«ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Բաքվում կառավարող ընտանիքի անձնական քմահաճույքն է»
Մեր զրուցակիցն է Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը
– Պարոն Դվորնիկով, Բաքվի պահանջով Երևանում փակվում է ԵԱՀԿ գրասենյակը, քանի որ այդ կառույցում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Ավելի վաղ՝ 2014 թ.-ին, փակվել էր Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակը՝ Արևմուտքի և Ադրբեջանի միջև ծագած խնդիրների պատճառով՝ կապված այդ երկրում ժողովրդավարական վիճակի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը, ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ։
– Առաջին հերթին՝ դա հարված է հենց ԵԱՀԿ-ի համբավին։ Հայաստանը, ի տարբերություն արևելյան հարևանի, ժողովրդավարական պետություն է, այստեղ հարգում են խոսքի, հանրահավաքների ազատությունը։ Ես չէի բացառի այն վարկածը, որ նման որոշում կայացվել է ոչ առանց Բաքվից կողմից ինչ-որ ուղղակի կամ անուղղակի նյութական պարգևատրման այն անձանց, ովքեր հրահրում են այդ անհեռատես որոշումը։ Մի կողմից՝ Հայաստանին պետք չէ շատ անհանգստանալ այս կապակցությամբ, քանի որ այս երկիրը հազարամյակներով ապրել է առանց ԵԱՀԿ գրասենյակի։ Մյուս կողմից՝ ես վաղուց եմ ասում, որ պետք է ակտիվացնել և վերանայել դիվանագիտական աշխատանքը։ Պետք է գործել ավելի կոշտ, միջազգային գործունեության համար ընտրել նոր և շնորհաշատ կադրեր, և ոչ թե՝ ընդամենը տեղափոխություն կատարել այն դիվանագետներին, որոնք տապալել են իրենց առաքելությունը։
– Որոշ հայ քաղաքագետներ կարծում են, որ նման քայլի Ադրբեջանին կարող էր հրահրել Ռուսաստանը, որն ընդհանրապես դժգոհ է թե՛ Մինսկի խմբի, թե՛ ամբողջ կազմակերպության աշխատանքից, թեև հենց ինքը Մինսկի խմբի անդամ է։ Հնարավո՞ր է սա։
– ԵԱՀԿ-ն այն կազմակերպությունների շարքում չէ, որոնք գրգռվածություն են առաջացնում Ռուսաստանում։ Հակառակը՝ Մինսկի խումբն այսօր միակ հարթակն է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը փոխըմբռնում ունեն։ Եվ ես չեմ կարծում, որ Մոսկվան կարող է ոչնչացնել կապի այդ հնարավորությունը։ Այնպես որ, ես համաձայն չեմ որոշ քաղաքագետների հետ։ Իմ կարծիքով՝ դա Բաքվում կառավարող ընտանիքի անձնական քմահաճույքն է։ Ընդ որում՝ դրա կանացի հատվածի։
– Ադրբեջանը խոչընդոտում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը նաև այն պատճառով, որ չի ցանկանում կատարել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, և այդ հարցում Ռուսաստանը ստվերային կերպով ազդում է Ադրբեջանի վրա։ Ու թեև Ռուսաստանն այդ մասին չի բարձրաձայնում, բայց Սանկտ Պետերբուրգում այդ հարցը բանակցությունների օրակարգից դուրս էր թողնվել։ Ռուսաստանը դե՞մ է այդ մեխանիզմների ներդրմանը։
– Ռուսաստանին ծայրաստիճան ձեռնտու չէ Արցախի և Ադրբեջանի սահմանին իրադրության նոր սրացումն այնպես, ինչպես և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Սակայն անհրաժեշտ է հիշել, որ ռուսական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները գտնվում են ադրբեջանական լոբբիստների խաչաձև հրաձգության տակ։ Բացի դա, միջազգային քաղաքականության մեջ ևս գործում են այն մեխանիզմները, որոնք կան տրամվայում՝ ով ավելի համառ ու անամոթ է, նա էլ նստում է պատուհանի մոտ։ Ով ավելի բարձր ու հետևողականորեն է ձգտում հասնել իր պահանջների կատարմանը, նրան էլ լսում են։
– ԱՄՆ-ը կոչ է արել ԵԱՀԿ ղեկավարությանն ու գլխավոր քարտուղարին՝ նոր ուղիներ գտնել Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում ներկայությունը պահպանելու համար։ Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն։
– Ավելի հավանական է, որ ԵԱՀԿ-ն կակտիվացնի իր աշխատանքը Վրաստանում։ Դա առավել ակնհայտ ելքն է այս իրավիճակում։
– Մայիսի 1-5-ն Ադրբեջանի տարածքում անցկացվեցին ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժություններ։ Հնարավոր համարո՞ւմ եք ադրբեջանական կողմից սադրանքներ շփման գծում։
– Թուրքիայից և Ադրբեջանից կարելի է սպասել ամեն ինչ։ Անգամ՝ առավել անսպասելին։