Բաժիններ՝

«Տուժող կողմի պահանջն է, որ Վալերի Պերմյակովը պատիժը կրի ՀՀ տարածքում». Երեմ Սարգսյանը՝ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելու մասին

ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայումս քննարկում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։

168.am-ի հետ զրույցում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ տուժող կողմի պահանջն է, որ Վալերի Պերմյակովը պատիժը կրի ՀՀ տարածքում, պատժի կրման ընթացքը գոնե որոշակի առումով պետք է տեսանելի լինի տուժող կողմին։

«Նախկինում բազմիցս անդրադարձել ենք այդ հարցին։ Հասկանալի էր, որ ամեն դեպքում նրան Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու փորձ է արվելու։ Խնդիրը հետևյալն է՝ տուժող կողմը միանշանակ դեմ է նման դիրքորոշմանը։ Ե՛վ տուժողների իրավահաջորդները, և՛ նրանց ներկայացուցիչներս միշտ արտահայտել ենք մեր կարծիքը, որ պահանջն է, որ Պերմյակովը պատիժը կրի Հայաստանի Հանրապետությունում։ Պարզապես այս ամբողջ գործընթացը ցույց տվեց, որ առկա են նաև իրավական խնդիրներ։

Այն պահից սկսած, երբ Պերմյակովը հայտնվել էր ռուսական զորամասում, նրանց իրավազորության ներքո, ըստ էության՝ հայկական կողմը նրա հետ կապված որոշում կայացնելու հարցում դժվարություններ ուներ։ Մենք տեսանք, որ նույնիսկ դատավարությունը ռուսական ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ, և ակնհայտ էր, որ խնդիրը ոչ թե այն էր, որ դատավորը դատավարությունն այնտեղ անցկացրեց՝ ելնելով արդարադատության արդյունավետությունից, այլ առկա էին Պերմյակովին տեղափոխելու խնդիրներ։ Թե ինչ կոնկրետ խնդիրներ էին, կարող ենք ենթադրել։ Ասեմ, որ այս պահին Պերմյակովը հայկական կողմի մոտ չի գտնվում, և ըստ էության, հայկական կողմը նրա հետ կապված որևէ լիազորություն կամ իրավազորություն չունի։

Կարդացեք նաև

Թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմերը դատավճիռ ունեն, որով նրա նկատմամբ ազատազրկում է նշանակված։ Այս պահին չկա միանշանակ լուծումը, թե որտեղ պետք է պատիժ կրի Պերմյակովը։ Դա, ըստ էության, պետք է լուծվի հենց այդ քննարկումների ընթացքում։ Այն ժամանակ քննարկվում էր Պերմյակովին արտահանձնելու հարցը, նա պատիժը կրեր Ռուսաստանում, բայց քանի դեռ նա հայկական կողմի իրավասության ներքո չէ, նույնիսկ չենք կարող խոսել հանձնման մասին։ Ռուսական կողմի համար միակ խոչընդոտը կլինի միայն այն, որ կարող է դրվել Հայաստանի Հանրապետության տարածքից տեղափոխման խնդիրը։ Տեսեք՝ Պերմյակովը հիմա իրենց մոտ է, և, եթե ուզում են Ռուսաստան տեղափոխել, նա պետք է դուրս հանվի Հայաստանի Հանրապետության սահմանից։ Միակ խնդիրը, որ կարող են ունենալ, սա է, այն էլ՝ տեսական խնդիր է։ Այնպես որ՝ կարծում եմ, որ, եթե ռուսական կողմը նման նախաձեռնություն ցուցաբերի, քննարկումներ կլինեն, բայց հայկական կողմը պետք է դեմ արտահայտվի։ Իսկ տուժող կողմը միանշանակ դեմ է, և այս իրավիճակում պատժի կրման ընթացքը գոնե որոշակի առումով պետք է տեսանելի լինի տուժող կողմին»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Հարցին՝ արդյոք Պերմյակովի տեղափոխումը կախվա՞ծ է նաև նրա ցանկությունից, փաստաբանը պատասխանեց, որ, եթե սովորական իրավիճակ լիներ՝ չլիներ ռուսական կողմի դատավճիռը, Պերմյակովը դատապարտված լիներ ազատազրկման ՀՀ դատարանի դատավճռով և գտնվեր ՀՀ որևէ քրեակատարողական հիմնարկում, նա իրավունք կունենար դիմել ՀՀ-ին՝ խնդրելով իրեն արտահանձնել այն պետությանը, որի քաղաքացի է հանդիսանում.

«Նման բազմաթիվ դեպքեր կան՝ անկախ նրանից՝ դա Պերմյակո՞վն է, թե՞ այլ անձ։ Դա միջազգային պրակտիկա է, կան հստակ սահմանված իրավանորմեր։ Դա գործող մեխանիզմ է։ Այլ հարց է, թե ինչ ընթացք կստանար դիմումը, բայց անձն ունի նման իրավունք։ Այս դեպքում նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել Հայաստանի Հանրապետությանը դիմում գրելու ընթացակարգը, որովհետև ինքը ՀՀ-ին գրելու բան դեռևս չունի։ Իհարկե, ամեն դեպքում իրավական առումով նրա ցանկությունը ևս պետք է հաշվի առնվի, բայց կարծում եմ՝ այս դեպքում հարցն այդ տեսանկյունից չի լուծվելու։ Դեռևս դժվարանում եմ ասել, թե ինչ ընթացք կստանա հարցը, բայց ի սկզբանե կանխատեսելի էր, որ ամեն ինչ սրան է գնում։ Իհարկե, տուժողների իրավահաջորդների հետ այս տեսանկյունից նորից քննարկում ունեցել ենք, և նրանց պահանջն է, որ Պերմյակովը պատիժը կրի Հայաստանի Հանրապետությունում»։

Փաստաբանը նշեց, որ այս պահին չկա սահմանված հստակ մեխանիզմ՝ պատժի կրման վայրի հետ կապված։ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջպետական համաձայնագիրը նույնիսկ հստակ չէր սահմանել, թե որ կողմը պետք է վարի քննությունը, երբ հանցագործություններից մեկի քննությունն իրավասու էր կատարել ՀՀ-ն, մյուսինը՝ ՌԴ-ն։ «Չկար միանշանակ լուծում։ Այն պահից սկսած, երբ ծագեց այս խնդիրը, և Պերմյակովը փաստացի ռուսական կողմում էր, ելակետային տվյալներն արդեն տարբերվում էին։ Այս պահին չկա միանշանակ լուծում։ Որոշակի առումով նաև առկա է իրավական բաց, որը պետք է լուծվի»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս