Վահան Շիրխանյանը զարմացել է
Փորձագիտական հանձնաժողովի անդամներն այցելել են անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանին, հետազոտել նրան, հետազոտել նաև մինչև հիմա գոյություն ունեցող բժշկական փաստաթղթերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը։ Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Վահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։
Հայկ Ալումյանն ասաց, որ Վահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել էր իրենց համար անհասկանալի պատճառներով։ «Դատարանը որոշել էր փորձագետներին առաջադրել այն հարցը, թե արդյոք պարոն Շիրխանյանն ի վիճակի՞ է մասնակցել դատավարություններին, թե՞ ոչ։ Բայց պարոն Շիրխանյանի՝ դատավարությանը մասնակցելու հնարավորության հարց մեր կողմից երբեք չէր բարձրացվել։ Մեր կողմից միշտ բարձրացվել էր այն հարցը, որ պարոն Շիրխանյանը չի կարողանում գալ, հասնել դատարան, ինքը կարող է նստել դատարանում և մասնակցել, բայց փոխարենն ընդամենը մի սայլակ գտնեն ու պարոն Շիրխանյանին բերեն դատարան, դատախազները որոշեցին այս աստիճանի խոշոր նախաձեռնություններով հանդես գալ, դատարանն էլ իրենց միջնորդությունը բավարարեց և նշանակեց փորձաքննություն, որը բացարձակ իմաստազուրկ էր։ Ինչևէ։ Փորձաքննությունը նշանակվել է։
Փորձագիտական հանձնաժողովի անդամներն այցելել են պարոն Շիրխանյանին, հետազոտել նրան, հետազոտել են նաև նրա՝ մինչև հիմա գոյություն ունեցող բժշկական փաստաթղթերը, և երկու շաբաթ առաջ պարոն Շիրխանյանին նաև տեղափոխել էին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ ապարատային հետազոտություններ անցկացնելու համար։ Այդ հետազոտություններն անցկացվել են, մնում է, որ հանձնաժողովը հավաքվի իր նիստին, ընդ որում՝ հրավիրելով նաև պարոն Շիրխանյանի փաստաբանին և այդ նիստում, վերլուծելով այդ բոլոր բժշկական փաստաթղթերն ու տվյաները, գա իր եզրահանգմանը»,- ասաց Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ այս որոշմանը Վահան Շիրխանյանն արձագանքել է զարմանքով. «Ինքն էլ զարմացավ, թե ով էր կասկածի տակ դնում դատավարությանը մասնակցելու իր հնարավորությունը, ինչ իմաստ ուներ այդ հարցը պարզել բժշկական հանձնաժողովի միջոցով, երբ կարելի էր իրեն հարցնել, ինքն էլ կպատասխաներ այդ հարցին, և դա կտևեր մեկ րոպե։ Միգուցե ինչ-որ մարդկանց պետք էր, որ այս դատավարությունը ձգձգվի։ Ես չգիտեմ»։