«Խմբին միանալուց առաջ շաբաթներով մտածել ենք»
«Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը զբաղվում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմամբ, այս տարվա ապրիլի 27-ին հայտարարեց Անկախ դիտորդական խմբի ձևավորման մասին։
7 անդամից բաղկացած Խումբն իրականացնելու է Հայաստանում Ամուլսարի ծրագրի մոնիտորինգը՝ հետևելով, որ այն իրականացվի պարտավորվածությանը համաձայն՝ հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն փորձին համապատասխան: Անկախ խորհրդատվական խմբում ընդգրկված են բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային փորձագետներ:
Խմբի անդամները պարբերաբար հանդիպելու են՝ ծրագրի ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար, և կայուն զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ տրամադրելու են անկողմնակալ և առարկայական խորհրդատվություն:
Սա ներառում է բնապահպանական կառավարումը, սոցիալական կառավարումը, հանրային առողջությունը, ջրի կառավարումը, ինչպես նաև կենսաբազմազանությունը, թափոնների և ցիանիդի կառավարումը, սոցիալ-տնտեսական զարգացումը և մարդու իրավունքները:
Փորձագետների թվում է նաև մեր հայրենակից, առողջապահության ոլորտում միջազգայնորեն ճանաչված փորձագետ Հարություն Արմենեանը: Նա Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Առողջապահության ֆակուլտետի համաճարակաբանության պրոֆեսոր է, ինչպես նաև Ջոն Հոփկինս համալսարանի Առողջապահության դպրոցի պատվավոր պրոֆեսոր: Նաև Հայաստանում ամերիկյան համալսարանի նախկին նախագահն է:
«168 Ժամը» զրուցել է պրն Արմենեանի հետ՝ Անկախ դիտորդական խմբում իրենց կողմից ծավալվելիք գործունեության մասին։
– Պրն Արմենեան, որքանով հայտնի է, կատարվելու է լուրջ ծավալի աշխատանք, որի համար խմբի անդամները չեն վարձատրվելու։ Ի՞նչն է ստիպել տարբեր ոլորտներում կայացած լուրջ մասնագետներին մտնել նման բեռի տակ։
– Նպատակն այն է, որ փորձագետներն իրենց ոլորտներին առնչվող հարցերում՝ իրենց իմացությամբ և գիտելիքներով օժանդակեն, որպեսզի լուծումները տրվեն բարձր մասնագիտական մակարդակով։ Ինչո՞ւ ենք համաձայնել զբաղվել այս գործով։ Տեսեք, այսօր 100 հազար բժշկագիտական հրատարակություն կա, և այդ ամենը արվել է կամավոր հիմունքներով։ Երբ հոդված ես ներկայացնում, դրա վրա շատ ժամանակ ես ծախսում, այն կարդում է 4 կամ 5 հոգի, սակայն գիտնականի մտահոգությունը դա չէ։ Գիտնականի համար կարևոր է, որ իր մասնագիտացումը պահպանվի բարձր մակարդակի վրա, և երկրորդ՝ որ գիտությունը կարողանա առաջ գնալ ստույգ գիտական տվյալների վրա, ոչ թե լինի կեղծ կամ սխալ գիտություն։
Ու երբ ասում ենք՝ գործի քննություն, դա գիտության ամենակարևոր հանգամանքներից մեկն է։ Եթե դա չլինի, շահագրգիռ կողմերը կարող են իրենց հարցերի պատասխանները փորձել ինտերնետից գտնել, որտեղ կարող են ոչ ճիշտ տվյալներ լինել։
– Այսինքն, Դուք այս ամենին նախևառաջ վերաբերվում եք՝ որպես գիտական աշխատանք։
– Ես կասեի՝ գիտական արժևորման աշխատանք։ Իմ անձնական կեցվածքը տարիներ ի վեր եղել է այն, որ ամեն մի գիտական աշխատանք բերի նաև գործնականացման։ Գործնականացումը գիտության կարևոր երեսն է։ Այսինքն՝ կարևոր է ոչ միայն տվյալների գիտական արժևորումը, այլ նաև գործնականացումն այն տվյալների, որոնք հիմք ունեն։
– Անկախ դիտորդական խումբ ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է հենց «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ Սա արդյոք Ձեզ և խմբի մյուս անդամներին չի՞ կաշկանդելու։ Ազա՞տ եք լինելու Ձեր տեսակետն արտահայտելու հարցում, եթե անգամ այն ընկերության շահերից չի բխում։
– Այս խմբին միանալու որոշում կայացնելու պահից ի վեր ինձ համար հստակ է՝ որևէ մեկ վայրկյան եթե տեսնեմ, որ որևէ ճնշման տակ եմ կամ, իմ կարծիքով, արդար ուղղությամբ չենք գնում, ազատ հնարավորություն ունեմ ետ քաշվելու` խմբից դուրս գալու։
– Իսկ որոշում ընդունելուց առաջ ի՞նչն եք հաշվի առել։
– Շատ բան։ Այդ մասին շատ բան չեմ ուզում ասել. Նաև անձնական մոտեցումների, անձնական փիլիսոփայության հարց է։ Հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվության հարց է։ Սակայն ասեմ, որ թե՛ ես, թե՛ խմբի անդամներից շատերը միանալուց առաջ շաբաթներով մտածել ենք՝ որն է ճիշտը՝ հեռո՞ւ մնալ, թե՞ մասնակցել։
– Այսինքն՝ հեշտ որոշում չի եղել։
– Անշուշտ, հեշտ որոշում չի եղել։ Երբ գիտես, որ որոշ համբավ ունես, ժողովրդի կողմից հարգանք ես վայելում, գործընկերներիդ մոտ հեղինակություն ունես, կոնկրետ իմ պարագայում՝ չէի ուզի այս տարիքում այդ ամենը խնդրո առարկա դարձնել։
Հ.Գ. Ավելացնենք, որ Անկախ դիտորդական խումբը լիազորված է անաչառ գնահատել Ամուլսարի ծրագրի սոցիալական, բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող ազդեցությունները և դրանց կառավարման ուղղությամբ «Լիդիանի» նախաձեռնություններն ու ծրագրերը, հանգամանորեն ուսումնասիրել և խորհրդատվություն տրամադրել ընկերությանը շահագրգիռ կողմերի ներգրավման վերաբերյալ և իրականացնել միջազգային լավագույն չափանիշերի կիրառման մոնիտորինգ և այդ մասին տեղեկատվություն տրամադրել: Խումբն անմիջականորեն առնչվելու է Ամուլսարի հանքի շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնելու է հրապարակային տարեկան զեկույց իր գործունեության վերաբերյալ: