Ինչպե՞ս ստանալ ծննդյան միանվագ նպաստի դրամագլխի գումարը. պարզաբանում
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ կապված քաղաքացիների մոտ շարունակում են մնալ հարցեր: «Սոցիալական իրավունք» շարքի 3-րդ նյութը հրապարակելուց հետո՝ Dialogue.am-ին դիմած ընթերցողները հետաքրքրվում են հիմնականում ծննդյան նպաստներ ստանալու ընթացակարգի ու երեխայի անվամբ բացված հաշվեհամարին պահվող 500 000 դրամագլխից օգտվելու արտոնությունների մասին:
Ընթերցողներց ստացված որևէ հարց չի անտեսվել, հիմնականում պատասխանները տրվել են կայքի «Facebook»-յան էջի միջոցով, առավել բարդ հարցադրումներն ուղղվել են ոլորտը կարգավորող գերատեսչություն:
Հարգելի ընթերցողներ, հաջորդիվ հարցերին ևս կհետևեն գրավոր պատասխաններ, եթե դիմեք մեզ՝ գրելով մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ Dialogue.am-ի ֆեյսբուքյան էջին:
Հիշեցում.
Կառավարության որոշման համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանված է հետևյալ կարգով.
1-ին երեխայի ծնվելու դեպքում՝ 50.հազար դրամ
2-րդ երեխայի ծնվելու դեպքում՝ 50.հազար դրամ
3-րդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ , (500 հազար դրամ կանխիկ և 500 հազար դրամ անկանխիկ եղանակով)
4-րդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ, (500 հազար դրամ կանխիկ և 500 հազար դրամ անկանխիկ եղանակով)
5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ տրվում է 1 միլիոն 500. հազար դրամ (500 հազար դրամ կանխիկ և 1միլիոն դրամ անկանխիկ եղանակով):
Ուշադրություն. եթե առաջին երեխայից հետո ծնվել է զույգ երեխա կամ միաժամանակ երկուսից ավելի, ապա միանվագ նպաստը ամեն երեխային տրվում է առանձին, ընդ որում յուրաքանչյուրին վճարվում է 3-րդ երեխային հասանելիք դրամագլխի չափով, այսինքն՝ 1միլիոն դրամ:
Այս անգամ մեր ընթերցողների հարցերին պատասխանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը:
Գոհար Ապրեսյան– Տղայիս 1 տարին լրացել է 2016թ. հոկտեմբերի 20-ին, և ես ամսական 25.00 դրամ ստացել եմ ընդամենը 2 ամիս: Որքան հիշում եմ մինչև 300.000 դրամ կարող էինք ստանալ: Այս պահին հնարավորություն ունե՞նք կրկին դիմելու:
Անահիտ Գալստյան- Հայտնում եմ, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում (եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով) երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը վճարվում է սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին մուտքագրելու միջոցով:
Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված է, որ ընտանեկան դրամագլուխը մինչև երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը) 18 տարին լրանալը տնօրինում է երեխայի հետ նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) օրինական ներկայացուցիչը (ծնողը, խնամակալը, որդեգրողը)՝ բացառապես ՀՀ կառավարության սահմանած պայմաններով և կարգով անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով:
ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի թիվ 275-Ն որոշման 2-րդ հավելվածի 4-րդ կետի համաձայն` ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` մասնավորապես` նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը:
Ընդ որում, ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում է մինչև 2016 թվականի դկտեմբերի 31-ը:
Ելնելով վերոգրյալից` ամսական առնվազն 25000 դրամ պարբերական վճարումներ կատարելու ժամկետը ՀՀ կառավարության կողմից սահմանվել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:
Անի Ավետյան – Ամուսնությունս ինչ-ինչ պատճառներով առայժմ չեմ կարող գրանցել, բայց ունեմ երեխայի հայրությունը ճանաչելու մասին փաստաթուղթ , երեխաս գրանցված է ամուսնուս տանը, իսկ ես՝ ոչ : Հարցս հետևյալն է, եթե ես և երեխաս գրանցվենք ուրիշ հասցեում, ապա մեզ նպաստ կհասնի:
Անահիտ Գալստյան– Հարցը հստակ չէ` ի՞նչ նպաստի վերաբերյալ է այն:
Կարինե Մելքոնյան– Ես երեք երեխա ունեմ: Մեծ երեխան 4տարեկան է, միջնեկս՝ 2, իսկ փոքրս աղջիկս 8 ամսեկան է: Այս պահին իմ երկու բալիկները հաճախում են նախադպրոցական հաստատություն (Ամենագետներ նախակրթական): Ամսեկան վարձը մի երեխայի համար կազմում է 35 հազար դրամ, երկուսի հաճախելու դեպքում կազմում է 63.000 դրամ: Արդյոք հնարավորություն ունեմ փոքրիկ բալիկիս հաշվահամրին եղած 500 հազարր դրամը ստանալ մյուս երեխաներիս նախադպրոցական վարձը վճարելու համար: Խնդրում եմ ասել ում պետք է դիմեմ և ինչ փաստաթղթեր ներկայացնեմ:
Անահիտ Գալստյան- Հայտնում եմ, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում (եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով) երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը վճարվում է սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին մուտքագրելու միջոցով:
Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված է, որ ընտանեկան դրամագլուխը մինչև երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը) 18 տարին լրանալը տնօրինում է երեխայի հետ նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) օրինական ներկայացուցիչը (ծնողը, խնամակալը, որդեգրողը)՝ բացառապես ՀՀ կառավարության սահմանած պայմաններով և կարգով անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով:
ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 3-ի թիվ 275-Ն որոշման 2-րդ հավելվածի 4-րդ կետի համաձայն` ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից՝ մասնավորապես` հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ օրինական ներկայացուցչի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար:
Ելնելով ասվածից` եթե նշած նախակրթական հաստատությունը ընդգրկված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ցանկում, ապա Դուք կարող եք դիմել ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկ` ընտանեկան դրամագլխից ուսման վարձ վճարելու հարցով:
Լիլիթ Մինասյան- Մայրության նպաստը (մինչև երեխայի 2 տարին լրանալը ,18000 դրամ) կարող եմ առցանց դիմել և ստանալ իմ հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
Անահիտ Գալստյան- Հայտնում եմ, որ համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի` խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է դիմումը, ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` ծնողի ընտրությամբ անկանխիկ կամ կանխիկ եղանակով:
Տեղեկացնեմ նաև, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1566-Ն որոշման` անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին կարող է ներկայացնել ինչպես նպաստի իրավունք ունեցող ծնողը, այնպես էլ այլ անձ այսուհետ` դիմող: Այս դեպքում սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոն անհրաժեշտ է ներկայացնել նաև դիմողի անձը հաստատող փաստաթուղթը: Ընդ որում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել ցանկացած տարածքային կենտրոն:
Վարդան Հակոբյան– Ո՞ր դեպքում իրավունք ունեմ ստանալ երեխայի անվամբ բացված հաշվեհամարին պահվող 500 000 դրամագլուխը
Անահիտ Գալստյան- Հայտնում եմ, որ ընտանեկան դրամագլուխը մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով կարող է տնօրինվել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես հետևյալ դեպքերում.
1. ՀՀ բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է (բացառությամբ խնամակալի)
2. հաշվետիրոջ, նրա ծնողի կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի` Կառավարության 1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար
3. հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի համար Կառավարության 1691-Ն որոշման 5 հավելվածում (եթե ընտանիքի անդամը կամ ծնողը սոցիալական փաթեթի շահառու է՝ ապա N 4 հավելվածում) նախատեսված պայմաններին բավարարող, սոցիալական փաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար սահմանված (եթե ընտանիքի անդամը կամ ծնողը սոցիալական փաթեթի շահառու է՝ սոցիալական փաթեթի շահառուի համար սահմանված) առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթ (եթե ընտանիքի անդամը կամ ծնողը սոցիալական փաթեթի շահառու է՝ առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթ) ձեռք բերելու համար՝ առավելագույնը ապահովագրավճարի 50 տոկոսի չափով, բայց մեկ անձի համար տարեկան ոչ ավելի, քան 72000 դրամ
4. հաշվետիրոջ ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում էԿառավարության 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ.
5.Կառավարության 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է` բացառությամբ խնամակալի (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):
Ռիպա Սարգսյան- 3-րդ բալիկս ծնվել է 2015թ-ին հունիսին , իսկ 2016-ի հուլսիսց ես ամսական 25.000 դրամը ստացել եմ, բայց մինչև դեկտեմբեր: Այսինքն ընդամենը 6 ամիս և ընդհանուր գումարը կազմել է 150 հազար դրամ: Արդյո՞ք չեմ կարող ստանալ գումարը մյուս՝ մինչև 300 հազար դրամը, թե այդքանով սահմանափակվում է:
Անահիտ Գալստյան– Հարգելի Ռիպա Սարգսյան երեխայի մեկ տարին լրանալու դեպքում ամեն ամիս 25000 -ական դրամ դրամագլխից կանխիկացնելու դրույթը աշխատել է միայն 2016թ. համար, քանի որ այն իրավական ակտում այդ դրույթն ի սկզբանե ունեցել է գործողության ժամկետ (01.01.2016թ. – 31.12.2016թ.):
Ալլա Քալաշյան-Ես աշխատող և միայնակ մայր եմ, երեխաս 5 ամսական է , գտնվում է մայրական խնամքի տակ: Հունվարից պետք է ստանամ խնամքի նպաստ 18.000 դրամ: Խնդրում եմ կասեք, թե դրանից բացի որևէ այլ նպաստ ինձ հասնում է: Նշեմ որ ընտանիքում ապրում ենք 5 հոգով՝ կիսակառույց տանը, եղբայրս էլ ուսանող է:
Անահիտ Գալստյան– Հարգելի Ալլա Քալաշյան այս պահի դրությամբ Դուք կարող եք ստանալ միայն «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ», քանի որ գտվնում եք խնամքի արձակուրդում: Կարող եք դիմել նաև Սոցիալական աջակցության տարածքային կենտրոն՝ ընտանեկան նպաստ ստանալու համար:
Տիգրան Վարդանյան– Խնդրում եմ պատասխանել դրամագլուխը տնօրինելու հետ կապված հարցիս: Ծննդյան նպաստ ստացողների մեծ մասը, ով հույսը դրել է 25.000 դրամի վրա, դժվար թե կարողանա հիփոթեք ձևակերպել, բայց միևնույն ժամանակ այդ մարդիկ ունեն վարկեր, արդյո՞ք հնարավոր չէ դրամագլխից ամսական վճարումներ կատարելով վարկ մարել:
Անահիտ Գալստյան– Հարգելի Տիգրան, այս պահի դրությամբ օրենքը նման արտոնություն չի տալիս, բայց Դուք, որպես ՀՀ քաղաքացի, կարող եք առաջարկություն ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հետևյալ հասցեով.
Պատրաստեց Լաուրա Մամյանը