«Պլատոնի» թակարդը. ԵԱՏՄ-ի շնորհիվ հայկական բեռնափոխադրումները կթանկանան
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օրերս ընդունել է ՌԴ-ում «Պլատոն» համակարգը ներդրած կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոն Զամկովին։ Կազմակերպությունը պետք է ուսումնասիրի Հայաստանում համակարգի ներդրման հնարավորությունը, ներկայացնի տնտեսական հիմնավորումները, որից հետո հայկական կողմի հետ կքննարկվեն համագործակցության հնարավոր տարբերակները։
«Պլատոն» համակարգը հնարավորություն է տալիս հետևել 12 տոննա և ավելի բեռի տեղաշարժի ամբողջ ընթացքին, թե որտե՞ղ է գտնվում, քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել, տեղեկություն ստանալ տրանսպորտային միջոցի չափերի, բեռի քաշի մասին, և այլն։ Այդ ամենը կարող է վերահսկել ոչ միայն բեռնափոխադրողը, այլ նաև պատվիրատուն։ Այս ամենը, բնականաբար, կատարվում է որոշակի գումարի դիմաց։
Առաջին հայացքից, կարծես, դրական քայլ է արվում, սակայն նախարարի և ռուսական պատվիրակության հանդիպումը դժվար թե սահմանափակված լինի պաշտոնական հաղորդագրության մեջ ամփոփվածով։ Խնդիրն այն է, որ «Պլատոն» համակարգը պարտադիր է դառնում ԵԱՏՄ անդամների համար, և ուշ թե շուտ հայ բեռնափոխադրող վարորդները ստիված են լինելու վճարել թե՛ Հայաստանում, թե՛ ԵԱՏՄ այլ երկրներում։
Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ նախ՝ մեր երկրում միջազգային նշանակության ճանապարհներն այնքան կարճ են, որ համակարգի ներդրումն արդյունավետ չի լինի։
Համակարգի մաս դառնալու դեպքում, ըստ Մ. Առաքելյանի, հայկական մեքենաները Ռուսաստանում փոխադրումների համար պարտավոր կլինեն վճարել։
«Դա ճանապարհահարկ է՝ 1 կմ-ի հաշվարկով։ Մինչև հիմա հայկական մեքենաները Ռուսաստանում հարկ չէին վճարում։ Եթե մենք ընդունենք այդ համակարգը, ապա նաև հայկական մեքենաները պարտավոր կլինեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում վճարել։ 1 կմ-ի արժեքը 1 ռուբլի 37 կոպեկ էր մինչև մայիս, բայց մայիսից վարձը պետք է թանկանար և դառնար 3 ռուբլի 80 կոպեկ։
Ապրիլին Ռուսաստանում բավականին մեծ բունտեր եղան ռուս վարորդների կողմից, որոնք նաև պնդում էին, որ ռուսական ճանապարհներից օգտվող հայ վարորդներն էլ մասնակցեն այդ ցույցերին։ Իհարկե, հայկական մեքենաների քանակն այդքան շատ չէ, և հայ վարորդներն այդքան ակտիվ չեն եղել։ Ռուսական բեռնատարների տերերը բավականին ընդվզում են թանկացման դեմ, որովհետև նախկին գինն ինչ-որ տեղ ընդունելի է, և այս պահի դրությամբ անցած տարում մոտ 22 մլն ռուբլի է հավաքվել այդ «Պլատոնից»։ Ես կարծում եմ, որ ռուսական կառավարությունը չի հրաժարվի թանկացումից, և բարձր գինը կգործի։ Կարծում եմ ՝ դա մեր դուռն էլ կգա, արդեն պարտավորված կլինենք»։
Մ. Առաքելյանի կարծիքով՝ համակարգի վճարը չնչին գումար է, բայց, բնականաբար, ապրանքների ինքնարժեքի վրա ազդելու է։ Ըստ նրա՝ եթե Հայաստանից մինչև Մոսկվա փոխադրողը 2300-2500 կմ ճանապարհ է անցնում, որը նախկին գնով նվազագույնը 3000 ռուբլով կթանկանա, իսկ նոր գնով, բնականաբար, ավելի շատ՝ առնվազն 9000 ռուբլի։
Անդրադառնալով համակարգի դրական կողմին՝ Մ. Առաքելյանը նշեց, որ Հայաստանի ճանապարհներից ավելի շատ օգտվում են ոչ թե հայկական, այլ դրսի, հատկապես՝ ռուսական, բելառուսական մեքենաները, և սա որոշակի չափով կավելացնի բյուջեի մուտքերը։ Իրանական մեքենաներին, նրա կարծիքով, այս համակարգը, ըստ ամենայնի, չի վերաբերելու։