կյանքի ձուլում ընտանիքի անդամների հետ
- Ընտանեկան առօրյա հոգսերի անվերջություն
- Անձի ինքնաիրականացման անբավարարվածություն
- Մասնագիտական աճի տուժում՝ ընտանեկան ծանրաբեռնվածության պատճառով
- Որոշակի անհատական պահանջների անբավարարում
- Ինքնուրույնության անհարմարվողականություն
- Որոշումներ կայացնելու հմտությունների բացակայություն՝ սկսած մանկությունից
- Անձնային ճգնաժամի դրսևորում ընտանեկան կառույցում՝ անհատի հասունացում
* Նոր սոցիալական դերի ստանձնման անպատրաստություն
- Պատասխանատվության ծանրաբեռնվածության գիտակցում
Պատճառները կարող են շատ և բազմազան լինել: Սակայն, ինչպես նկատեցինք, յուրաքանչյուր վերը նշված հանգամանքի մեջ առկա էր անձնային անհատական և առանձին ընտանիքի անդամներին դիտարկելու գործոնը:
Եթե կա ընդհանուր հասունություն, ներդաշնակություն, ապա անհատներն ընտանիքի ներսում միմյանց դիտարկում են՝ որպես ամբողջություն: Եվ այս գիտակցմանը միայնակ, սեփական կամքով հասնելը, շատ դեպքերում, մարդու համար բավականին խրթին է: Այստեղ է, որ մենք զգում ենք մի ուղղորդիչի, ճանապարհ ցույց տվող կետի կարիք, որը, մեր արժեքների, մտածողության, աշխարհընկալման հետ աշխատելով՝ կհանգեցնի այն կետին, որ մենք կսկսենք գիտակցել՝ երջանկության և համերաշխության կորիզի՝ միմյանց տեսակն ընդունելու պահանջը:
Մեր օրերում այդ ուղղորդիչը հանդիսանում է ընտանեկան հոգեբանը: Նա մի մարդ է, որն իր մարդկային և մասնագիտական հմտությունների շնորհիվ ձեռք է բերում ընտանիքի անդամների վստահությունը և համաձայնությունը՝ ընտանեկան յուրաքանչյուր իրավիճակ դիտել կողքից, լինել օբյեկտիվ, հույզերից զատ, և ցույց տալ կոնֆլիկտ առաջացնող այն բոլոր մանր կետերը, որոնք անդամների համար տեսանելի չեն:
Նրա գործառույթն է՝ լսել յուրաքանչյուր անդամին առանձին, նրա պահանջները, ցանկությունները: Ինչպես նաև, եթե կա անհրաժեշտություն՝ բոլորին լսել միաժամանակ, ինչն առավել արդյունավետ է, քանի որ այն ամենը, ինչ անհատական մակարդակում չի բարձրաձայնվում, մասնագետի առկայությամբ խրախուսվում է լիակատար անկեղծությունը: «ԵՍ»-ի մակարդակն իջեցվում է դեպի «Մենք» հասկացողության՝ հանգեցնելով ամբողջականության գիտակցման: Այս ամենը քննարկելով՝ փորձենք նշել ընտանեկան հոգեբանի հիմնական գործառույթները.
- Ունենալ մասնագիտական կոմպետենտություն
- Մաքրել սեփական հուզական և կոգնիտիվ խնդրահարույց դաշտը
* Հաստատել վստահելի հաղորդակցում
- Լինել օբյեկտիվ
- Վերլուծել և համադրել
- Ստեղծել թիմային, համագործակցող մթնոլորտ
- Կարգավորել հուզական դաշտը
- Ստեղծել անձնային աճին նպաստող տեղեկատվական մթնոլորտ
- Կարգավորել ընտանեկան կառույցը՝ սոցիալական դերերը՝ ըստ իրենց պարտականությունների
- Տանել դեպի ինքնակարգավորման
Իրականում արժեքներն անբովանդակ են դառնում, եթե դրանք մնում են զուտ խոսքային մակարդակում, երբ չեն վերածվում վարքի՝ նպաստելով կյանքի կատարելագործմանը: