«Բոլոր ուժային կենտրոններին ձեռք չի տալիս, որ այսօր Թուրքիան Նախիջևանում ունենա ռազմական բազա». Գառնիկ Իսագուլյան

«Պետք է ուշադրություն դարձնենք Ադրբեջանի կողմից փորձագիտական մակարդակով հնչեցվող այն հայտարարություններին, որոնք վերաբերում են Նախիջևանում հնարավոր թուրքական ռազմական բազայի տեղադրմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նա չի կարծում, որ այս հարցը պատահական է արծարծվում. «Մեր փորձագետներից շատերը նշում են, որ դա անհնար է՝ հատկապես հենվելով 1921 թվականի Ղարսի պայմանագրի 4-րդ, 5-րդ կետերի վրա, այնտեղ կա նաև 6-րդը, որն Աջարիային է վերաբերում:

Ես ուղղակի ցանկանում եմ բոլորին հիշեցնել հետևյալը, որ մինչև Ադրբեջանի անկախության ձեռքբերումը, Նախիջանը համարվել է հայկական տարածք: 1921 թվականի Ղարսի պայմանագրի 5-րդ կետը վերաբերում է հենց Նախիջևանին, ընդ որում, շատերն այդ կետը սխալ են մեկնաբանում, բայց այնտեղ շատ հստակ ձևակերպումը կա, որ Նախիջևանն անցնում է Խորհրդային Ադրբեջանի հովանավորության տակ, բայց Հայաստանն այդ տարածքի նկատմամբ սուվերենությունը չի զիջում Ադրբեջանին:

Սա շատ կարևոր հանգամանք է, որ մենք պետք է ի նկատի ունենաք: Օրինակ, 6-րդ կետով Թուրքիան Աջարիայի սուվերենությունը զիջում է Վրաստանին»:

Կարդացեք նաև

Գ. Իսագուլյանի համոզմամբ՝ այս հարցը մենք բավականին լուրջ մակարդակներով պետք է բարձրացնենք. «Չնայած Ադրբեջանը դեռևս փորձագիտական մակարդակով է այդ հարցերն արծարծում, բայց չի նշանակում, որ այս գործընթացների պայմաններում ինքը կարող է այդ երևույթը դարձնել արդեն իրենց մարտավարական խնդիր ու հասնել դրան:

Միևնույն ժամանակ, պետք  հիշել՝ ինչքան էլ ռուս-թուրքական հարաբերությունները ջերմանան ու լավանան, Ռուսաստանը երբեք չի ցանկանա, որ Թուրքիան ուժեղանա Անդրկովկասում կամ Նախիջևանում ունենա իր ռազմական բազան: Դրան դեմ է նաև Արևմուտքը, չեմ կարծում, որ Վաշինգտոնը կուզենա, որ Թուրքիան այդ առումով այդքան ուժեղանա: Ըստ էության, բոլոր ուժային կենտրոններին ձեռք չի տալիս, որ այսօր Թուրքիան Նախիջևանում ունենա ռազմական բազա և կարողանա օգտագործել՝ տարբեր խնդիրներ լուծելու համար: Բայց մենք պետք է ձեռքներս ծալած չնստենք, ու բոլոր գերատեսչություները պետք է այս հարցի հետ կապված բոլոր այդ կենտրոնների հետ աշխատեն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս