Արդյոք ՀՀ արտաքին քաղաքականության ներկայիս կուրսը փոփոխության կենթարկվի՞

Հայաստանն ունի նոր խորհրդարան, որը գործելու է նոր կառավարման կարգի՝ պառլամենտական հանրապետության պայմաններում։ Փորձագետներից փորձեցինք պարզել, թե ընդհանրապես ի՞նչ դերակատարում կարող է ունենալ նոր խորհրդարանը Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման և իրագործման առումով, և որքանո՞վ ՀՀ արտաքին քաղաքականության ներկայիս կուրսը կարող է փոփոխության ենթարկվել՝ պայմանավորված նոր ԱԺ-ի գործունեությամբ։

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի վերացումն արդեն իսկ ցուցիչ է, թե ինչ ուղղություն է որդեգրելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը. «Խորհրդարանական կառավարման պայմաններ լինեն, միանձնյա նախագահական լինի թե վարչապետական, միևնույն է՝ Հայաստանն ինտենսիվ գնում է ՌԴ-ին կցորդ լինելու ճանապարհով։ Դա երևում է ամենուրեք։ Դա երևաց  վերջերս մեր պաշտպանության նախարարի խոսքից, որը ՌԴ-ին բացատրում էր Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու վնասները։ Ինձ թվում է՝ սուվերեն զոնան ոչ թե պետք է բացատրեր, որ Ռուսաստանի շահերից չի բխում Ադրբեջանին զենք վաճառելը, այլ հայտներ իր բողոքն առ այն, որ Ադրբեջանին զենք է վաճառվում։ Մեր դիվանագիտությունը Ռուսաստանի հետ մեղմ վարվելու և այլ երկրներից իզոլյացիայի մեջ գտնվելու արտաքին դիվանագիտությունն է, և այդ տենդենցը քանի գնա՝ խորանալու է»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ ընդգծեց, որ, թեև պառլամենտական համակարգով գլխավոր դեմքը վարչապետն է, որը պատասխանատու է նաև արտաքին քաղաքականության համար, բայց դեռևս հայտնի չէ, թե մեզ մոտ դա ինչպես է լինելու.

«Մեզ մոտ հաճախ հայտարարվածը չի համապատասխանում ռեալությանը: Օրինակ՝ այսօր ձևավորված է մի խորհրդարան, որտեղ մի կուսակցությունն ունի մոտ 60% ձայն, ինչը նշանակում է, որ միակուսակցական համակարգ է ձևավորվում, ուրեմն՝ այդ կուսակցությունն ու նրա կողմից նշանակված վարչապետն էլ կթելադրեն խաղի կանոնները։ ՀՀԿ-ի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները հիմա որոնք են, դրանք էլ կլինեն առաջիկայում։ Այլ երկրներում, որտեղ ստեղծվում է կոալիցիա, միայն մեկ ուժ չի դառնում մեծամասնություն, այդ կոալիցիոն կառավարությունն էլ ձևավորում է արտաքին քաղաքականություն։ Այնտեղ ձեր հարցադրումը շատ տեղին կլիներ, որովհետև նույնիսկ հաղթող ուժը կարող է չթելադրել արտաքին քաղաքականություն, քանի որ մեծամասնություն ստանալու համար մտնում է կոալիցիա, ու կոալիցիայի փոքր անդամը կարող է թելադրել իր խաղի կանոնները»։

Իսկ Հայաստանում, ըստ Գրիգորյանի՝ ՀՀԿ-ն զուտ ֆորմալ կոալիցիա է կազմել ՀՅԴ-ի հետ, ՀՀԿ-ն մեծամասնություն է, և նրա մոդելն էլ կիրականացվի. «Հետևաբար, չեմ կարծում, որ որևէ նորություն կլինի։ ՌԴ-ի բավական ուժեղ ազդեցությունը կշարունակվի, փորձ կարվի աշխատել նաև ԵՄ-ի հետ, առանձին դեպքերում դա հաջողությամբ կպսակվի, առանձին դեպքերում՝ ոչ»։

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի կարծում, թե կառավարման համակարգի տեսակը որևէ ձևով կանդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա. «Մեր արտաքին քաղաքականությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական այն առանձնահատկություններով, որոնցում գտնվում է Հայաստանը, որոշ տրադիցիաներով, նաև՝ Արցախի հակամարտությունը, հայ-թուրքական հարաբերությունները, ռուսական գործոնը, և այլն, ստեղծում են որոշ շրջանակներ, որոնցից հնարավոր չէ դուրս գալ։ Հետևաբար, այսպես կոչված՝ բալանսավորված արտաքին քաղաքականությունը կպահպանվի։ Խորհրդարանական ձևն ուղղակի հնարավորություն կտա ավելի շատ քաղաքական ուժերի ներգրավված լինել կադրային հարցերի մեջ, նաև՝ հնարավորություն կտա զարգացնել խորհրդարանական դիվանագիտությունը։ Դա հատկապես կարևոր է եվրոպական ուղղության տեսանկյունից»։

Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պառլամենտական կառավարումը՝ մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Ա. Սեդրակյանն ասաց, որ սպասվող վտանգների մասին ինքը խոսել է դեռևս սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ.

«Անբարենպաստ պայմանագրերի միանձնյա կնքումը մեղքը միանգամից բարդում էր նախագահի, այսինքն՝ որոշում կայացնողի վրա։ ԱԺ-ն կարող է նույն ճնշման տակ ընդունել ՀՀ-ի համար ոչ ցանկալի փաստաթուղթ, բայց, միևնույն ժամանակ, դա արդեն չի լինի ինչ-որ մեկի ուսերին բարդվող մեղք, այլ դա մեղքի չափաբաժինը մեծ քանակությամբ մարդկանց մեջ բաժանել կլինի։ Իսկ մենք գիտենք, որ, եթե սխալ գործողությունն անձնավորված չէ, ընդհանրապես ցրված է տարբեր ուղղություններով, ապա այն դադարում է լինել հասցեական, հետևաբար՝ դադարում է հասցեական լինել նաև պատիժը»։  Նրա կարծիքով՝ թեև 2018թ. վարչապետն է լինելու երկրի առաջին դեմքը, բայց քննադատությունների սլաքը նրա կողմը չի ուղղվի, քանի որ վարչապետը նման որոշումներ առանց պառլամենտի չի կայացնելու։

Ս. Գրիգորյանը նույնպես կարծում է, որ պատասխանատվությունից խուսափելու վտանգը մեծ է.

«Կարևոր հարցերում կսկսեն մեղքն իրար վրա գցել, և գիտեք, որ նույնիսկ տարբեր մարդիկ են լինելու գլխավոր հրամանատարները։ Անորոշության էլեմենտ կա, և, եթե պատերազմ սկսվի, պաշտոնապես չի հայտարարվում, որ պատերազմ կա, ուրեմն՝ ֆորմալ պատասխանատուն պաշտպանության նախարարն է, բայց ռեալ պատերազմի մեջ ենք, և պետք է պատասխանատու լինի վարչապետը։ Այդ ոչ ֆիքսվածությունը, թե ով է գլխավոր հրամանատարը, կարող է ստեղծել իրավիճակ, երբ պատասխանատվությունից բոլորը կսկսեն խուսափել։

Բայց նախորդ տարվա ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ, երբ իշխանությունը չի կարողանում Արցախի հարցում ադեկվատ արձագանքել կամ ուշ է արձագանքում, վերահսկողությունն իր վրա է վերցնում հասարակությունը։ Օրինակ՝ նախորդ տարի ՀՀ-ից և Սփյուռքից մոտ 25 հազար հոգի մեկ օրում հայտնվեցին Արցախում»։

Իսկ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ խորհրդարանական մոդելի պայմաններում Արցախի հարցում բանակցողը լինելու են երկրի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը. «Բայց դրա հետ մեկտեղ՝ հասկանալի է, որ Արցախի հարցում, ի տարբերություն նախագահական մոդելի, խորհրդարանական մոդելի դեպքում իշխող քաղաքական ուժի դերը կարևոր է այն իմաստով, որ և՛ վարչապետի, և՛ իշխող կուսակցության կամ կոալիցիայի քաղաքական պատասխանատվության հարցն է մեծանում։ ՀՀԿ-ի և ենթադրաբար՝ ՀՅԴ-ի քաղաքական պատասխանատվությունն այս հարցում չափազանց ավելանալու է, և ոչ թե մեկ անձի, այլ առնվազն կուսակցական էլիտայի որոշման, կոնսենսուսի խնդիր է լինելու»։

Ս. Մինասյանն էլ հիշեցրեց, որ, երբ Հայաստանն անցնում էր խորհրդարանական կառավարման մոդելին, ռազմավարական, անվտանգության բլոկի ամենակարևոր հարցերից մեկն այն էր, որ իր բոլոր թերությունների հետ մեկտեղ՝ նախագահական կամ կիսանախագահական ձևը հնարավորություն էր տալիս ավելի ճկուն ու կենտրոնացված ղեկավարել անվտանգության հարցերն ու արտաքին քաղաքականությունը.

«ՀՀ-ի նման երկրի համար, որը գտնվում է ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության վիճակում, դա շատ կարևոր էր։ Այստեղ հարցը լուծվում է արդեն այլ ձևով. Ավելի ցածր մակարդակի իրավական դաշտ ստեղծելով, որը կարգավորում է Անվտանգության խորհրդի գործունեությունը, որը սահմանում է վարչապետի և ուժային բլոկի նախարարների պարտականությունները։ Դա բավականին դժվար գործընթաց է լինելու և ենթադրելու է հարյուրավոր փոփոխություններ»։

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե՝ հնարավո՞ր է արմատական փոփոխություն բանակակցային գործընթացում, ապա, ըստ Ա. Սեդրակյանի՝ արմատական փոփոխություն կարող է լինել այն ժամանակ, երբ երկիրը փոխի իր արտաքին քաղաքական կուրսը, իր վերաբերմունքը, իր ներքին վարման կարգը. «Ընդ որում՝ ոչ թե ֆորմալ փոփոխի, այլ որոշակի փոփոխություններ անի՝ ոչ դեկլարատիվ մակարդակով։ Եթե այդ բոլոր փոփոխությունները երկրի ներսում չեն կատարվում, ապա ինչպե՞ս կարող է փոփոխվել բանակցային գործընթացը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները ժամ ժամի են լավանում, ոչ թե՝ օր օրի»։

Ս. Գրիգորյանն էլ կարծում է, որ արմատական փոփոխություն արդեն կատարվել է. «Ադրբեջանն անցել է նախապայմանային քաղաքականության, ինչն արմատական փոփոխություն է։ Ադրբեջանցիները, երբ հանդիպում են մեզ հետ, գալիս են ճշտելու՝ մենք հանձնո՞ւմ ենք Արցախը, թե՞ ոչ։ Մերոնք մերժում են, ու դրանից հետո սահմանին լարվածությունն աճում է։ Ոչ մի ուրիշ քննարկում չի լինում, թող ոչ ոք ոչ ոքի չխաբի»։

Ս. Մինասյանը բանակցային գործընթացում արմատական փոփոխություններ չի ակնկալում. «Բանակցային գործընթացում փոփոխությունները մեծամասամբ կախված չեն Հայաստանի դիրքորոշումից, այդտեղ մեծ է նաև Ադրբեջանի դերը, արտաքին պայմանների բարելավումը»։

Ա. Սեդրակյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի դեմ հետաքննություն է սկսվել՝ Ռուսաստանում կատարած անօրինականությունների համար. «Իսկ գիտե՞ք արդյոք, որ նույն թիմի հանդեպ հետաքննություն է գնում նաև Թուրքիայում։ Դա ցույց է տալիս, որ այդ երկրները կապված են շատ հզոր լարերով՝ կառուպցիոն, անօրինական գործունեության լարերով, որոնց արձագանքները հասնում են մինչև ԱՄՆ։ Դա նշանակում է, որ ՌԴ և Թուրքիա մերձեցման մեջ մենք, եթե արգելապատնեշ չենք դնում այդ երկու երկրների և մեր միջև, և եթե ինչ-որ ձևով չենք հայտարարում, որ մենք պատրաստ ենք ձուլվել քաղաքակիրթ աշխարհի հետ, այդ երկու երկրները՝ մերձենալով, կլուծեն իրենց բոլոր հարցերը՝ ոչ ի օգուտ մեզ։ Պարզ չէ՞, որ Թուրքիան ՌԴ-ի համար այնպիսի կարևոր տնտեսական և ստրատեգիական գործընկեր է, որ մի վայրկյան անգամ չի վարանելու Հայաստանի բոլոր ռազմաքաղաքական շահերը գետնով տալ»։

Սեդրակյանի խոսքով՝ այս պայմաններում Հայաստանը նախ և առաջ պետք է անցնի Իսրայելի զինվորական կառավարման համակարգին, որը պետք է ներառի ներքին զինվորական ժողովրդավարությունը և սոցիալական արդարության մոդելը. «Դրանից հետո, երբ այդ փոփոխությունն ակնհայտ կդառնա աշխարհի համար, Հայաստանը կարող է մտածել՝ տարբերակում դնել իր թշնամիների և բարեկամների միջև։ Մենք ապրում ենք աճպարարության արտաքին քաղաքականության մեջ, այսինքն՝ բացահայտ երկիրը մեր հանդեպ թշնամի է, բայց մենք, չգիտես՝ ինչու, անվերջ հայտարարում ենք, որ նա բարեկամ է, որովհետև մեր և ՌԴ-ի վերնախավերն իրար հետ կապված են նույն կոռուպցիոն թելերով։ Դա չի կարելի թույլ տալ, դա արդեն վնասակար չէ, է, դա արդեն ողբերգական է և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի համար»։

Իսկ խորհրդարան մտած նոր ուժը՝ «Ելք» դաշինքը, ըստ Սեդրակյանի՝ որևէ բան չի փոխի ՀՀ արտաքին քաղաքական ուղղության մեջ. «Ո՞նց կարող է «Ելքը» որևէ բան փոխել, եթե ինքը նախօրոք հայտարարել է, որ արևմտամետ ուժ չէ։ Դեռ չմտած, դեռ աջ ու ձախ չնայած, դեռ  թեր և դեմը չկշռադատած՝ խորհրդարանականի գործունեության մեջ, գլխանց հայտարարել են, որ հավատարիմ են ռուսական քաղաքական վեկտորին։ Ինչի՞ մասին է խոսքը»։

Տեսանյութեր

Լրահոս