Բաժիններ՝

«Թատրոնը մարդկանց առջև հայելի պահող է և ոչ՝ դաս տվող». Լուսինե Երնջակյան

Երևանի մշակութային կյանքի անբաժան մասն է կազմում Երևանի Կամերային թատրոնը, որն առանձնանում է իր յուրահատուկ խաղացանկային ձևաչափով և միշտ կարողանում է նրբորեն ներկայացնել հումորով համեմված դառն իրականությունը։ Ինչպե՞ս է դա  ստացվում, մեզ հետ զրույցում պարզաբանում է թատրոնի բեմադրիչ, ռեժիսոր Լուսինե Երնջակյանը։

«Հարցը նրանում է, որ թատրոնի համար ընտրվել է ճիշտ ժանր: Կամերային թատրոնի դրամատուրգիան, որը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն անվանել է «ողբերգական կատակերգություն», ես համարում եմ  դրամատուրգիական ամենաճիշտ տարբերակ. այն պարտադրող չէ, քանի որ, ներկայացնելով դրաման հումորով, թույլ է տալիս ներթափանցել մարդկանց հոգու խորքը: Ըստ իս՝ սա թատրոնի համար իդեալական ձև է»,- ասում է նա:

– Լուսինե, ռեժիսորական աշխատանքները սկսել եք, երբ դեռևս ուսանող էիք։ Հաջողության հասնելու ճանապարհին ի՞նչ խոչընդոտների է հանդիպում երիտասարդ արվեստագետը:

– Այո, բայց ընդհանրացնել իմ դեպքում դժվար կլինի, քանի որ իմ պարագայում բոլորովին այլ էին դժվարությունները. ինձ ամեն ինչ շատ ավելի հեշտ է տրվել, և ես սա հասկանում եմ։ Ես ունեցել եմ արդեն թատրոն, ես հստակ գիտեի, թե որտեղ եմ աշխատելու: Եթե ուրիշները խնդիր են ունենում հնարավորություն ստանալու գործում, ապա ես խնդիր ունեի ապացուցելու, որ ես արժանի եմ այդ հնարավորությանը, ես խնդիր ունեի ցույց տալու, որ ես ինքնուրույն ստեղծագործող եմ, և ոչ թե՝ հայրիկիս գործերն իմ անվան տակ ներկայացնող, որն ինձ մոտ հեշտությամբ ստացվեց, և իմ առաջին գործը` «Փնտրվում է տղամարդ», իր տեսակով բոլորովին այլ էր, տարբերվող էր, այն չեղավ նրա (Արա Երնջակյանի) ձեռագրի շարունակությունը։ Դա, իհարկե, մտածված չէր, բայց ուրախ եմ, որ դրանով ցույց տվեցի իմ ինքնուրույնությունը:

Կարդացեք նաև

– Իսկ  դպրոցական տարիներին մասնագիտության ընտրության հարցում այլ տարբերակներ կայի՚ն:

– Այո՛, կար, ես ընդունվեցի Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, սովորեցի մեկ տարի, որից հետո հասկացա, որ այն իմը չէ, դուրս եկա ու ընդունվեցի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ՝  Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը:

– Խոսեցիք Ձեր բեմադրած առաջին ներկայացման մասին՝ «Փնտրվում է տղամարդ», որը բեմադրել եք 19 տարեկանում։ Եթե հիմա վերանայեք այն՝ ի՞նչը կփոխեք:

– Իհարկե, որոշ փոփոխությունների կարիք կլինի, բայց այն ինձ համար շատ սիրելի ներկայացում է, ուստի երբևէ չեմ ցանկանա այն բեմադրել այլ դերասանական կազմով: Սա իմ ամենից սիրած ներկայացումն է:

– Մի անգամ նշել եք, որ  որոշ չափով  Ձեզ նմանեցնում եք այդ ներկայացման կնոջ կերպարին՝ Բեատրիսին։ Ինչո՞ւ հենց նրա կերպարը:

– Չեմ հիշում, բայց երևի թե ասել եմ նման բան, քանի որ նա ներկայացնում է կնոջ հավաքական կերպար. եթե կինը ոչ միշտ է արտահայտվում, ապա նա բացեիբաց ասում է այն, ինչ զգում է, նա անընդհատ փնտրտուքների մեջ է, և հանդիսատեսի կազմում գտնվող յուրաքանչյուր կին կարող է  իրենից մի մասնիկ տեսնել Բեատրիսի կերպարում:

– Վերջերս առիթ ունեցա դիտելու «Ալբանիա+» ներկայացումը, որը թեև բեմադրվել է տարիներ առաջ, սակայն դեռևս արդիական է։ Ներկայացման մեջ հնչում է մի այսպիսի արտահայտություն. «Ես ուզում եմ, որ գոնե մեկ անգամ ազգովի ճիշտ ընտրություն անենք»: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք, այսօր Երևանի քաղաքապետի ընտրություններն են:

– Այստեղ կա մի հետաքրքիր բառախաղ. այդ արտահայտությանը հետևում է հարց, թե ո՞րն է ճիշտ ընտրությունը, և որպես պատասխան՝ հնչում է. «Այն, որը սխալ չէ»: Թատրոնը մարդկանց առջև հայելի պահող է, և ոչ թե՝ դաս տվող, մենք ցույց չենք տալիս ճիշտ ճանապարհը, այլ փորձում ենք կոչ անել՝ կանգնել ճիշտ ճանապարհին։ Իսկ թե ո՞րն է այդ ճանապարհը, ընտրում է յուրաքանչյուրը:

– Թատրոնի խաղացանկին ավելացավ «Ռոմեո և Ջուլետը»։ Թերևս, չկա մի թատրոն, որտեղ այն բեմադրված չլինի։ Արդյոք համարձակ քայլ չէ՞ր՝ կրկին անդրադառնալ բոլորին արդեն ծանոթ ստեղծագործությանը:

– Կարծում եմ՝ թատրոնի յուրաքանչյուր գործն է համարձակ քայլի դրսևորում: «Ռոմեո և Ջուլետը»՝ հայտնի լինելով բոլորին, մենք խնդիր ունեինք այն նորովի ներկայացնել: Միակ բանը, որը փոփոխության չի ենթարկվել՝ շեքսպիրյան խոսքն է, իհարկե, որոշ կրճատումներով: Հանդիսատեսին մենք կարողացանք պահել հետաքրքրված, լարված վիճակում, նրանք անհամբեր սպասում են ավարտին, թեև գիտեն, թե ինչ է լինելու վերջում: Ներկայացումից հետո ստացած արձագանքները  ցույց տվեցին, որ մենք խնդրին  հաջող լուծում ենք տվել: Հիմա վստահ եմ, որ այն իր մնայուն տեղը կգտնի մեր խաղացանկում:

– Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը:

– Շատ դրական, ես լսում եմ բոլորին, բայց միանշանակ ընդունում եմ  հայրիկիս և Արշալույս Հարությունյանի քննադատությունները, որոնք առողջ քննադատություններ են, և որոնց միանգամայն վստահում եմ:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ներկայացման ժամանակ դերասանների կողմից կատարվող իմպրովիզները:

– Մեզ մոտ իմպրովիզը շատ առողջ երևույթ է, որը հաճախակի է օգտագործվում, սակայն  միշտ խուսափում ենք ծայրահեղ իմպրովիզների կիրառումից, ունենք ներկայացումներ,  որոնց ընթացքում այն ողջունելի է, բայց խիստ դեմ կլինեմ, եթե «Ռոմեո և Ջուլետի» ընթացքում դրանք կիրառվեն:

– Երբևէ ցանկություն չե՞ք ունեցել բեմում լինել՝ որպես կատարող դերասան, և ո՛չ՝ որպես բեմադրիչ:

– Ո՛չ, դա ինձ հիշեցնում է համալսարանական տարիները. թեև Ռաֆայել Ջրբաշյանն ասում էր, որ լավ բեմադրիչն առաջին հերթին լավ դերասանն է, ես երբեք լավ դերասան չեմ եղել և չեմ լինի: Ես ինձ այլ վայրում այնքան վատ չեմ զգում, ինչպես բեմում, բայց դահլիճում՝ որպես բեմադրիչ խոսելիս, ինձ զգում եմ՝ ինչպես տանը:

– Ունե՞ք որևէ կարգախոս, որը Ձեզ համար կարող է լինել շարժիչ ուժ:

– Կարգախոս, որպես այդպիսին, չունեմ, սակայն դեռ մանկուց հայրս ինձ միշտ ստիպել է չհանձնվել՝ թե՛ գործնական և թե՛ ընտանեկան հարցերում, և այդ «չհանձնվելը» միշտ ինձ հետ է. երևի թե դա կարելի է կարգախոս համարել:

Արփինե Հախվերդյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս