Ղարաբաղյան հակամարտության բանակցային մանրամասները Սերժ Սարգսյանի ուղերձում
Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում առանձնակի կարևորություն էր տրված նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Հավանաբար դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ևս այս թեմայի շուրջ քննարկումները չէին դադարել, և կարիք կար երկրի առաջին դեմքի մակարդակով որոշակի պարզաբանումներ հնչեցնելու: Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ հայտարարություններն անպատասխան թողնել չի կարելի, «քանի որ դրանք կարող են սխալ մտայնությունների ձևավորման պատճառ դառնալ մեր հասարակության մեջ»։
Առանց անունների էլ՝ հասցեատերերը պարզ են
Թեև Սարգսյանն անուններ չտվեց, բայց հասկանալի է, որ խոսքը մասնավորապես վերաբերում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե ի տարբերություն իր կառավարման ժամանակահատվածի՝ բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմն այսօր շատ ավելի թույլ և խոցելի է։ Հիշեցնենք՝ էքս֊նախագահը հայտարարում էր, թե ծանոթ է բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին, որ անհրաժեշտ է փոխզիջումների հիման վրա հնարավորինս շուտ հասնել հարցի խաղաղ կարգավորմանը, և, որ 97թ.-ից մինչ օրս հայկական կողմի դիրքերը միայն թուլացել են։
Անդրադառնալով բոլոր այս գնահատականներին՝ նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել էր. «1997 թվականի դեկտեմբերի փաստաթուղթը չէր էլ հավակնում հիմնահարցի հանգուցալուծմանը, այլ, ինչպես իր վերնագիրն էր վկայում, ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը։ Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում` այս անգամ արդեն համեմված խաղաղապահ ուժերով և մի շարք այլ դրույթներով։ Հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ և հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ»:
Ի հակառակ այս ամենի՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումն ունենալու է իրավական պարտադիր ուժ։ Երկրի ղեկավարը նաև նշեց, որ, ի տարբերություն նախորդ շրջանի, աշխատանքային փաստաթղթերում ամրագրվեց նաև, որ հանգուցալուծման մեջ որոշիչ ձայն են ունենալու Արցախի ներկայացուցիչները: Այս առումով Սարգսյանը հղվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններին, որտեղ ամրագրված են թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքը, թե՛ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությունը, և թե՛ Արցախի ու Հայաստանի միջև ցամաքային կապի դրույթները։
Ազգային ժողովին ուղղված նախագահական ուղերձի այս հատվածի հիմնական հասցեատերը, առաջին հայացքից, իշխող ուժի քաղաքական ընդդիմախոսներն էին։ Սակայն նախագահ Սարգսյանի ձևակերպումներում առկա էին նաև հետաքրքիր շեշտադրումներ, որոնք լույս են սփռում բանակցային գործընթացի որոշ մանրամասների և տրամաբանության վրա։
Ոչ թե «տարածքների զիջում», այլ՝ «փոխզիջում»
Ի՞նչ ասել է՝ փոխզիջում, և ո՞րն է լինելու հայկական կողմի զիջումը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Իր ուղերձում Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, «որի էությունն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է»։
Հետաքրքիր ձևակերպում, որը «փոխզիջում» հասկացության հիմքում դնում է հայկական շահը։ Ընդհանրապես, պետք է նշել, որ վերջին շրջանում թե՛ պաշտոնական Երևանը, և թե՛ Ստեփանակերտը չեն խոսում տարածքային զիջումների հնարավորության մասին։ «Փոխզիջում» եզրը, որը վաղուց է արդեն շրջանառվում միջնորդների կողմից և բանակցային գործընթացի հիմնական շարժիչ ուժն է, յուրահատուկ ընկալում է ստացել թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական կողմերի համար։
Ասելով «փոխզիջում»՝ նրանցից յուրաքանչյուրն այլև մեկ բան է հասկանում։
Ադրբեջանի համար դա իր կազմում Արցախի ինքնավար կարգավիճակն է, Հայաստանի համար՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչումը։ Մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ, այսինքն՝ մինչ ապրիլյան ռազմական գործողությունները, կողմերը միանգամայն այլ կերպ էին հասկանում «փոխզիջում» ասվածը։ Այն ժամանակ Ադրբեջանի համար դա պատերազմի չվերսկսումն էր, խաղաղ ճանապարհով հարցի կարգավորումը, իսկ հայկական կողմի համար՝ տարածքային զիջումների միջոցով անվտանգության երաշխիքների ստանալը և Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ թեկուզ և ժամանակի մեջ ձգձգվող իրավական գործընթացի միջոցով։
Այսօր երկուսի դիրքորոշումներն էլ փոխվել են: Սա կարևոր նյուանս է, որն այլևս չի քողարկվում անգամ երկրի ղեկավարի կողմից։ Այլևս հստակ հայտարարվում է, որ «Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի»։
Բանակցվող փաստաթուղթը շարունակում է գաղտնի մնալ
Երկրորդ կարևոր պահը Սարգսյանի խոսքում, թեկուզև անուղղակի, Մադրիդյան փաստաթղթի քննադատությունն էր։ Մասնավորապես, խոսելով այդ սկզբունքների ենթագլուխներից մեկի մասին (որի «հայրությունը», հիշեցնենք, «ճանաչել էր» Վարդան Օսկանյանը)՝ նախագահ Սարգսյանն ասել է, թե Մադրիդյան փաստաթղթի այդ պարբերությունը լուրջ հարցեր էր առաջացնում. «Ըստ դրա՝ Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արևմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի»:
Իհարկե, այսպես կոչված՝ «Մադրիդյան սկզբունքներն» առաջին անգամ չէ, որ քննադատվում են հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների կողմից։ Բայց երկրի ղեկավարի շուրթերից նման ձևակերպումներ առաջին անգամ են հնչում, ինչն առնվազն նշանակում է, որ տխրահռչակ այդ փաստաթուղթն իր նախկին տեսքով այլևս բանակցությունների սեղանին չի քննարկվելու։
Եվ երրորդ կարևոր հանգամանքը, որը նորություն էր երկրի ղեկավարի խոսքում, վերաբերում էր Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթին։ Իր ուղերձում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշեց, որ «մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք»։ Սա առնվազն նշանակում է, որ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր աշխատում են մի փաստաթղթի վրա, որը, չնայած նախկինում արված բոլոր բացահայտումներին, շարունակում է գաղտնի մնալ։ Սերժ Սարգսյանի խոսքից հետևում է, որ այն հիմնված է Կազանյան փաստաթղթի վրա։ Իսկ դրա՝ որպես հայկական կողմի շահերին համապատասխան լինելու ապացույց, խոսում են Ադրբեջանի ղեկավարի այն բողոքները, որ բանակցությունների փակ սենյակում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։
ԿՆՅԱԶ ՍԱՐՈՅԱՆ
քաղաքագետ