«Այս կառավարության ձեռքբերումներից մեկը ներդրողների մոտ դրական որոշ սպասումներ առաջացնելն է եղել». Ատոմ Մարգարյան
«2016 թվականի ներդրումային իրողությունների հետ համեմատելիս՝ կարող ենք ասել, որ հիմա որոշակիորեն բարելավված վիճակ է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ դոցենտ Ատոմ Մարգարյանը:
Նրա խոսքով՝ 2016 թվականը ներդրումների առումով բավական անբարենպաստ է եղել, թերևս, ամենավատը վերջին 8 տարիների ընթացքում՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմը և հուլիսյան դեպքերը, որոնք և՛ քաղաքական դաշտի, և՛ նաև ներդրումային դաշտի համար, ըստ էության, ցնցումային էին: Ու սա, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ թե՛ ներքին, և թե՛ արտաքին ներդրողների սպասումների, պլանների վրա: «Այս տեսանկյունից այս գործոնները պայմանավորեցին ներդրումների ծայրահեղ ցածր մակարդակը»:
Ատոմ Մարգարյանի նշած մյուս կարևոր գործոնը պայմանավորված է քաղաքական փուլով: «Ընտրությունների հետ կապված սպասումներն էին, կառավարության փոփոխությունն էր, որոնք ներդրողների շուկայում զգուշավորություն և բացասական սպասումներ են առաջացնում, քանի որ ներդրողը շատ զգայուն է, նա միշտ այլընտրանք ունի՝ գնահատելու հարևան երկիրը, տարածաշրջանը»:
Բացի այս գործոններից՝ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ ներդրումային գործընթացների վրա ազդել են տնտեսական քաղաքականության բացերը, սխալները: Արտաքին պարտքը եռապատկվել է, ինչը ներդրողների վարքագծի վրա էապես ազդում է:
Որպես գործոններ՝ Ատոմ Մարգարյանը վկայակոչեց նաև Հայաստանի հիմնական ներդրող երկրների, հատկապես՝ Ռուսաստանի, անբարենպաստ տնտեսական իրավիճակը, քանի որ 60 %-ը ներդրումները ստացվում են Ռուսաստանից: Խոսքը վերաբերում է թե՛ ուղղակի, և թե՛ անուղղակի ներդրումներին: Ըստ նրա՝ այս դեպքում շատ կարևոր է այն ռազմավարությունը, որով առաջնորդվում է երկիրը:
Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ եթե ներդրողները լուրջ մտադրություն ունեն որևէ երկրում դիրքավորվելու, ընտրում են այս երկիրը՝ բացառելով մյուսները, նրանք նայում են ոչ թե՝ ինչ կլինի 4-5 տարի հետո, այլ՝ 15-20 տարի հետո այդ երկիրը համաշխարհային տնտեսության և քաղաքականության կոորդինատների ո՞ր համակարգում է լինելու:
Ինչ վերաբերում է ներդրումային դաշտում առկա միտումներին, ապա, Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ քաղաքական այն ցիկլը, որով Հայաստանը մտավ խորհրդարանական կառավարման համակարգ, ըստ էության, անցավ անցնցում:
«Ներդնողների համար էական չէ, թե ի՞նչ է կատարվում ընտրությունների շրջանում, կարևոր է, որ ֆորսմաժորներ չլինեն, և կանխատեսելի լինի քաղաքական ուժերի վարքագիծը, որը ձևավորում է կառավարություն: Այս կառավարության ձեռքբերումներից մեկը դրական որոշ սպասումներ առաջացնելն է եղել»:
Հայաստանի ներդրումային դաշտում առկա միտումների առողջացման ուղիներից մեկը, տնտեսագետի դիտարկմամբ, պետք է լինի միջազգային որոշ մոդելներ դիտարկելը ու այդ մոդելներից մի քանիսի տարրերը ՀՀ-ում տեղայնացնելը:
Անի Թորոսյան