Երևանում մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը

Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը. ժամը 08:00-­ից մայրաքաղաքում բացվել են բոլոր 474 ընտրական տեղամասերը: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-­ն, որից հետո տարածքային ընտրական հանձնաժողովներում կսկսվի ձայների հաշվարկը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը: Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուն Զարուհի Փոստանջյանը, իսկ «Ելք» դաշինքն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են տեղական 32, միջազգային երեք լրատվամիջոցներ: Մայիսի 14-­ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված միջազգային լրատվամիջոցներն են` «Արևելք»­-ը, T24 օրաթերթը, «Կավկազսկիյ ուզել»-­ը:

Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ տեղական լրատվամիջոցների հետաքրքրությունը բավականին մեծ է: Տեղական լրատվամիջոցներից ընտրությունները լուսաբանելու համար ամենաշատ ներկայացուցիչներ հավատարմագրել է «Ազատություն» ռադիոկայանը` 40 ներկայացուցիչ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հավատարմագրել է 35 ներկայացուցիչ, «Շանթ» հեռուստաընկերությունը` 23, Armrus.info կայքը` 37, «Հայկական ժամանակ» օրաթերթը` 24 ներկայացուցիչ: Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ­ում հավատարմագրվել են ԶԼՄ 436 ներկայացուցիչ:

Ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀ­ում հավատարմագրվել են դիտորդական առաքելություն իրականացնող տեղական 17 կազմակերպություն: Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու ընտրությունները կդիտարկեն 5138 դիտորդ: Երևանի ավագանու ընտրությունների նկատմամբ այնքան էլ մեծ չէ միջազգային դիտորդական կազմակերպությունների հետաքրքրությունը: Ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է ընդամենը մեկ միջազգային դիտորդական կազմակերպություն` Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը:

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել դրանց տեղակայման վայրերը: Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով: Առաջին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, երկրորդը՝ Նոր Նորք վարչական շրջանը, երրորդը՝ Քանաքեռ­Զեյթուն վարչական շրջանը, չորրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը, հինգերորդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, վեցերորդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, յոթերորդը՝ Մալաթիա­Սեբաստիա վարչական շրջանը, ութերորդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, իններորդը՝ Նորք­Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները, տասներորդը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները: Ընդհանուր առմամբ Երևանում կգործի 474 ընտրական տեղամաս:

Տեսանյութեր

Լրահոս