«Գյուլի ժամանակ Թուրքիան փորձում էր հարաբերություն կառուցել Հայաստանի հետ». Մուրադ Յեթքին

Թուրքական «Hurriyet» պարբերականի սյունակագիր Մուրադ Յեթքինը հոդված է հրապարակել, որտեղ անդրադաձ է կատարվում վերջին տարիներին արտաքին քաղաքականությունում Թուրքիայի ձեռք բերած հաջողությունների և անհաջողությունների մասին:

Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք ձեռք բերված գլխավոր հաջողությունների մասին, առաձնացնում է 2016թ. մարտին Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված փախստականների վերաբերյալ պայմանագիրը: Ըստ նրա` չնայած, որ կողմերի միջև հարաբերությունները այժմ սրված են, այնուամենայնիվ, այդ պայմանագիրը մինչ օրս էլ մեծ դեր է խաղում Թուրքիա-ԵՄ հարաբերություններում:

Միևնույն ժամանակ կողմերի միջև լարվածություն առաջացնող հանգամանք էր այն, որ Թուրքիայում սկսեցին խոսել մահապատժի վերականգման մասին, ինչը դեմ է եվրոպական սկզբունքներին:

Անդրադառնալով Գերմանիայի հետ հարաբերություններին՝ հեղինակը նշում է. «Թուրք-գերմանական հարաբերություններում շատ խնդիրներ կան և դրանք մինչև 2017թ. Գերմանիայում կայանալիք կանցլերի ընտրությունները, հավանաբար, լուծում չեն ստանա»:

Նշվում է, որ չնայած 2016թ. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ քիչ թե շատ կարգավորվեցին Թուրքիայի և Ռուսաստանի  հարաբերությունները, այնուամենայնիվ, դրանք վերջնականապես չեն ամրապնդվել, դրա վառ ապացույցն էր ռուս դեսպանի սպանությունը Թուրքիայում: Նշյալ իրադարձությունները իրենց բացասական ազդեցությունը թողեցին ոչ միայն տուրիզմի և գյուղանտնեսության, այլև երկկողմանի տնտեսական հարաբերությունների վրա:

Յեթքինը չի խուսափել անդրադարձ կատարել նաև թուրք-իսրայելական հարաբերություններին: Չնայած «Մավի մարմարայի» դեպքերից հետո տարիներ անց, նկատվեց որոշակի կամք` կարգավորելու հարաբերությունները, այնուամենայնիվ, վերջին օրերի իրադարձությունները նոր խոչընդոտ առաջացրեցին այդ հարցում: Մասնավորապես սյունակագիրը նկատի ունի այն հանգամանքը, որ Իսրայելի խորհրդարանում քննարկման դրվեց օրինագիծ, որով նախատեսվում է արգելել վաղ առավոտյան և ուշ գիշերը կատարվող մուսուլմանական աղոթքի (էզան) կատարումը բարձրախոսների միջոցով:

Նրա խոսքերով` այժմ չի կարելի ասել, որ Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ), Հունաստանի և Եգիպտոսի հետ գտնվում են լավ վիճակում: «Դրանք շատ հեռու են լավ լինելուց», -նկատում է Յեթքինը:

Այնուհետև հեղինակը խոսելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և այդ ժամանակվա արտգործնախարար Ալի Բաբաջանի վարած քաղաքականության մասին, նշում է, որ այդ ժամանակ Թուրքիան Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի կառավարության հետ փորձում էր որոշակի հարաբերություններ կառուցել:

Նրա գնահատմամբ` ի տարբերություն Ահմեթ Դավութօղլուի վարչապետ լինելու ժամանակաշրջանի, որի ընթացքում Թուրքիան վարում էր ավելի գաղափարախոսական արտաքին քաղաքականություն, ներկայումս նման միտում չկա:

Հոդվածի վերջում թուրք սյունակագիրը տարակուսանքով հարց է բարձրացնում. «Արդյո՞ք Էրդողանի անցկացրած սահնադրական հանրաքվեն օգուտ կտա Թուրքիայի անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը»:

Տեսանյութեր

Լրահոս