«Հայաստանը կարող է լավ շուկա դառնալ». ամերիկյան ներդրողները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ոլորտով
ԱՄՆ դեսպանատունն այսօր կազմակերպել էր վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողով, որին մասնակցում էին ամերիկյան և հայկական ընկերություններ։
Լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասաց, որ էներգետիկայի արտադրության ոլորտի հետ կապված Հայաստանը կարող է հպարտությամբ նշել այն ճանապարհը, որն անցել է այս 25 տարվա ընթացքում։ Իսկ վերջին 5 տարիների ընթացքում էներգիայի արտադրությունը Հայաստանում, ըստ դեսպանի՝ 20% աճ է արձանագրել։
«Այսօր Հայաստանում կան էներգաարտադրման կարողություններ, ինչը նշանակում է, որ Հայաստանի շուկան ընդլայնվում է, և արդեն տարածաշրջանային նկատառումներ այստեղ կարելի է քննության առնել։ Այս հնարավորությունները ներառում են թե՛ ավանդական էներգաարտադրությունը, թե՛ նոր՝ վերականգնվող կանաչ էներգիայի աղբյուրների կիրառումը»,- ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ համաժողովի նպատակն է՝ ներկայացնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում առկա հնարավորությունները։
«ԱՄՆ դեսպանության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն առևտրի, ներդրումների, կոմերցիոն կապերի ամրապնդումն է մեր երկու երկրների միջև։ Էներգետիկ ոլորտը, կարծում եմ՝ այն ոլորտն է, որի նկատմամբ կարող է հետաքրքրություն լինել ամերիկյան գործարարների կողմից, և դա, բնականաբար, երկուստեք շահավետ կլինի թե՛ տեղի գործարարների, թե՛ ամերիկյան գործարարների համար»։
«Ո՞րն է լինելու ամերիկյան կողմի աջակցությունը» հարցին նա պատասխանեց, որ դեսպանությունը չի կարող արդյունքների մասին որևէ երաշխիք տալ. «Մեր աշխատանքն այն է, որ մեկ հարկի տակ ենք հավաքում ամերիկյան գործարարների, ոլորտի հնարավոր պոտենցիալ հայ գործարարներին, ներկայացնում հնարավորությունները, օգնում, որ նրանց միջև երկխոսություն ձևավորվի։ Այսօրվա համաժողովն էլ նման մի քայլ է։ Դա Հայաստանի գործարարների, կառավարության խնդիրն է, որպեսզի ձևավորեն, ներկայացնեն, թե ինչով է հրապուրիչ Հայաստանն ամերիկյան ներդրողների համար, և առավելապես կարևոր է, որպեսզի կառավարության կողմից երաշխիքներ լինեն, որ հավասար խաղի կանոններ կլինեն բոլորի համար»։
Դեսպանը նշեց, որ ամերիկյան ընկերությունների կողմից շատ մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել այս ոլորտի նկատմամբ։
Հենց այդ ընկերություններից մեկի՝ «Մակլեան փաուեր ինթերնեշընըլի» ղեկավար Մարգարեթ Մակլեանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է գրավիչ Հայաստանն իրենց ընկերության համար։ «Հայաստանում ես մեծ ներուժ եմ տեսնում էներգետիկ ոլորտում։ Հայաստանը կարող է լավ շուկա դառնալ, և այդ առումով զարգացման մեծ հեռանկարներ կան»,- պարզաբանեց նա։
Ինչ վերաբերում է «Մակլեան փաուեր ինթերնեշընըլի» գործունեությանը, նա նշեց, որ իրենց ընկերությունը մասնագիտացած է հոսանքի փոխանցման և բաշխման սարքավորումների արտադրության ոլորտում. «Մենք օգնում ենք արտադրման վայրից հոսանքը փոխանցել վերջնական սպառողին, և շուրջ 20 հազար անուն արտադրանք ունենք, որոնք այս շղթայի ապահովման համար են»։
Ներդրումների վերաբերյալ Մակլեանը նշեց, որ համաժողովին մասնակցում են՝ հասկանալու համար, թե զարգացման ի՞նչ մեխանիզմներ է փնտրում հայաստանյան շուկան, ու ինչպես են մտադիր այս ոլորտում իրենց աշխատանքները ծավալել. «Նախ՝ մենք կուսումնասիրենք արդյունաբերական ճյուղը և գյուղական հոսանքամատակարարման ուղղությունը. այն ուղղությունները, որոնք ամենաշատ օգուտները կարող են ստանալ այս ոլորտի դրական տեղաշարժից»։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն էլ ամերկյան ընկերությունների հետաքրքրվածությունը բացատրեց նրանով, որ Հայաստանում կատարված բարեփոխումները, ներդրումային ծրագրերն այնպիսի արձագանք են ստացել, որ օտարերկրյա ընկերությունները ցանկանում են ներդրումներ կատարել հենց վերականգնվող էներգետիկայի ոլորտում. «Մենք ունենք իրենց ներկայացնելու հստակ ծրագրեր։ Այս պահին 55 մեգավատտ արևային կայանի մրցույթը մեկնարկել է, դեռ նախաորակավորման փուլում է, և կարող եմ ասել, որ բավական ակտիվ մրցույթ ենք ունենալու, քանի որ աշխարհի տարբեր ծայրերից, ներառյալ՝ ԱՄՆ-ից, մասնակցության հայտեր ունենք»։
Նա նշեց, որ 55 մեգավատտ կայան կառուցելու համար միջինը մոտ 50 մլն դոլարի ներդրում է հարկավոր. «Մեր վերականգնվող էներգետիկ ռեսուրսը, կարելի է ասել՝ անսահմանափակ է. միայն 6000 մեգավատտ արևային տնտեսապես շահավետ ռեսուրս ունենք Հայաստանում։ Այլ հարց է, թե երբ և ինչ գնով դրանք պետք է կառուցվեն։ Դա կախված կլինի ընդհանուր սակագնային քաղաքականությունից և այն գնից, որ կստանանք այս մրցույթից»։
Նրա խոսքով՝ Հայաստանի էներգետիկ ոլորտը բոլոր ներդրողների համար բավական գրավիչ է, քանի որ, ըստ նրա՝ կա կանխատեսելի կարգավորման դաշտ, ֆինանսապես ստաբիլ էներգետիկ համակարգ, հստակ մշակված ներդրումային ծրագրեր, և կան օրենքով նախատեսված երաշխիքներ շուկայի համար. «Եթե շուկան երաշխավորված է առնվազն 15-20 տարով, ռեսուրսը շատ լավն է, կարգավորման դաշտը լավն է, օրենսդրական մեխանիզմները տեղում են, ապա, կարելի է ասել՝ պայմաններն իդեալական են ներդրողների համար»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում արդյո՞ք նշանակում է, որ իրենց ատոմային էներգետիկայի առումով հեռանկար չեն տեսնում Հայաստանում։ «Դրանք ընդհանրապես իրարամերժ ուղղություններ չեն, և բոլոր երկրները ձգտում են էներգետիկ ոլորտի մաքսիմալ դիվերսիֆիկացման, ներառյալ՝ Հայաստանը։ Վերականգնվող էներգետիկան ատոմային էներգետիկայի համար ներկա պահին որևէ վտանգ չի սպառնում»։